HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Կեցցե՛ Հանրապետական կուսակցությունը, որ ինձ ազատություն պարգևեց»

Հովիվը դաշտից մի նապաստակ է որսում, բերում տալիս է կնոջը, որպեսզի մորթեն, մսով ճաշ պատրաստեն: Կինն ասում է. «Ա'յ մարդ, ինչո՞վ պատրաստեմ, էլեկտրաէներգիան թանկ ա, ձեռք չի տալիս»: Ամուսինը փորձում է այլընտրանք գտնել` ասելով, թե՝ օջախ արա, փայտ վառիր: Կինը դարձյալ դժգոհում է, թե «անտառներից չեն թողնում ծառ կտրենք, եթե բռնեն, կդատվենք»: «Գազով պատրաստիր»,- պնդում է ամուսինը: Կինը դարձյալ բողոքում է` «բնական գազ չունենք, բալոնով գազն էլ թանկ ա, ձեռք չի տալիս»: Ամուսինը բարկանում է եւ նապաստակին բաց թողնում: Ազատությունը վայելող նապաստակը թռչկոտելով բարձրանում է սարը եւ բղավում. «Կեցցե՛ Հանրապետական կուսակցությունը, որ ինձ ազատություն պարգեւեց»:

Անձրեւ էր: Կապանից ոտքով դեպի Գեղանուշ քայլող Արմենին ճանապարհից վերցրեցինք: Մի քանի րոպե լուռ գնալուց հետո նրան հացրի, թե ինչպե՞ս են ապրում, ի՞նչ կա իրենց գյուղում: «Սպասի ասեմ»,- հարցը լսելուց հետո ասաց գեղանուշցի Արմենը եւ պատմեց այս անեկդոտը, իսկ գյուղի սկզբում ավտոմեքենայից իջնելուց հայացքը գցեց մեր կողմը եւ ասաց. «Հիմա ջոկեցի՞ր, թե ոնց ենք ապրում: Դե, Ձեզ բարի ճանապարհ»:

Ժպտացող կանաչ լճակը


Գեղանուշի ճանապարհի երկու կողմերում ծառեր են, կանաչ, իսկ գյուղի ձախ հատվածում «ժպտում» է թույնով լցված կանաչ լճակը՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի պոչամբարը: Համայնքի տարածքի մեջ է մտնում նաեւ Գոմարան գյուղը, որտեղ հիմնականում փախստականներ են բնակվում: Երկու գյուղերում միասին վերցրած ապրում է 374 մարդ:

Գեղանուշի համայնքապետ Իվան Կոստանդյանն անցյալ տարի Կապանի բժշկական կենտրոնից պահանջել է տեղեկություններ, թե համայնքից քանի հիվանդ է հաշվառված: Պարզվել է, որ 374 բնակչից 144-ը տարբեր հիվանդություններ ունեն՝ արյան ճնշումից մինչեւ քաղցկեղ:  Մեզ հետ զրույցում Ի. Կոստանդյանն ասած, որ միայն իրենց համայնքի տվյալներն ունեն, եթե այլ համայնքներում էլ հիվանդների թիվը պարզ լիներ կկարողանային եզրակացություն անել, թե ինչու են իրենց գյուղում հիվանդները շատ:

Գյուղացիները հիվանդությունների աճը կապում են պոչամբարի հետ, սակայն համայնքապետը ապացույց չունի եւ չի կարողանում այդ կապը պնդել:

«Եթե բապահպանները տալիս են թույլտվություն, եթե առողջապահության նախարարությունն ասում է, որ ոչ մի վնաս չկա, տարբեր կազմակերպություններ տալիս են, որ պոչամբարը ոչ մի վնաս չի տալիս, ստորագրում ու պեչատում են, դրանից հետո ինչո՞վ կարող եք ապացուցել, որ վնաս է: Չեմ ասում, որ պոչամբարը առողջությանը օգուտ է, բայց չեմ էլ կարող ասել, որ վնաս է, եթե առողջապահության նախարարն ասում է, որ վնաս չի»,-նշում է Իվան Կոստանդյանը:

Համայնքապետնի խոսքերով, մի քանի անգամ գյուղում հավաքվել լսումներ են անցկացրել, բնակչությունը պոչամբարի վերաբերյալ արտահայտել է իր դժգոհությունը, սակայն արդյունք չկա: «Եթե ոչ մի արդյունք չես ստանում, պարզապես գալու ես խոսես, խոսես, խոսես ու վերջում նստես կոտրած տաշտակի առաջ, արդեն հոգնում ես խոսելուց: Եթե երեք անգամ ժողովրդին հավաքում ես լսումների ու էլի նույն բանն են ասում, արդեն ժողովրդի մեջ հավատը կորում է: Մեր գյուղից տասնը քանի հոգի մարդ է աշխատում կոմբինատում, որ իրենց ընտանիքը, երեխաներին պահեն: Կոմբինատի փոխարեն թող այլ արտադրամաս լիներ, կգնային այնտեղ կաշխատեին»,-ասում է համայնքապետը:

Իվան Կոստանդյանը տեղեկացրեց, որ տարիներ առաջ գյուղի հողերից 21 հա սերվիտուտի պայմանագրով 99 տարի ժամկետով տրամադրվել է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ին, որի դիմաց համայնքային բյուջե է մուտք արվում 3 մլն դրամ: Այդ հողից 4.6 հա-ը պոչամբարի տակ է արդեն, իսկ մնացած մասը պաշտպանիչ հատվածն է զբաղեցնում: «Եթե որոշողը ես լինեի, ընդհանրապես չէի համաձայնվի»,-ասում է համայնքապետը:

Փոքր Գեղանուշի մեծ խնդիրները

Արթուր Կոստանդյանը մշակույթի տան պատշգամբում նարդի էր խաղում ընկերոջ հետ: Ասում է՝ պարապ են, անելիք չունեն: «Դուրս ենք գալիս, նարդի ենք խաղում ու գնում տուն: Հողն էլ եկամուտ չի բերում, որ հող մշակենք: Պոմիդորը դառնում ա 30-40 դրամ, մեր մոտ նոր կարմրում ա, մենակ մի լոբի ա, էլի:  Էս տարի էլ  ցուրտը ծառերը տարել ա՝ հոն, թութ, սալոր, ընկույզ, ոչ մի բան չկա»,- ասում է Արթուր Կոստանդյանը եւ շրխկացնում նարդու քարը:

Գեղանուշում առավոտը շատ հանգիստ էր, աղմուկ չկար, չէին լսվում երեխաների ձայներ, փողոցներում էլ հազվադեպ էին մարդիկ երեւում:

Գյուղացիները հիմնականում զբաղված են անասնապահությամբ, քանի որ սեփականաշնորհված հողամասերում հացահատիկ կամ այլ մշակաբույսեր ցանելու փոխարեն խոտ են աճեցնում: Համայնքապետ Կոստանդյանը, ցույց տալով համայնքապետարանի դիմաց կայանած գյուղի միակ տրակտորը, պատմում է, որ այն 1970 թվականի արտադրության է: Բազմիցս փորձել են «շունչ» տալ տրակտորին, սակայն չի ստացվել: Տրակտորն անսարք է, եւ մարդիկ մնացել են առանց վարուցանքի: Գյուղացիները մշակում են միայն տնամերձ հողամասերը. գոնե այնտեղ կարողանում են բահով փորել:

Թեեւ գյուղը հայտնի է ավելի շատ անասնապահությամբ, սակայն այստեղ էլ արտադրանքի իրացման խնդիր կա: Գյուղացիները չեն կարողանում վաճառել կաթն ու պանիրը: Ով հնարավորություն ունի, տանում Կապանում վաճառում է, իսկ մյուսները սպասում են, որ մի օր կաթի մթերման ավտոմեքենան իրենց գյուղ էլ կգա ու իրենցից կաթ կգնի:

Գեղանուշում սպասում են ոչ միայն կաթի ավտոմեքենային, այլեւ կապույտ վառելիքին: Գյուղը գազիֆիկացված չէ, իսկ համայնքի բյուջեով հնարավոր չէ դա իրականացնել:

Գյուղի բյուջեն ընդամենը 9 մլն 60 հազար դրամ է, որից 3.5 մլն-ը դոտացիան է, իսկ 220 հազար դրամը գոյանում է հողի հարկից, 250 հազարը՝ հողի վարձավճարներից, 98 հազար դրամն էլ՝ գույքահարկից: Մնացածը գոյանում է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի վճարած 3 մլն դրամից եւ բջջային օպերատորների տեղադրած ալեհավաքների վճարներից:

Իվան Կոստանդյանը նշեց, որ Գեղանուշում առաջնայինը խմելու ջրի հարցն է, հետո` գազն ու ճանապարհները: Մարդիկ խմում են հենց ակունքներից հոսող ջուրը, որը ոչ ֆիլտրացվում է, ոչ էլ` քլորացվում: Նույն ջուրն օգտագործում են եւ՛ ոռոգման եւ՛ խմելու համար: Համայնքապետը ջրի որակից չի դժգոհում, թեեւ եղանակով պայմանավորված` երբեմն ջրի գույնը փոխվում է:


«Ինձ համար ավելի լավ է անձրեւաջուրը, քան քլորաջուրը: Արդեն 80 տարի է` այդ ջուրն ենք խմում, ի՞նչ է եղել: Մեր միակ խնդիրը ներքին ցանցի խողովակաշարերի վերանորոգումն է»,-ասում է համայնքապետը: Բնական է, որ 9 մլն դրամ բյուջեով հնարավոր չէ լուրջ ներդրումներ իրականացնել եւ միակ հույսը պետական աջակցությունն է:

Բյուջեով հազիվ կարողացել են 12 աթոռ համայնքապետարանի, 13-ը՝ մշակույթի տան համար գնել: «Կենցաղի տան» համար էլ են աթոռներ գնել՝ 180 հատ: Համայնքապետը հիշեց նաեւ, որ Ամանորին 105 տոպրակ է բաժանվում ընտանիքներին, որի պարունակությունն արժե 2000 դրամ:

Գյուղի դպրոցում սովորում է 41 աշակերտ: Ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից վճարվել է բոլոր աշակերտների գրքերի գումարը: Ըստ Իվան Կոստանդյանի՝ կան երեխաներ, որոնք Կապանի դպրոցներ են հաճախում, այդ քայլով փորձում են շահագրգռել, որ ծնողները երեխաներին պահեն գյուղում:

«Հիմա որ ասեմ, էլի կասեք ձեր առողջության հաշվին եք անում: Կոմբինատը բանավոր պայմանավորվածություն ունի համայնքի հետ եւ արդեն 3 տարի է` տարեկան 10 մլն դրամի բարեգործություն է անում: Գյուղի դպրոցում զինանոց է կառուցվել, բեմ, բակում նստարաններ են տեղադրվել, գյուղամիջում խաղահրապարակ է կառուցվել: Անցյալ տարի մշակույթի շենքի տանիքն է փոխվել, որի սենյակներից մեկը զբաղեցնում է համայնքապետարանը: Այս տարի էլ նախատեսված է, որ շենքը կապիտալ վերանորոգեն»,-ավելացրեց համայնքապետը:

Օրն արդեն ճաշ էր դարձել, Գեղանուշում աշխուժություն էր նկատվում: Համայնքապետն ասաց, որ գյուղում մարդ է մահացել, մարդիկ շտապում են հոգեհացի:

Մեկնաբանություններ (5)

kh
nenc chi vor es koxm em es karavarutyan@ kam pochambarnerin, bayc ete etqan@ asum eq mnacacn el aseq, ba vonc mardik apren, ete es pochambar@ chliner es gyuxi byujen 30% qich kliner, aysinqn en atorner@ vor arel en, chein arni......voch mi ban chi linum gyuxum ???hima sax hayastann a tenc,et dundiin a mardkanc achq@ kere xosum en, de urishnerin el aseq, ba xi cheq asum?
Գրետա Գաբրիելյան
Անուն ազգանունս լրիվ եմ գրում, որովհետև վստահ եմ ասածիս: Հարգելի Կ.Հ., ասում են բոլորի մասին , ոչ միայն Դանդիի: Երբ հանքը վերջանա, իսկ դա լինելու է, կունենաք հավետ ձեզ հետ մի հսկայական պոչամբար, Քանդված- ավիրված բացհաքի տարածքներ, որ ոչ մի բանի համար չեք կարող օգտագործել, պոչամբարից սփռվող թույներ, թունավորված հող ու ջուր և... 13 աթոռ, որ այդքան բարձր եք գնահատում: Իսկ հեռատես մարդը դա այսօր պետք է տեսնի ու մի այլ բան առաջարկի, որ իր սեփական տնտեսությունը զարգացնի և ոչ թե հանքատիրոջ բիզնեսի վրա աշխատի: Հողն էլ է Ձերը բնությունն էլ, հատուկ ոչինչ չի արվում, որ մնաք հանքի հույսին ու աղոթեք հանքատիրոջ համար...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կապանում գործող «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարը զբաղեցնում է 30 հա տարածք ու գտնվում է Կապան քաղաքի անմիջական հարևանությամբ: Գեղանուշի պոչամբարը կառուցված է Գեղանուշ գետի հենքի վրա.գետի հունը փոխեցին: 2009 թ.-ին,սրա հետևանքով, գետը վարարեց ու բետոնե պատը փլվեց: Սրանից վնասված մի շարք հարակից տուն-շենք-շինությունների տերերը 10 մլն. դրամ վնասի փոխհատուցման պահանջով դիմեցին դատարան: 5/հինգ ՏԱՐԻ տևած պայքարի արդյունքում ջրի երես դուրս եկան այլ փաստեր: Խնդրին վերջնական լուծում տալու համար գործին խառնվեց ՀՀ Փորձաքննությունների Ազգային Բյուրո ՊՈԱԿ-ը: Ըստ վերջինիս մասնագիտական եզրակացության՝ Գեղանուշի պոչամբարը ՍԽԱԼ է կառուցված (փորձագետ՝ Զ. Խլղաթյան): «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ կողմից իրականացված «Գեղանուշի» պոչամբարի շինարարությունը կատարվել է նախագծային փաստաթղթերին ու առաջադրանքներին ոչ համապատասխան:........................................ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ հարցը հետևյալն է. Ո՞Վ,ե՞րբ և ՈՒ՞Մ փողերով պիտի մաքրվի/վերականգնվի «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերությանը պատկանող (ու սխա՛լ կառուցված) Գեղանուշի պոչամբարը և մնացած թափոնները,երբ հանքը 8-10 տարի հետո փակվի՝ պաշարները վերջանալու կապակցությամբ: Ուստի՝ ՀՀ կառավարությունը ՀԻՄԱ (նաև) «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ-ի հետ պայմանագիր պիտ՛ի կնքի՝ հանքը փակվելուց հետո պոչամբարը/թափոնները մաքրելու/վերականգնելու պարտադրանքով և/կամ սրա համար գարձի ՀԱՏՈՒԿ ու իրատեսական հարկ:
Khoren Harutyunyan
Նախ և առաջ կուզեի տեղեկացնել, որ բաց հանք չի, այլ փակ, հետո, եթե բոլորին եք ասում, ուրեմն սկսեք խնդրեմ ամենազդեցիկներից, բնությունը ու մարդկանց թունավորելու առումով ամենազդեցիկներից․․․ Ես աղոտք եմ անում միայն իմ ընտանիքի, իմ հայրենի հողի և հայ կոչված ազգի այն փոքրաթիվ մարդկանց համար, որոնք մնացել են սեփական հողում և ձգտում են պայքարել իրենց սեփական հայրենի հողի ազատության, թե թուրք-թաթարներից, թե ռսից, թե արևմուտքից և թե սեփական ու ամենավտանգավոր սեփական տականքից․․․․ սակայն ես ձեզ կցանկանայի տեղակացնեկ, որ դուք ունեք թույր կարծիք այս բոլոր հարցերի վերաբերյալ․․․ Եթե այսքանը գրել եք, խնդրում ե գրեք որտեղ եք ապրում՞, ՀՀ-ում՞,եթե այո ապա ինչ միջոցներով եթե ոչ միակ ՕՀ արտահանման, կա էլ դրանից բխող այլ ենթակառույցներից․ Կարդացողների 90 տոկոսը չի տեսել իսկական բնությունը, վայրի բնությունը, ես տեսել եմ ու բազմիցս ապսոզել եմ, որ վիճակն ավելի է վատանում, սակայն վերցնել ու փակել այն ինչ ներկա դրությունում ժողովրդին թեկուզ քիչ, բայց փողով ապահովող միակ միջոցն է՞՞՞ Օր օրի ավելի ու ավելի են նոսրանում երիտասարդները, արտասահման են մեկնում, ինչ նրանք են հայրենասեր իսկ մենք ոչ՞, նրանք այլընտրանք չեն գտնում ապրելու գնում են կամ հալածվու են․․․․ իսկ մենկ փորձում ենք պայքարել, ուղակի ես ու իմ նամներու բաց աչքերով ենք նայում այս դճբախտ իրականությանը, պայքարենք, բայց ոչ այն կետից, որը միայն ամբողջ հետևանքից, այլ հետւանքն առաջնացնող կետից․․․․․ Հեռատեսներն են պահել մեր երկիրը ու այս տարիներ ընթացքում ունենք այս, ուղակի մի քիչ ռեալիստ եղեք, իսկ հեռատեսությունը կարծես ամեն հայի ամենաուժեղ կողմը լինի։Ճ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կապանում գործող «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարը զբաղեցնում է 30 հա տարածք ու գտնվում է Կապան քաղաքի անմիջական հարևանությամբ: Գեղանուշի պոչամբարը կառուցված է Գեղանուշ գետի հենքի վրա.գետի հունը փոխեցին: 2009 թ.-ին,սրա հետևանքով, գետը վարարեց ու բետոնե պատը փլվեց: Սրանից վնասված մի շարք հարակից տուն-շենք-շինությունների տերերը 10 մլն. դրամ վնասի փոխհատուցման պահանջով դիմեցին դատարան: 5/հինգ ՏԱՐԻ տևած պայքարի արդյունքում ջրի երես դուրս եկան այլ փաստեր: Խնդրին վերջնական լուծում տալու համար գործին խառնվեց ՀՀ Փորձաքննությունների Ազգային Բյուրո ՊՈԱԿ-ը: Ըստ վերջինիս մասնագիտական եզրակացության՝ Գեղանուշի պոչամբարը ՍԽԱԼ է կառուցված (փորձագետ՝ Զ. Խլղաթյան): «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ կողմից իրականացված «Գեղանուշի» պոչամբարի շինարարությունը կատարվել է նախագծային փաստաթղթերին ու առաջադրանքներին ոչ համապատասխան:........................................ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ հարցը հետևյալն է. Ո՞Վ,ե՞րբ և ՈՒ՞Մ փողերով պիտի մաքրվի/վերականգնվի «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերությանը պատկանող (ու սխա՛լ կառուցված) Գեղանուշի պոչամբարը և մնացած թափոնները,երբ հանքը 8-10 տարի հետո փակվի՝ պաշարները վերջանալու կապակցությամբ: Ուստի՝ ՀՀ կառավարությունը ՀԻՄԱ (նաև) «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ-ի հետ պայմանագիր պիտ՛ի կնքի՝ հանքը փակվելուց հետո պոչամբարը/թափոնները մաքրելու/վերականգնելու պարտադրանքով և/կամ սրա համար գարձի ՀԱՏՈՒԿ ու իրատեսական հարկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter