HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկնաբույծները դադարեցրել են «պայքարը» կառավարության դեմ. արտահանվել է 800 տ ձկնամթերք

2011-ի սկզբից առ այսօր Հայաստանից արտահանվել է 800 տոննա ձկնամթերք, իսկ մինչև տարեվերջ ձկնաբույծները արտահանման ցուցանիշը մտադիր են հասցնել 1000-1100 տոննայի:

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը, լինելով լեռնային երկիր, արտադրում է այնպիսի ձկնատեսակներ, որոնք մրցունակ են միջազգային շուկայում: Հայաստանից արտահանվող ձկնամթերքի համար ամենամեծ շուկան Ռուսաստանն է, որոշակի քանակությամբ ձկնամթերք արտահանվում է նաև Վրաստանը: Հիմնական «ախոյանը» այս ոլորտում Թուրքիան է, որն ավելի էժան արտադրանք է առաջարկում:

«Մեր ձկնամթերքը իր համային հատկանիշներով ավելի պահանջարկ վայելող ձկնամթերք է, և մենք հույս ունենք, որ հաջողություն ունենալու ենք, և մեր հաջողության գրավական է հանդիսանում այն հանգամանքը, որ անցյալ տարվա համեմատ, այս տարի արտահանումը կրկնապատկվել է»,-ասում է Արթուր Աթոյանը:

Արթուր Աթոյանը նախկինում հնչեցրած կոշտ գնահատականներն ու ձկնաբույծների վիճակի վատթարանալու մասին դիտարկումներն այս անգամ մեղմացրել էր: Ինչպես ինքը բացատրեց, իրենց առաջադրած հարցերը բանակցությունների շնորհիվ լուծում են ստանում. պատճառը դա է:

Իրավական խնդիրներ ձկնաբույծները չունեն, դրանք ևս լուծվում են բանակցությունների, համատեղ աշխատանքների ճանապարհով: Արթուր Աթոյանը վստահեցնում է, որ իրենց ձայնը լսելի է իշխանության բոլոր օղակների մոտ. «Մենք անլուծելի խնդիրներ չունենք այսօրվա վիճակով»:

Կառավարության` ձկնաբուծական տնտեսություններում ջրաչափեր տեղադրելու առաջարկը ձկնաբույծներն ընդունել են, և այժմ արդեն 254 տնտեսությունից 108-ում ջրաչափեր են տեղադրվել, ևս 12-ում` ընթացքի մեջ են, իսկ 65 տնտեսություններ, որոնք չեն մտնում «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի մեջ, նույնպես տեղադրել են: Արթուր Աթոյանը հավաստիացրեց, որ կարողացել են էժան ջրաչափեր ընտրել և տեղադրել տնտեսություններում: 15 %-ի մոտ տեխնիկական խնդիրներ են առաջացել, նրանք էլ համագործակցում են գիտական խմբերի հետ, և համապատասխան լուծում կտրվի նաև այդ տնտեսություններին:

Ձկնաբուծական տնտեսությունների օգտագործած հողերի նշանակության փոփոխության հարցը դեռևս վերջնական լուծում չի ստացել, սակայն նոր օրենք է մշակվել, որով պայմանները, հատկապես նորաստեղծ տնտեսությունների համար, բարենպաստ են: Այստեղ խնդիրը միայն հին տնտեսությունների մասով է մնում, ձկնաբույծները դա էլ բանակցությունների շնորհիվ հույս ունեն լուծել: Իսկ ջրահեռացման համակարգերի ներդրման հարցը դեռևս հետաձգվել է:

Թե երբ կավարտվեն ջրաչափերի տեղադրման գործընթացները, հստակ ժամանակահատված չի սահմանվել, սակայն Արթուր Աթոյանն ասում է, որ կառավարության հետ պայմանավորվել են հնարավորինս արագ ավարտել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter