HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Արի-արի, դու էլ մի քիչ օրորվի, դարդերդ մոռացի»

Երեկ` ՏԻՄ ընտրությունների օրը, իրենց մանկությունն էին հիշել Արագածոտնի մարզի Արագած գյուղի մեծահասակները: Նրանք թիվ 14/02 ընտրատեղամասի դիմաց տեղադրված կառուսելներին նստած` օրորվում էին ու հետեւում համայնքապետի ընտրություններին: «Արի-արի, դու էլ մի քիչ օրորվի, դարդերդ մոռացի»,- դիմելով մեզ` ասաց կարուսելի վրա ճոճվող արագածցիներից մեկը: Քիչ հեռվում այլ խումբ էր կանգնած, նրանք էլ ակտվ քաղաքական քննարկում էին ծավալել:

Վերջիններս դժգոհ են իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից եւ իրենց գյուղի օրինակով ցույց են տալիս դրա բացասական հետեւանքները:

«Տվյալ պահին 1000-ից ավել ընտրող բացակայում է գյուղից, թափառում են Ռուսաստանի քուչեքում, էլ ինչի՞ մասին է խոսքը: Գնացեք իշխանություններին հարցրեք, թե ինչպես են պատկերացնում երկրի վիճակը, չնայած նրանք իշխանություն չեն, ուղղակի փաթաթվել են ժողովրդի վզին: Ես հասկացել եմ մեր իշխանությունների նշանաբանը՝ Հայաստանն առանց հայերի: Ինչքան քիչ լինենք, այնքան լավ իրենց համար, ավելի կառավարելի կլինենք: Այս մասին հարցրեք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինքը ավելի լավ կասի, չնայած` երեւի հիմա Իսպանիայում իր զեյթունի պլանտացիաներն է մշակում»,- ասում է Ռուբեն Երանոսյանը:

Նա նշում է, որ գյուղում ծնելիությունը նվազել է, մարդիկ չեն ցանկանում երեխա ունենալ, որովհետեւ երեխա պահելը «թանկ հաճույք» է դարձել: Ռուբեն Երանոսյանը պատմում էր, որ 27 տարի առաջ, երբ ծնվեց իր ավագ որդին, նա գյուղի 107-րդ ծնունդն էր, որից հետո տարվա ընթացքում եւս 23 երեխա է ծնվել, իսկ այժմ տարեկան 10 ծնունդ էլ չի գրանցվում:

Ռուբեն Երանոսյանը դեռ խոսքը չէր ավարտել, նրան ընդհատեց եղբայրը՝ Արծվիկ Երանոսյանը: Նա հեռուստատեսությամբ լսել էր, որ հուլիսից բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում պատգամավորների աշխատավարձը մոտ կրկնակի բարձրանալու է:

«40 տարի աշխատել եմ, 30 հազար դրամ թոշակ եմ ստանում, պատգամավորները հիմա 700-800 հազար աշխատավարձ պիտի ստանան, այն էլ` քնած-քնած կնոպկա սեղմելու համար, հետո էլ եկել արդարությունից են խոսում: Մեր կառավարությունը թյուրիմացություն է, արմատական փոփոխություն է պետք: Տարիքս ներեր` ժամ առաջ կգնայի այստեղից: Իմ արտաքին թշնամիները երեւի ինձ ավելի լավ կպահեին, քան մեր ներսի թշնամիները,- ասում է նա, հետո զղջում, որ գնալու մասին է մտածում,- չէ, չեմ գնա, պատերազմ եմ հաղթել, որ թողնեմ գնա՞մ»:

Նա իշխանություններին կոչ է անում կանգ առնել եւ մի քիչ էլ սովորական ժողովրդի մասին մտածել. «Եթե ես լինեի երկրի նախագահը, ոչ թե աշխատավարձս կբարձրացնեի, այլ առաջին հերթին այն կիջացնեի ու կհավասարեցնեի հասարակ բանվորի աշխատավարձին, որովհետեւ նախագահը ծանր նասիլկա չի վերցնում, ընդամենը սամալյոտով ման ա գալիս»,- ասում է Արծվիկ Երանոսյանը:

Մինչ նա անկաշկանդ խոսում էր, կողքին հավաքվածները սաստում էին, թե «վտանգավոր բաներ մի խոսիր»:

«Չեմ վախենում, ինչի՞ց վախենամ, թոռներ, երեխա ունեմ դրսում, նրանց կարոտ եմ, հնարավորություն էլ չունեմ գնալու, տարիներով չեմ տեսել: Մենք դարձել ենք երկրի պահակները, որ վերջում լույսերն անջատենք»,- ձայնի տոնն իջեցնելով` ասում է Արծվիկ Երանոսյանը:

Նա չի հավատում նոր ձեւավորված կառավարության խոստումներին, թե երկրի վիճակը բարելավվելու է, դրանք դատարկ խոսքեր է անվանում: «Մեկը մյուսին պաս են տալիս, տղա ջան, ով էլ գա` նույնն է լինելու: Հայրենասեր ղեկավար պիտի լինի, հիմա հայրենասերները ստվերում են, չեն թողնում, որ առաջին պլանում երեւան»,- հավելում է Ա. Երանոսյանը:

Օրը փոխվեց: Արագածն այսօր նոր համայնքապետ ունի: 970 ձայնով համայնքապետ է ընտրվել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությունը վայելող Հենրիկ Հովհաննիսյանը: Նրա մրցակիցը՝ Մեղրիի ՃՇՇՁ աշխատանքային ղեկավար Օհան Գասպարյանը, ստացել է 715 քվե: Անվավեր է ճանաչվել 40 քվեաթերթիկ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter