HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Art business. «Արամե» պատկերասրահի օրինակը

Գաղտնիք չէ, որ արվեստի շուկան Հայաստանում դեռ ձեւավորման փուլում է: «Արամեն» հիմնադրվել է 2003 թ. եւ այն քիչ պատկերասրահներից է, որ գործում է 7 տարուց ավելի: «Արամեն» մասնավոր պատկերասրահ է, որ ներկայացնում է անվանի հայ գեղանկարիչների եւ քանդակագործների ստեղծագործությունները:

Պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանի կարծիքով՝ վերջին տարիներին արվեստի շուկան զգալի փոփոխությունների է ենթարկվում: Նա դրական միտումներ է տեսնում, եւ կարծում է, որ շուկան գնալով աշխուժանում է. գործարարներն արդեն գիտակցում են արվեստի գործեր ձեռք բերելու կարեւորությունը:

«Որպես ներդրման միջոց արվեստի գործեր ձեռք բերելու մշակույթն Արեւմուտքում վաղուց արդեն ձեւավորված է, եւ այն ձեւավորվում է նաեւ մեզ մոտ: Ի դեպ ասեմ, որ Արեւմուտքում արվեստի հավաքածու չունենալը, եթե չասեմ ամոթ մի բան է, ապա գոնե` անհասկանալի, որովհետեւ իրեն հարգող յուրաքանչյուր գործարար ունի արվեստի հավաքածու: Այսինքն` դա մի տեսակ իր կյանքի ամենակարեւոր ատրիբուտներից մեկն է` ունենալ արվեստի հավաքածու»,- ասում է Ա. Սարգսյանը:

Երբ Արամ Սարգսյանը 2003-ին հիմնում էր պատկերասրահը, ընկերներն իրեն խենթի տեղ էին դրել: Ասում էին` խելքդ թռցրել ես, այս երկրում ո՞վ պիտի նկար առնի: «Ես վստահ էի, որ աշխատանքը ճիշտ կազմակերպելու, բարձր որակ ապահովելու պարագայում մենք հաջողության կհասնենք: Եվ ես այսօր կարող եմ ասել, որ մեր գործը հաջողվել է, մենք կարողացել ենք ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը, եւ այսօր շահույթով աշխատող կազմակերպություն ենք»:

Արամ Սարգսյանը պատկերասրահը հիմնել է միայն եվրոպական փորձը լավ ուսումնասիրելուց հետո` ինչ սկզբունքներով են աշխատում եվրոպական եւ ամերիկյան պատկերասրահները: Եթե այդ չափանիշները չեն ապահովվում, ավելի լավ է` չբացել պատկերասրահ: Պատկերասրահը բիզնեսի խիստ յուրահատուկ ուղղություն է:

«Art business-ը լրիվ նոր բան է, խորհրդային տարիներին ընդհանրապես չի եղել նման բան` մասնավոր պատկերասրահներ: Հայաստանում չկա բիզնեսի մի ուղղություն, որ ներկայացված լինի ընդամենը 4-5 կառույցով: Բայց մասնավոր պատկերասրահ, ցավոք սրտի, ունենք միայն մայրաքաղաքում, այն էլ` 4-5 հատ: Ես կասեի, որ այդ թիվն աննշան է մայրաքաղաքի համար, որովհետեւ եվրոպական նույնիսկ փոքր քաղաքներում տասնյակների են հասնում մասնավոր պատկերասրահները: Քանի որ այն շատ յուրահատուկ ոլորտ է, այն պահանջում է շատ բարձր պրոֆեսիոնալիզմ»:

«Արամե» պատկերասրահում կարելի է ձեռք բերել հայ դասական արվեստի այնպիսի նշանավոր հեղինակների գործեր, ինչպիսիք են՝ Մինաս Ավետիսյանը, Հովսեփ Կարալյանը, Մհեր Աբեղյանը, Բաբկեն Քոլոզյանը եւ Վաղարշակ Էլիբեկյանը:

«Արամե» պատկերասրահը ցուցադրում եւ վաճառում է նաեւ մի շարք ժամանակակից գեղանկարիչների ստեղծագործություններ` Ռուբեն Աբովյան, Էմիլ Գազազ, Արմեն Գեւորգյան, Ժանսեմ, Ռոբերտ Էլիբեկյան, Տարոն Մուրադյան, Սարգիս Համալբաշյան, Շոթա Ոսկանյան, Վահան Ռումելյան, Տիգրան Մաթուլյան, Գաբո, Գագիկ Ղազանչյան, Մարատ Մարգարյան, Ավետիք Չիտչյան, Տիգրան Բարխանաջյան, Կարեն Աղամյան, Կայծ Վանիկյան, Վահագն Ջիվանյան, Արփինե Կեծյան, Տիգրան Պետրոսյան, Ալբերտ Հակոբյան, Ռուբեն Գրիգորյան, Լիլիթ Սողոմոնյան, Գասպար Մելքոնյան, Կառլոս Սայադյան:

«Գնի վրա բազմաթիվ գործոններ են ազդում: Այդ գործոնների ազդեցությամբ է գինը ձեւավորվում: Սա իմ քմահաճույքը չէ, ես ուղղակի վերլուծում եմ այդ գործոնները եւ գին եմ ձեւավորում, բայց դա արվում է գիտական վերլուծության հետեւանքով: Էստեղ մեծ դեր է խաղում որակը, հեղինակի անունը, նրա ներգրավվածությունը միջազգային տարբեր էքսպոների եւ աուկցիոնների: Վերջին հաշվով, գինը ձեւավորում են մասնավոր գալերեաները, շուկան, միջազգային աճուրդները՝ որոշակի միջազգային ռեյտինգների ազդեցությամբ»:

Ա. Սարգսյանը փաստում է, որ տարիներ առաջ ավելի մեծ էր հետաքրքրությունը դասական հեղինակների հանդեպ, նույնիսկ անկախությանը հաջորդած տարիներին ավելի մեծ աժիոտաժ կար հատկապես դասական արվեստի հանդեպ: Այդ թվերին սփյուռքահայերն ավելի շատ նախընտրում էին ուղղակի անուններ, որոնք հայտնի էին` հաճախ միայն անվան համար: Բայց միտումը,  նրա խոսքերով, փոխվել է: Հիմա ավելի շատ շեշտը դրվում է ժամանակակիցների վրա: Հիմա գնորդը, արվեստասերների զգալի մասը ավելի շատ նախընտրում է ժամանակակից ստեղծագործողներին: Ա. Սարգսյանը դա ավելի շատ կապում է արդի շինարարության, նորակառույց տների, համապատասխան ժամանակակից դիզայնի հետ, որը նաեւ ենթադրում է համապատասխան արվեստի ընտրություն: 

«Քանի որ պատկերասրահը ձգտում է որոշակի մակարդակի, պատկերասրահի հեղինակությունը կախված է այն հեղինակներից, ում ներկայացնում ես: Եթե լավ հեղինակներ ես ներկայացնում, բարձրակարգ արվեստ ես ներկայացնում, ուրեմն պատկերասրահի հռչակը կլինի համապատասխան մակարդակի վրա»,- ասում է նա:

Պատկերասրահը գնորդների մի քանի խումբ ունի: Առաջինը բարձրաճաշակ մարդկանց խումբն է, որը սիրում է արվեստ, բայց հիմնականում կողմնորոշվում է զուտ իր ճաշակով: Այսինքն` հավանում է մի բան, եթե հնարավորությունները թույլ են տալիս, ձեռք է բերում արվեստի այդ գործը եւ ձեւավորում է որոշակի հավաքածու: Դա ամենատարածված խումբն է: 

Երկրորդ խումբը բիզնեսմենների խումբն է, որոնք արվեստը դիտում են որպես ներդրում: Այսինքն` իրենք ուսումնասիրում են շուկան, թե որ նկարիչը ավելի մեծ ապագա ունի, թե ում նկարները կարող են ժամանակի ընթացքում ավելի թանկանալ, որոշակի հետազոտություններ են իրականացնում: Այդ խումբը արվեստի գործ ձեռք է բերում զուտ ներդրումային հեռանկարով:

«Ցավոք, հասարակական տրամադրությունների մեջ բացասական միտումներ էլ են նկատվում: Ես նկատի ունեմ, որ մարդիկ արդեն արվեստին սկսել են մի քիչ ավելի դեկորատիվ մոտենալ: Շատերը իբրեւ դեկոր են դիտում, ինչպես նոր տուն են գնում, վերանորոգում են, եւ նկարները պատերին ավելի շատ հարմարեցնում են տան ընդհանուր դիզայնին: Այսինքն` դիտում են որպես դիզայնի բաղկացուցիչ մաս, որը, իմ համոզմամբ, սխալ է, որովհետեւ արվեստը այն բանը չէ, որ դու պիտի համապատասխանեցնես կահույքին, պատի գույնին կամ վարագույրին: Ես այդ մարդկանց անվանում եմ դեկորատիվ մտածողության մարդիկ: Դա էլ երրորդ խումբն է»,- ասում է Արամ Սարգսյանը:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter