HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու հիվանդանոցային նոր մասնաշենքը 3 ամիս է չի շահագործվում

Ալավերդիում բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի` սոցներդրումների հիմնադրամի 200 մլն դրամ ներդրումային գումարներով 3 տարի շարունակվող հիմնանորոգումը թեև ավարտվել է այս տարվա հունիս ամսին, սակայն մասնաշենքը արդեն 3 ամիս է` չի շահագործվում ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնին անհրաժեշտ գույք և սարքավորներ չտրամադրելու պատճառով:

Ալավերդու բժշկական կենտրոնի ներկայումս գործող հիվանդանոցային 4 ծանր բաժանմունքներն արդեն 3 տարի է` տեղավորված են քաղաքի Շահումյան թաղամասում գտնվող ծննդատան մասնաշենքի 2-րդ հարկում: Վերջինիս ընդամենը 5 հիվանդասենյակներում տեղավորված են թերապևտիկ, վիրաբուժական, մանկական և վերակենդանացման բաժանմունքները: Այստեղ հիվանդասենյակները գտնվում եմ հակասանիտարական վիճակում, ապահովված չեն տաք և սառը ջրով:  

Ծայրահեղ հակասանիտարական վիճակում է գտնվում 4 բաժանմունքների հիվանդներին ծառայող միակ զուգարանը: Նման պայմաններում բաժանմունքներում բուժումներ են ստանում առողջական ծանր վիճակում հայտնված տարբեր հիվանդներ, ովքեր գորշ հիվանդասենյակներում պառկած ` հիշեցնում են գետնախորշերի բնակիչների:

Շատ հիվանդներ առաջին բժշկական օգնություն ստանալուց հետո արագ հեռանում են հիվանդանոցից` խորշելով այստեղ տիրող սանիտարական վիճակից: Եվ արդեն 3 տարի է` Ալավերդու հիվանդանոցը գործում է նման պայմաններում:

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը ծննդատան մասնաշենքի 2-րդ հարկում տեղավորված 4 բաժանմունքների հիվանդանոցային պայմանների մասին ասաց. «Այնտեղ վիճակը ոչ թե վատ, այլ սարսափելի վատ է»: Նա հոկտեմբերի 17-ին «Հետքի» հետ զրույցում իր որակած «սարսափելի վատ» պայմանների պատճառը բացատրեց բժշկական կենտրոնի հիվանդանոցի հիմնական մասնաշենքի վերջին 3 տարիներին ընթացող վերանորոգմամբ. «2008թ.-ի սեպտեմբերին սկսվել է Ալավերդու բժշկական կենտրոնի ստացիոնար մասի հիմնանորոգումը, որն ավարտվել է 2011թ.-ի հունիս ամսին: Ներկա պահին ստացիոնար մասնաշենքը լիովին հիմնանորոգված է, բայց քանի որ վերանորոգված մասնաշենքի համար չունենք գույք և սարքավորումներ, այն չենք կարողանում շահագործել»,- ասաց տնօրենը:

Ըստ վերջինիս` հիվանդանոցում ներկայումս օգտագործվող սարքավորումները շատ հին` 60-70 տարեկան են. «Հիմա մենք դրանց փորձենք տեղաշարժել` ամբողջությամբ կփլվեն»: Սակայն տնօրենը նաև ասաց, որ մոտավորապես 10-15 օր առաջ ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գործակալության ընդունած որոշմամբ տեղի է ունենալու մրցույթ, որի ավարտից հետո շահած ընկերություններն անմիջապես իրեն կտեղեկացնեն և գույքը կտեղափոխեն Ալավերդու բժշկական կենտրոն. «Գույքը տեղափոխելուց հետո, ինձ թվում է, մեկ շաբաթվա մեջ մենք կարող ենք արդեն լիովին ասել, որ ստացիոնար մասը պատրաստ է, և ստացիոնար մասի մի հատվածը, այսինքն` վիրաբուժական, թերապևտիկ, մանկական և վերակենդանացման բաժանմունքները, կտեղափոխենք հիվանդանոցի վերանորոգված մասնաշենք»,-ասաց տնօրենը:

Այսուհանդերձ, հիվանդանոցային մասնաշենքի առաջիկա շահագործման համար բժշկական կենտրոնի տնօրենը դժվարացավ կոնկրետ ժամկետ ասել. «Գույք և սարքավորում տվողը մենք չենք, մրցույթ հայտարարողը մենք չենք, բնականաբար, ես հստակ ժամանակահատված չեմ կարող ասել»:

Մասնաշենքի 2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգումը ավարտվել է 2 տարի առաջ, սակայն այն չի շահագործվել, քանի որ առաջին հարկի` 2010թ.-ին սկսված վերանորոգման աշխատանքների պատճառով միացված չեն եղել մասնաշենքի ներքին կոմունիկացիաները. «Անհնարին էր առաջին հարկը առանց ավարտելու 2-րդ և 3-րդ հարկերը շահագործել` անկախ անհրաժեշտ գույքից և սարքավորումներից»,- ասաց Ստեփան Մոսինյանը:

Ի ՞նչ վիճակում են հայտնվել 2 տարի առաջ վերանորոգված և չօգտագործված բաժանմունքները: Հարցին` Ստեփան Մոսինյանը պատասխանեց. «Ասեմ, որ այդ աշխատանքները իրականացրած շինարարը պարբերաբար` 2-3 ամիսը մեկ, վերանորոգված բաժանմունքներ այցելում էր իրենց մասնագետների հետ միասին, նայում են, եթե որոշակի թերություններ կան, բնականաբար դա պետք է առաջանար էլ, վերացվում էին»:

Ալավերդիում ներկայումս գործող հիվանդանոցային բաժանմունքների հիվանդների քանակի մասին տնօրենն ասաց. «Ես էլ եմ զարմանում, բայց ներկա պահին վիրաբուժական բաժնում, քանի որ մի քանի ծանր բաժանմունքները միասին են, հազիվ մեկ ազատ մահճակալ ունենանք: Ներկայումս այդ ծանր պայմաններում բուժում են ստանում 32-35 հիվանդներ` ծննդատունը միասին»:

Ստեփան Մոսինյանը դժվարացավ հայտնել բժշկական կենտրոնի վերանորոգված մասնաշենքին անհրաժեշտ գույքի գումարային արժեքը. «Անհրաժեշտ գույքը և սարքավորումները մատակարարելու է ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գործակալության միջոցով»:

Նա նաև հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախատեսված է հիվանդանոցին տրամադրել վիրաբուժական էլեկտրադանակ, վիրաբուժական արտածծիչ, ներարկման ավտոմատ պոմպ, վիրաբուժական գործիքների հավաքածու, ինտենսիվ բուժման պացիենտի մոնիտոր, պացիենտի մոնիտոր` անզգայացման համար, թոքերի օդափոխության սարք, թթվածնի կոնցենտրատոր, ռենտգեն համալիր և այլ սարքավորումներ. «Էս իմ թվարկած սարքավորումներով ամբողջ բաժանմունքը պետք է համալրվի և աշխատի: Բացի այդ, տարբեր ծրագրերով վերջին 4 տարվա մեջ ստացել ենք էլի նոր սարքավորումներ, որոնք ընդհանրապես փաթեթներից չենք էլ հանել, ներկա պահին խիստ անհրաժեշտ չի եղել դրանց օգտագործումը, հներով յոլա ենք գնացել, երբ տեղափոխվենք վերանորոգված մասնաշենք, կսկսենք օգտագործել մեր ունեցած չօգտագործված սարքավորումները»,- ասաց տնօրենը:

Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի առաջնահերթ շահագործման համար կարևորվում է ՀՀ առողջապահության նախարարությունից արդեն 3 ամիս սպասվող, սակայն այդպես էլ չտրամադրվող գույքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter