HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեն ուզում «հախուռն, կոշտ խոսքերով հակադարձել» Լևոն Տեր-Պետրոսյանին

«Ես կարծում եմ, թերևս, չարժե ինչ-որ էպիտետներով պատասխանել առաջին նախագահին…, ոտքերով կապել, ձեռքերով կապել, դա պատիվ չի բերում մեր քաղաքական կյանքին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականներին:

Նա նշեց, որ առաջին նախագահի տեսակետը իրենց համար ընդունելի չէ, բայց քանի որ Տեր-Պետրոսյանն է ասել, իրենք «չեն ուզում այդպես հախուռն, կոշտ խոսքերով հակադարձել» նրան: Ինչ վերաբերում է հոդվածի վերնագրին, որ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզն է իրագործում, ապա Գալուստ Սահակյանը նշեց, թե տեղին չի համարում այդ քննադատությունը, ամեն դեպքում հակադարձեց. «Պարզապես ժամանակներն անցնում են, մարդիկ մտածում են, որ ամեն ինչ մոռացվել է, և որևէ տեղ արձանագրված չէ, և մարդիկ չկան, ովքեր կկարողանան այդ տեսակետներին հակադարձել հենց այդ լեզվով, ինչ լեզվով փորձում էր հակադարձել մեր առաջին նախագահը»:

Գալուստ Սահակյանն ասաց, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված չէ նրանով, որ իրենք գործող նախագահ Սերժ Սարգսյանին ցանկանում են կրկին տեսնել նախագահի պաշտոնում:

«Սահմանադրական բարեփոխումներն ավելի շատ այլ կուսակցությունների որդեգրած քաղաքականություն են, նաև վերջին նախագահական ընտրությունների ընթացքում, և ասեմ, որ մենք մեր դիրքորոշումներն ունենք, բայց երբեք չենք խոսում այդ դիրքորոշումներից, որովհետև մտածում ենք, որ քաղաքական ուժերի տրամաբանությունը կամ շահագրգիռ ուժերի տրամաբանությունը երբ կձևավորվի, փաստաթուղթ կլինի, մենք նաև գնահատական կտանք»,- ասա նա:

Դիտարկմանը, թե ստացվում է՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներ է նախաձեռնել մյուս կուսակցություններին ընդառաջ գնալու համար, Գալուստ Սահակյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ամբողջ մեր երկրի համար, ոչ թե ընդառաջ գնալու համար, այլ մի քանի տարբերակներ կան՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական, ինչպիսին հասարակական սպառումը կլինի, այդ գնահատականներով էլ մենք քննարկումը կկազմակերպենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter