HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Մեր ժամանակի խաղամոլը

«Ես այդ լաբորատորիայի վարիչին կսպանեմ, ես դրան մենամարտի եմ հրավիրում, էս ի՞նչ բերեց իմ գլխին»,-հեռախոսով Պոնչի հեկեկացող ձայնը չէր դադարում: Լյովը քսանհինգ տարվա մեջ առաջին անգամ էր ընկերոջ լացը լսում: «Լաբորատորիայի վարիչն ո՞վ է»,-հազիվ հասցրեց հարցնել:

- Աստվածը, ես իրան պետք է տեսնեմ, ես իրա հետ մենակ եմ հարցերս լուծելու…

-Բայց ինչ է՞ պատահել, Պոնչ, Աստված ի՞նչ կապ ունի…

- Գնում եմ պառկեմ ասֆալտին, - Պոնչի հեծկլտոցը չէր դադարում, ուրիշ տեղ չունեմ, ամեն ինչ, ամեն ինչ կրվեցի, տրանսպորտի փող էլ չունեմ, ոչինչ չունեմ, արժանապատվություն էլ չունեմ…ես Աստծո…

- Դեռ մի ընկեր ունես, ասա տեղդ՝ հիմա գալիս եմ:

Լևոնն իր ընկերոջը գտավ Երևան-Պտղնի ճանապարհին, «Շանգրի Լա» խաղատնից վերադառնալիս: Հենց այնտեղ էլ Պոնչը պարտվել էր բոլոր փողերը: Քսանհինգ տարվա ընկերությունից հետո առաջին անգամ գլխի ընկավ, որ իր մոտ ընկերներից մեկը մոլի խաղամոլ է: Պոնչը ևս հասկացավ, որ պետք է բացատրություն տա:

- Հա խաղում եմ, էս հիվանդությունը մեջս Կարենը մտցրեց, հիշում ե՞ս, Մոսկվայում էինք ծանոթացել: Մի երկու անգամ 1000-2000 դոլար հաղթեցինք, ահագին ոգևորվեցինք: Բայց եթե իմանայիր, թե ինչքան հետո կրվեցինք: Գիտեմ՝ ամեն տեղ էլ խաբում են, գիտեմ, որ դրանց համար մսաղացի միս եմ, բայց էս ազարտը հանել չի լինում: Երբ եկա Երևան, մի քանի կազինո փորձեցի, «Շանգրի Լա»-ում ոնց որ ավելի մաքուր են խաղում, բայց հիմա մյուս կազինոները Երևանից հանել են, սա էլ փչացրել են: Անցյալ անգամ 70 հազ. դրամ կրեցի, կարացա երեխուս ծնունդը անել, ինձ համար կոշիկ առա: Մինչև այդ էլ «Շանգրի Լա»-ից կրած եմ դուրս եկել՝ 40 հազ., 50 հազ.: Էսօր որոշեցի, որ կոնը պետք է խփեմ անպայման՝ 250 հազ. դրամ, ու ամեն ինչ տարվեցի, ամեն ինչ…

-Փաստորեն դա է՞ հա պատճառը, որ Ռուսաստանից ընտանիքիդ համարյա փող չես ուղարկում, դրա՞ պատճառով կնոջդ հետ վիճեցիր ու 100 եվրոն խլեցիր, ու էսքան ժամանակ մեր գլխին լոլո էիր հա կարդու՞մ,- Լյովն ահավոր նյարդայնացած էր, որ այս մարդկային դեգրադացիան իր ընկերոջ հետ է պատահել, Ղարաբաղյան պատերազմի մասնակցի հետ: Գիտեր, որ Ռուսաստանում գաղտնի երկրորդ ընտանիքն ունի, մտածում էր, որ գումարները հիմնականում այնտեղ է թողնում, բայց պարզվում է՝ նրանց էլ չի օգնում:

Լյովը գիտեր, որ ընկերոջ վրա ոչ մի խրատ չի ազդի, ավելի լավ է՝ թույլ չտալ որևէ հիմարություն անի, իսկ վաղն արդեն լրջորեն կխոսի հետը:

-Լավ, հիմա գնա տուն ու քնի: Սա քեզ մի քիչ փող, հաց-մաց առ գնա: Իսկ վաղը իրար հետ կգնանք «Շանգրի Լա», տեսնեմ այդ ի՞նչ հիվանդություն է, որ չես կարողանում հաղթել…

Հաջորդ օրը երեկոյան տղաները Լյովի Մերսեդեսով ուղևորվեցին կազինո: Լյովն առաջին անգամ չէ, որ կազինո էր մտնում, բայց վաղուց հասկացել էր, որ այստեղ մի հաղթող կա՝ ով որ դատարկում է ապարատի քեյսը: Մնացածին վիճակված է պարտվել, ու զարմանում էր այն մարդկանց բթամտության վրա, որ դա չեն հասկանում: Որպես ծրագրավորող շատ լավ գիտեր, որ այդ ապարատների վրա կարելի է ծրագրային միջամտություն կատարել, շատ բան, իհարկե, կախված էր խաղաատան տիրոջ ագահությունից կամ չափավորությունից: «Շանգրի Լան» հասցրել էր չափավոր խաղատան համբավ ձեռք բերել՝ շահումների ավելի մեծ հավանականությամբ:

Որքան մոտենում էին կազինոյին՝ Պոնչն այնքան պայծառանում էր, շուտով դեմքի տրտմությունն ընդհանրապես վերացավ: Կազինոյի մոտ արդեն տնավարի էր պահում իրեն, ցույց տվեց, թե մեքենան որտեղ պետք է կանգառի, որ փող չվճարեն, զգուշացրեց, որ անպայման  թեյ կպատվիրեն ու մատուցողուհուն 1000 դրամ թեյավճար կթողնեն, թեև դա պարտադիր չէ: «Շանգրի Լա»-ի առաջին հարկը բավական մեծ, լավ օդափոխվող տաղավար էր՝ մի քանի տասնյակ խաղային ապարատներով: Առաջին անգամ տաղավար մուտք գործողին անպայման լուսանկարահանում էին: Լյովին այդ գործողությունն այնքան էլ դուր չեկավ, արդեն փոշմանեց, որ եկել է: Պոնչն իրեն ավելի վստահ էր զգում, մի քիչ շրջեց ապարատների կողքով, ու աշխատակցին խնդրեց ցույց տալ «մեկնոց» ապարատները: Կազինոյում երեք տեսակի ապարատներ կային՝ մեկնոց, երկուսնոց և հինգնոց: Մեկնոց ապարատներում ներդրած գումարը ցույց է տրվում նույնությամբ, ու նույնությամբ էլ վճարում են շահումը: Երկուսնոց ապարատներում ներդրած գումարը կիսում են, սակայն շահումը կրկնապատկում են: Հինգնոց ապարատները ներդրած գումարի 20%-ն են ցույց տալիս, սակայն շահումը հնգապատկում են: Պոնչը նախընտրում էր խաղալ մեկնոց ապարատներով: Լյովը, ինչպես և խոստացել էր, նրան տվեց 5 հազ. դրամ: Այս կազինոների գրավչություններից մեկն այն է, որ խաղալ կարելի է փոքր գումարներով: Երբ մեքենայի վրա նշմարվեց խաղագումարի չափը, Պոնչը սկսեց ընտրել այն պատկերները, որոնցով պետք է ինչ-ինչ համընկնումներ ստանա: Սկզբում ընտրեց գրքերը, հետո տիկնիկներին, հետո թղթախաղ և այլն: Հինգ հազ. դրամը նախ պակասեց, հետո սկսեց աճել: Մի քանի հաջող դասավորությունից հետո ապարատի վրա Պոնչն արդեն 32 հազ. դրամ շահում ուներ:

- Բավական չէ՞, արդեն 32 հազ. դրամ ունես, վերցրու գնանք, - ընկերոջը դիմեց Լյովը:

- Լավ էլի, խնդրում եմ, մի քիչ էլ փորձեմ,- ազարտն արդեն հաղթահարել էր Պոնչին, ոչ մի ուժ ի վիճակի չէր նրան այդտեղից պոկելու:

Շուտով 32 հազարը նվազեց մինչև 4 հազար դրամ, հետո նորից բարձրացավ, ու այդպես մոտ 1 ժամ: Լյովն արդեն հասկացել էր, որ ընկերը նորից պարտվելու է, ուստի սկսեց ուսումնասիրել շրջակայքը: Քիչ հեռվում նստած էր մի հայտնի դերասան, ընտրել էր անկյունի սեղանը, որ շատ ուշադրություն չգրավի: Բայց միևնույն է՝ անընդհատ քրթմնջում էր մատուցողու հետ, երևում է՝ պարտվողի դերում էր: Հարևան սեղանից մեկը պահանջեց իրեն տրամադրել շահած 35 հազ. դրամը, ինչն անմիջապես կատարեցին: Լյովին դա ավելի տրամաբանական թվաց՝ այս ապարատների վրա կարելի է խաղալ միայն փոքր շահումներով, մեծ փողերի ետևից վազողները դատապարտված են: Քիչ անց կողքին հայտնվեց մի նյարդային երիտասարդ, որը երևի երրորդ կամ չորրորդ ապարատն էր փոխում: Նյարդայնությունից անընդհատ հարվածում էր ստեղներին, բայց դրանից շահում չէր գալիս: Այդ ընթացքում Պոնչի գումարը ևս սպառվել էր, բայց Լյովը կտրականապես հասկացրեց, որ այլևս գումար չի տա:

Երբ դուրս եկան, վերջապես որոշեց ընկերոջ աչքերը բացել:

- Գիտես չէ՞, սա ում կազինոն է:

-Հա գիտեմ, Ծառուկյանինն է, -Պոնչը կազինոների մասին ավելի տեղեկացված էր, քան ընկերը, բայց ստիպված էր համակերպվել, որ հիմա իրեն պետք է «խելք սովորեցնեն»:

- Ես քեզ խելք սովորեցնելու ցանկություն չունեմ,- ընկերոջ մտքերը կարդաց Լյովը, ուղղակի հիշի՝ աշխարհում չկա այնպիսի կազինո, որի տերերը սնանկանան շահումների պատճառով: Էս կազինոյի օլիգարխ տերերը հսկայական եկամուտներ ունեն, բայց որպեսզի դա ունենա՝ քեզ նմանները պետք է լացակումած դուրս գան այստեղից: Դու շանս չունես, ու ինչքան շուտ հասկանաս՝ այնքան լավ քեզ ու քո ընտանիքի համար: Աստվածն էլ ոչ մի կապ չունի, բայց երբ կուզես ասֆալտի վրա պառկել, իմացի՝ էս երկրում անտեր ասֆալտի կտոր չի մնացել..

Քիչ լռելուց հետո Լյովը շարունակեց.

- Ես քեզ այլևս պարտք չեմ տա, բայց կօգնեմ գործ կճարես, պահակություն կանես, մի քիչ էլ՝ բանվորություն: Քիչ փող է, բայց ընտանիք կպահես: Մնացածն արդեն դու գիտես: Համաձայն ե՞ս:

- Իսկ ի՞նչ կարող եմ անել, եթե չհամաձայնեմ: Մինչև աշուն կաշխատեմ ու կգնամ նորից Ռուսաստան: Գուցե իրո՞ք քամիները ուղեղս լվան…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter