HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Վրացական դեմարշի հայկական գինը... ռուսական կուրսով

Ապրիլի 19-ին Վրաստանի խորհրդարանը, ընդառաջելով նախագահ Սահակաշվիլիի նախաձեռնությանը, միաձայն որոշում ընդունեց չեղյալ հայտարարել ռուսաստանյան ռազմակայանների անձնակազմի եւ ռազմական բեռների` Վրաստանի տարածքով փոխադրման մասին 2006 թ. կնքված համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը կնքվել էր 5 տարի ժամկետով, որը լրանում էր այս տարվա նոյեմբերին, թեեւ 2008 թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո այն իրականում չի գործել: 2008-ին Մոսկվան մեկ անգամ համաձայնագրի ժամկետները երկարաձգելու համար դիմել էր Թբիլիսիին, սակայն մերժում էր ստացել: Ըստ այդ փաստաթղթի` եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չի հայտարարում դրանից դուրս գալու մասին, համաձայնագիրը մեխանիկորեն համարվում է երկարաձգված: Կայացված որոշումն, իհարկե, տեղավորվում է այդ ժամկետներում, սակայն հարկ է նկատել, որ վեցամսյա ռեժիմի սկսվելուն դեռ մոտ մեկ ամիս կար, եւ հարց է առաջանում` ինչու՞ Սահակաշվիլին հենց այս օրերին նախաձեռնեց այդ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու գործընթացը: 

2006 թ. ռուսաստանյան ռազմակայանների անձնակազմի եւ ռազմական բեռների` Վրաստանի տարածքով փոխադրման մասին համաձայնագիրը կնքվել էր իբրեւ  Ախալքալաքում տեղակայված ռուսական ռազմական բազան տարհանելու փոխհատուցում` հիմնականում Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի հետ կապի եւ դրա կենսագործունեության  համար անհրաժեշտ մատակարարումներն ապահովելու նպատակով: Այսինքն` չեղյալ հայտարարելով այդ համաձայնագիրը` Վրաստանը, փաստորեն, միտումնավոր հենց կոնկրետ հայաստանյան ռազմակայանին է փորձում հարված հասցնել` ռուսական կողմին գործնականում զրկելով կապող ամենաարդյունավետ խողովակից:

Պաշտոնական Թբիլիսին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Գյումրու ռուսական ռազմաբազան դիտարկում է որպես իր անմիջական անվտանգությանը սպառնացող վտանգ: Անցյալ տարի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարար  Գրիգոլ Վաշաձեն ոչ միայն պարզ տեքստով հայտնեց այս դիրքորոշումը, այլեւ, դուրս գալով դիվանագիտական էթիկայի սահմաններից, հավելեց, թե արձանագրության ստորագրումը վտանգում է նաեւ Հայաստանի ինքնիշխանությունը:

Վրաստանի մտահոգությունները պայմանավորված էին 2010-ի օգոստոսին Սերժ Սարգսյանի եւ  Դմիտրի Մեդվեդեւի միջեւ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետները եւս 24 տարով երկարաձգելու եւ մանդատը որոշակիորեն փոխելու մասին թիվ 5 արձանագրությունը ստորագրելու հանգամանքով: Վրաստանի խորհրդարանի որոշումն ուղղված է հենց այդ վտանգը չեզոքացնելուն:

 Ապրիլի 19-ին, այսինքն` հենց այն օրը, երբ Վրաստանի խորհրդարանն ընդունեց համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշումը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց 2010 թ. օգոստոսի 20-ին ստորագրված թիվ 5 արձանագրությունը: Մինչ այդ` ապրիլի 12-ին,  արձանագրությունը վավերացրել էր Հայաստանի խորհրդարանը: Այսինքն` ակնհայտ է, որ պատահական չէր համաձայնագիրը հենց այս օրերին չեղյալ հայտարարելու գործընթաց նախաձեռնելը: Դրանով վրացական կողմը ոչ միայն հստակ վերաբերմունք է ցուցաբերում Գյումրու ռազմաբազայի տեղակայման ժամկետները երկարաձգելն ամրագրող իրավական գործընթացները վերջնական հանգուցալուծման հասցնելուն, այլեւ գործնական քայլեր է կատարում ռազմակայանի կյանքը բարդացնելու եւ դրա պահպանումն անիմաստ դարձնելու ուղղությամբ: Խնդիրն այն է, որ իր տարածքը նաեւ ռուսական ինքնաթիռների առջեւ փակելով` Վրաստանը ռուսական կողմին ստիպում է օգտագործել թե տարածության եւ թե ծախսատարության իմաստով ոչ ձեռնտու այլընտրանքային ուղիներ: Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք կարող էին փոխարինել Վրաստանին, կտրականապես մերժում են այդ հարցում ընդառաջել ռուսական կողմին: 2009 թ. Թուրքիան պաշտոնապես հերքեց այն տեղեկությունները, թե Անկարայի եւ Մոսկվայի միջեւ գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի օդային տարածքով Գյումրու ռազմակայանի հետ միջանցք ապահովելու շուրջ:

Սակայն դա իրական խնդիր է դառնում ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Հայաստանի համար: Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը ստանձնել  է թե ռազմակայանի պահպանման, թե բեռնափոխադրումների եւ թե, ըստ էության, նաեւ մարդկային կոնտինգենտով մասամբ համալրելու պարտականությունը, ինչը հսկայական ծախսային բեռ է ավելացնում բյուջեին: Շահարկելով Հայաստանի իշխանությունների շրջանում ձեւավորված այն մտայնությունը, թե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքն է` ռուսական կողմը փաստացի իրեն ազատել է բոլոր տեսակի հիմնական ծախսերից: Մոսկվան կարող է Հայաստանի իր ռազմաբազայի հետ կապ ապահովել անգամ հյուսիսային բեւեռի ու Անտարկտիդայի վրայով, սակայն դրանց համար վճարելու է Հայաստանը: Եվ դա այն դեպքում, երբ աշխարհում չկա որեւէ այլ երկիր, որը չկրի իր տարածքից դուրս տեղակայած ռազմակայանի պահպանման հոգսը: Հետեւաբար, առաջին հերթին հենց Հայաստանի շահերից չէր բխում Վրաստանի խորհրդարանի կայացրած որոշումը:

Չի կարելի բացառել, որ դրանից ընդամենը երկու օր առաջ հենց այս հարցերը քննարկելու համար էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Երեւան ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան: Սակայն, թե իրականում ինչ քննարկեցին երկու նախարարները, այդպես էլ պարզ չդարձավ. հայկական կողմն ամեն ինչ արեց, որ Ախալայայի այցը որքան հնարավոր է աննկատ, անիմաստ ու արարողակարգային դառնար: Հրապարակային մակարդակով հայկական կողմից անգամ որեւէ ակնարկ չարվեց ռազմաբազայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, թեեւ Երեւանում չէին կարող չիմանալ, թե թիվ 5 արձանագրության վավերացմանն ինչով է պատրաստվում պատասխանել վրացական կողմը, հատկապես երբ այդ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մտադրության մասին Վրաստանի նախագահն արտահայտվել էր նաեւ ավելի վաղ: Սա հերթական վկայությունն է այն իրողության, որ Հայաստանի` վրացական քաղաքական կուրսն այնքան անդեմ է, որ առկա խնդիրները քննարկելու, լուծումներ գտնելու փոխարեն ընդամենը «զրո խնդիր եղբայրական ժողովուրդների միջեւ» ճոռոմ ու փարիսեցիական կարգախոսի տակ դրանք պարտակելու խնդիր է լուծվում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter