HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայկական անդաստիարակության դրական կողմերը

Երևան-Մոսկվա թռիչքն է, մոտ 300 ուղևորներից 6о-7o-ը ռուսներ են, մնացածը՝ հայեր: Հայերն անմիջապես աչքի են ընկնում անհամբերությամբ ու ինչ-որ տարօինակ շտապողականությամբ: Թե ինքնաթիռ նստելիս, թե իջնելիս: Ինքնաթիռը ժամանելուց հետո դեռ կանգ չի առել, իսկ հայերի մեծամասնությունն արդեն խմբված է միջանցքում: Լցվել են իրար վրա, ու հընթացս քննարկում են, թե Իրկուտսկում են լավ գործերը, թե Յակուտիայում:

Այս ամենից ուղղակի անդաստիարակության հոտ է գալիս, որովհետև 3 ժամյա թռիչքից հետո 1օ-15 րոպե ուշ դուրս գալը ոչինչ չի փոխում: Ռուսներն ու հայերի փոքր մասը զարմացած սպասում են, թե երբ է այս խառնաշփոթը վերջանալու, որ հետո հանգիստ դուրս գան ինքնաթիռից:

Բայց Մոսկվայի առողջապահական համակարգին ծանոթանալուց հետո հասկանում եմ, որ այս անդաստիարկությունը երբեմն լավ հետևանքներ է թողնում: Մոսկվան առողջապահական կենտրոն է, ու այստեղ ժամանում են բազմաթիվ երկրերից, ցանկացած հիվանդանոցում կարող եք հայերեն խոսակցություն լսել: Բոլոր խոշոր հիվանդանոցները մնում են պետական ու պետպատվերով են աշխատում: Արտասահմանյան քաղաքացիների համար ամեն ինչ փողով է, ու բավական թանկ: Սակայն խնդիրը դրանում չէ, այլ այն ահավոր բյուրոկրատիայում, որ ձևավորվել է այդ առողջապահական հիմնարկներում: Մարդկանց հոսքը արտասահմանցիների ու այլ տարածաշրջաններից ժամանածների հաշվին չափազանց մեծ է, ու ֆինանսական հոսքերը վերահսկելու խնդիր կա: Բժշկի կոնսուլտացիայի համար վճարում ես մոտ 1oo դոլար, ու այդ վճարումը կատարելու համար ձեզանից կպահանջվի առնվազն 1 ժամ: Հետո, եթե բախտներդ բերի, 3 ժամից կընկնեք բժիշկի մոտ, ու նա առավելագույնս քիչ ժամանակ ունի, քանի որ գիտի՝ այլ հիվանդներ ևս կան, որ ժամերով սպասում են: Արյան անալիզ հանձնելը ևս թանկ հաճույք է, բայց ձեզանից կարող է խլել 4-5 ժամ, այդ ընթացքում ստիպված եք անհերթ թողնել հիվանդանոցի աշխատակիցներին, նրանց ծանոթներին, «օրգանների» ներկայացուցիչներին: Ռուսներն իրոք համբերատար սպասում են, ու այստեղ հիշում եմ հայկական անհամբերության ու անդաստիարակության մասին:

Մեր հիվանդանոցներում ևս հերթեր են գոյանում, բայց երբ մարդիկ վճարում են, գոնե հետևում են, որ այդ հերթը պաշտպանվի, ու երբեմն դա շատ կոպիտ ու գռեհիկ է ստացվում, բայց այդպես ավելի լավ է, քան այս դաստիարակված ու քաղաքակիրթ համբերությունը: Ի դեպ՝ ռուսները վաղուց դժգոհ են իրենց պետպատվերից, քանի որ ի հայտ են եկել բազմաթիվ հարակից ծառայություններ, որոնց համար պետք է վճարել, ու ոչ քիչ: Հերթերում կարելի է մշտապես լսել այսպիսի մեկնաբանություններ. «Ես 4o տարվա գիտաշխատող եմ, ամսական 12 հազ. ռուբլի եմ ստանում (մեր փողով՝ մոտ 140 հազ. դրամ,-Ս.Ա.), բայց 2 հազ. ռուբլի պետք է տամ անալիզներիս համար» և այլն: Բայց այս ամեն ինչն ասվում է իրավիճակին հարմարվելու պատրաստակամությամբ: Այս տարօրինակ հերթերում արդեն գրանցվել է մահացության, ուշագնացության դեպքեր:

Ի դեպ՝ ոչ բոլոր բուժաշխատողներն են գոհ այս վիճակից: Հայտնի օնկոլոգ Վադիմ Գուտնիկը մամուլով քննադատեց հերթերի կարգավորման համակարգը, ասելով, որ հիվանդը բժիշկին ընտրելու իրավունք պետք է ունենա: Մի որոշ ժամանակ անց նրան հեռացրին աշխատանքից, ու որևէ մեկը ծպտուն չհանեց: Պատկերացնում եմ՝ ինչ կլիներ, եթե նման բան տեղի ունենար Հայաստանում: Մամուլն անպայման աղմուկ կբարձրացներ,հիվանդանոցի ղեկավարությանը կմեղադրեր բյուրոկրատիայի ու ազատ խոսքը չհարգելու մեջ, հարցը կհասներ նախարարին, ու ամենայն հավանականությամբ՝ մարդուն կվերականգնեին աշխատանքի, առավել ևս՝ որ իրոք հայտնի մասնագետներից մեկն է:

Այս հարցի լուծումը Մոսկվայում հետևյալ կերպ են լուծում: Կազմավորվում են մասնավոր կլինիկաներ հենց խոշոր հիվանդանոցներում, որոնք համարյա եվրոպական գներով ապահովում են կոմֆորտ սպասարկում: Այսինքն՝ օգտվում ես նույն լաբորատորիայից, նույն որակյալ բժիշկներից, բայց քաղաքակիրթ սպասարկմամբ ու վճարում ես մի քանի անգամ ավելի: Իրավիճակն այնպես է, որ մրցակցություն մասնավոր կլինիկաների մեջ համարյա չկա:

Հանուն արդարության՝ Մոսկվայում հավաքվել է որակյալ բուժանձնակազմ, ու դա ստիպում է հիվանդներին՝ մի կերպ համակերպվել այդ բյուրոկրատական քաշքշուկներին: Մոսկովյան բուժանձնակազմի որակն ու հայաստանյան բուժանձնակազմի որակը համեմատելի չեն, թեև մեր կլինիկաներից շատերում սպասարկումն ավելի լավն է: Բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ պետպատվերի համակարգը Մոսկվայում սպառել է իրեն: Մեր պոռթկուն կառավարությունը հավանաբար վաղուց քանդած ու ոչնչացրած կլիներ այդ համակարգը, ու միջազգային կառույցներից էլ ահագին պարգևատրում կստանար դրա համար: Այլ բան է, թե արդյունքում ինչ կստանայինք, բայց ռուսական կառավարությունը սկզբունքորեն արմատական լուծումների հետևից չի վազում: Բայց սա արդեն դաստիարակության հարց չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter