HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադունց. «Ես ոչ մեկի ձեռքը բռնելու անհրաժեշտություն չունեմ, ես վաղուց կայացած անձնավորություն եմ»

Քիչ առաջ Գորիսում մեկնարկած քաղաքապետի ընտրություններին մասնակցելու եկավ առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Վաչագան Ադունցը, ում սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ադունցը պայքարում է անկուսակցական Հրայր Յոլյանի հետ: «Հետքի» հարցերին պատասխանում է Գորիսում առաջադրված թեկնածու Վաչագան Ադունցը: 

- Դո՞ւք եք ընտրվելու:

- Եթե ես կասկածեի, որ չեմ ընտրվելու,  չէի առաջադրվի: Ցանկացած թեկնածու, բնականաբար, կարծում է, որ ինքը ընտրվելու է: 

- Ինչո՞վ է պայմանավորված Ձեր վստահությունը:

- Ես արդեն քսանհինգ տարի է` Գորիսում աշխատում եմ, գորիսեցիները բոլորն ինձ գիտեն, ես իրենց գիտեմ, ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան կաթ-կաթ ես վաստակել եմ այդ իրավունքը: 

- Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ձեզ է սատարում: Արդյոք Ձեր վստահությունը, որ դուք կընտրվեք, նաև դրանով չէ՞ պայմանավորված:

- Սուրիկ Խաչատրյանը Գորիսի մարզային Հանրապետական կուսակցության կառույցի ղեկավարն է, մենք միասին աշխատել ենք Գորիսում, քսան տարվա համատեղ աշխատանքի ընթացքում մենք շատ լավ կառուցողական հարաբերություններ ենք ունեցել՝ հանուն բնակչության, հանուն աշխատանքի: Ես կարծում եմ, որ Ս. Խաչատրյանը շատ գործեր է կատարել Գորիսի համար: Ինքս էլ քիչ բան չեմ կատարել, թող անհամեստություն չհնչի: Ընտրապայքարին համատեղ մասնակցելը բերում է միմիայն դրական արդյունքներ:

- Պարոն Ադունց, մամուլում անգամ ձևակերպումներ եղան, որ Սուրիկ Խաչատրյանը Ձեր «ձեռքը բռնած» գորիսեցիներին է ներկայացրել, որ իր խաթր Ձեզ ընտրեն: Այդպե՞ս է:

- Գիտեք, հարգելիներս, ես արդեն վաղուց իմ սեփական խաթրն այս ժողովրդի մեջ ունեմ, ես ուրիշներին կարող եմ ուղեկցել: Մենք, ըստ կարգի, ըստ օրենքի կատարել ենք քարոզարշավը, Սուրեն Խաչատրյանը որպես կառույցի ղեկավար, որոշ դեպքերում, որոշ հանդիպումների ժամանակ, ոչ բոլոր դեպքերում, եղել է ինձ հետ, և ես երբեք ոչ մեկի` անկախ պաշտոնից, հնարավորությունից, վարկանիշից ձեռք բռնելու անհրաժեշտություն չունեմ: Ես վաղուց կայացած անձնավորություն եմ ու քաղաքում բոլորը դրա մասին գիտեն: 

- Եթե չընտրվեք, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա հարաբերությունները նորընտիր քաղաքապետի հետ: 

- Ես գրեթե համոզված եմ, որ ընտրվելու եմ, որովհետև ժողովրդի տեսակետը գիտեմ: Չընտրվելու պարագայում ես անպայման լինելու եմ ընտրված քաղաքապետի կողքին: Ինձ համար պաշտոնը ինքնանպատակ չէ: 

- Ինչպ՞ս եք գնահատում Ձեր շանսերը: Քանի՞ տոկոս ձայն կհավաքեք:

- Ես տոկոսներ հաշվել չեմ սիրում, դրանով չեմ առաջնորդվում: Ես այս քսանհինգ տարիների ընթացքում աշխատել եմ բոլորի հետ, բոլորի համար, ուստի ինձ ձայն կարող է տալ յուրաքանչյուրը: Ես բոլորից քվե եմ ակնկալում, որովհետև ամեն մեկի հետ բարեհամբույր եմ եղել, ոչ մեկի հետ կոմֆլիկտ չեմ ունեցել, բայց ես միշտ ասել եմ՝ ավելի շատ շնորհակալ եմ այն ընտրողից, ով իմ օգտին քվեարկել է, բայց ես այդ մասին չգիտեմ:

- Ընտրվելուց հետո կադրային փոփոխություններ իրականացնելո՞ւ եք:

- Ես որտեղ էլ աշխատել եմ, ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել կադրային փոփոխություններ անելը: Ես ցանկացած կոլեկտիվում իմ աշխատանքի տեմպն եմ ունեցել, սիրում եմ կարգապահ, աշխատանքին նվիրված կոլեկտիվ ու նույն պահանջներով աշխատելու եմ նաև քաղաքապետարանում: Այնպես որ հենց այնպես, ցանկությամբ կադրային փոփոխություն կատարելը ես չեմ ընդունում, առավել ևս բանիմաց կադրերը փոխելը՝ կնշանակի ձախողել աշխատանքը: Իսկ նրանց, ովքեր կհամարեն, որ աշխատանքի իմ տեմպին չեն դիմանա, իրենք իրենց կփորձեն աշխատանք գտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter