HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառյակը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրապարակեցին տասներկու կետանոց պահանջները, որոնք ներկայացնելով իշխանություններին` քառյակը ժամանակ է տալիս մինչև սեպտեմբերի վերջ դրանք լուծելու համար: 
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քառյակի համատեղ հայտարարության մեջ իրենք փորձել են ամրագրել լրջագույն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջև, և որոնց լուծումը էապես կնպաստի քաղաքացու վիճակի բարելավմանը. «Մեզ համար կա մեկ գերխնդիր՝ քաղաքացու վիճակի բարելավումը: Մենք փորձել ենք ձևավորել խնդիրների համախումբը, որոնք հնարավոր է լուծել, հաղթահարել` քաղաքական կամք ունենալու դեպքում: Մենք աշնանը մեր գործընկերների եւ ժողովրդի հետ միասին կամփոփենք՝ որքանով են դրանք կատարվել ու միասնաբար կծրագրենք մեր համատեղ հետագա քայլերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, թե տասներկու կետերը իշխանությանը ներկայացնելու քառյակի որոշումը շատ մեծ հաջողություն է, դժվարին աշխատանքի արդյունք: Ըստ նրա՝ չորս քաղաքական ուժերը շատ տարբեր պատկերացումներ ունեն՝ գաղափարախոսական, քաղաքագիտական, մեթոդաբանական հարթություններում:
«Մի մասն ավելի արմատական է՝ հեղափոխական փոփոխությունների կողմնակից, մյուս մասը՝ շրջահայաց, դանդաղ ընթացքի կողմնակից: Բայց բոլորիս միավորում է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է, վտանգված է երկրի, ԼՂՀ անվտանգությունը, վստահություն չկա, աղետալի արտագաղթ է, համակարգային կոռուպցիա, անարդարություն է տիրում: Այս վիճակում պետք էր գործել. միավորել տարբեր պատկերացումներ ունեցող քաղաքական ուժերին: Այս ծրագրի առաջին փուլը կառավարության հրաժարականը պահանջելն էր. իշխանությունը փորձեց կանխել համաժողովրդական ալիքը՝ դրդելով կառավարությանը հրաժարականի: Մի կողմից դա նշանակում էր, որ քառյակը հասավ նպատակին, մյուս կողմից՝ որ միասնական օրակարգը սպառվեց ու պետք էր ձևավորել ժողովրդին քաղաքական գործընթացներին մասնակից դարձնելու գործընթաց»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա ՀԱԿ-ի անունից հայտարարեց, որ իրենք շարունակում են կարծել՝ երկրի գլխավոր չարիքը Սերժ Սարգսյանի ռեժիմն է, բոլոր պրոբլեմների լուծումը Ս. Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, երկրում ազատ, արդար ընտրություններով ժողովրդի առջև հաշվետու իշխանության ձևավորումն է:
«Մենք հասկանում ենք, որ պետք է ձևավորել միասնական օրակարգ, որը թույլ կտա արդյունավետ դարձնել քաղաքական գործըթնացը: Մենք սա դիտարկում ենք որպես առաջին փուլ, իսկ վերջնական նպատակն այն է, ինչ ասացի՝ իշխանափոխությունը»,- շեշտեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ 12 կետերը ներկայացնելը մշակույթի նոր մակարադակ է քաղաքական ուժերի համագործակցության բնագավառում: Նա նշեց, որ իրենք առաջին անգամ ավելի մեծ օրակարգով եւ ցանկով ներկայացնում են համատեղ մոտեցումներ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Որպեսզի չդիտվի, որ ընդդիմություն լինելը ինքնանպատակ հակադրվելն է, սևացնելը, մենք այս հայտարարությամբ, կարծում եմ, չեզոքացնում ենք նաև այդ տեսակետը, որովհետև ներկայացնում ենք իրական, շատ իրատեսական քայլեր, որոնք հնարավոր է իրականացնել: Գլխավոր խնդիրը ոչ միայն թղթի վրա գրված ծրագրերն են, այլև՝ կյանքի կոչվող ծրագրերը: Եթե նոր կառավարությունն իր քայլերով վստահություն է ուզում ձեռք բերել, ապա դա պետք է կատարի՝ կյանքի կոչելով բոլոր այն խնդիրների լուծումները, որոնք ակնկալվում են մեր կողմից: Սա հնարավորություն  է կառավարությանը, որ կարողանան վստահություն առաջացնել»,- ընդգծեց Ռուստամյանը: 

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, ընդդիմությունն ուզում է լուծել հարցերը, որովհետև երկրի գահավիժման ընթացքը հարվածելու է բոլորին, ուստի, ըստ նրա, պետք է օր առաջ ճիշտ գնահատել առկա մարտահրավերները ու դրան համապատասխան քայլեր կատարել, ինչը իշխանության սրբազան պարտքն է:
«Մենք հնարավորություն ենք տալիս նրանց, որ իրենց խոսքը գործի վերածեն»,- նշեց ՀՅԴ պատգամավորը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հավելեց, որ քառյակի աշխատանքը տասներկու կետերով չի ավարտվում: «Մենք այնքան միամիտ չենք, որ ասենք, որ արմատական փոփոխություններ կլինեն սրանով: Մենք առաջնորդվել ենք միասին՝ համաձայնության դաշտ ձևավորելով: Կլինեն նաև չարախնդացողներ, բայց համոզմունք ունեմ, որ մենք մեր աշխատանքները շարունակելու ենք»,- վստահեցրեց պատգամավորը:  
Հարցին, թե ինչո՞ւ չկա կետ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին, երբ համարում եք, որ դա անհրաժեշտ է, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Կետերում կա այն, ինչի շուրջ մենք համաձայնել ենք: Դա Կոնգրեսի դիրքորոշումն է, որևէ այլ քաղաքական ուժի անունից ես խոսել չեմ կարող»:
Իսկ թե ինչ քայլեր է ձեռնարկելու քառյակը, եթե պահանջները չբավարարվեն, արդյոք պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե չկատարվեն, բնականաբար, կհավաքվեն նորից, կփորձեն համաձայնեցնել հետագա քայլերը: «Մենք համարում ենք, որ պարզապես Սերժ Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե մենք չգիտենք` դրանից հետո ինչ համակարգ ենք ունենալու: Մենք բազմիցս ասել ենք, որ անձինք հեռացել են, ու իշխանության եկածները օգտվել են բարիքներից, իշխանափոխությունն էլ չի ծառայել ժողովրդին»,- ասաց Ռուստամյանը:

Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Մեզ համար տաբու հարցեր, տաբու խնդիրներ չկան: Այս փուլում ԲՀԿ-ն իր երեք գործընկերների հետ միասին նպատակահարմար է գտել այս հարցերի ներկայացումը իշխանությանը, որից հետո մենք միասին ժողովրդի հետ  կծրագրենք մեր հետագա քայլերը: Կրկնում եմ՝ մեզ համար տաբու հարցեր չկան»:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ իշխանափոխությունը պետք է լինի համակարգային: Նա նշեց, որ համակարգային փոփոխություն ասելով իրենք հասկանում են ազատ և արդար ընտրությունների անցկացում, որի դեպքում միայն անձերը կարևոր չեն: Զուրաբյանն ասաց, որ իրենք իշխանափոխությունը լիովին իրատեսական են համարում:

«Հենց հիմա էլ դա կարելի է անել: Այս իշխանությունները սպառված են, ժողովրդի համբերության բաժակը լցված է, դիմադրության ռեսուրներ այս ռեժիմը չունի, ու հենց ժողովրդական զանգվածները դուրս գան փողոց, իշխանությունը փախչելու է: Մենք կարող էինք դա անել ապրիլին, բայց հենց իշխանության ձեռնարկած նահանջի քայլերի պատճառով դա խափանվեց»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը: 

Լուս.՝ armenianow.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter