HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրամ Բաղդասարյան. «Ասում են, որ Սերժ Սարգսյանը չարիք է, ի՞նչ է, այս կետերով չարիքը բարիքի պետք է վերածվի՞»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

- ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն այսօր իշխանություններին ներկայացրին պահանջների տասներկու կետանոց ցանկ: Ձեզ համար ընդունելի՞ են այդ պահանջները:

- Այդ տասներկու կետերի հիմնական մասը ընդգրկված է կառավարության ծրագրում, և ես շատ ուրախ եմ, որ քառյակն առողջ առաջարկություններ է անում: Ես չեմ տեսնում այստեղ պոպուլիզմ, ողջունում եմ: Մեզ համար այս կետերում բացարձակ նորություն չկար, մենք բազմիցս բարձրացրել ենք այս հարցերը, ասել ենք, որ կուտակայինի հետ կապված խնդիր կա, մենաշնորհի դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար… Կարծում եմ, որ այս հարցերը կարելի է քննարկման առարկա դարձնել, բայց ոչ նրա համար, որ դա քառյակն է որոշել, դրա համար ենք անում… Վերջապես քաղաքական առողջ առաջարկություններ են արվում, ու մենք դա ողջունում ենք: Որքան ընդդիմությունը առողջ լինի, այնքան մենք զգոն կլինենք:

- Քառյակը իշխանությանը մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել՝ խնդիրները լուծելու համար: Բավարա՞ր է այդ ժամանակը Ձեզ:

- Իրենք չեն մեզ ժամանակ տվողները: Մենք նայում ենք իրավիճակը, տեսնում, թե իրականության մեջ դրանք որքան ժամանակում կարող են իրագործվել: Մենք ենք ժամանակ նշողները. պետք է նայել, թե մեր տնտեսական իրավիճակն ինչպիսին է, մեր ծախսերը, մուտքերը ինչպիսին են: Մենք ուլտիմատումներով առաջ չենք շարժվում, պետք է նայենք, թե երբ կարող ենք իրականություն դարձնել: Ժամանակը որոշողը պետք է լինենք մենք:

- Ամեն դեպքում, ձեզ մինչև սեպտեմբերի 30-ը հնարավորություն են տվել աշխատելու և ձեր աշխատանքի արդյունքները ամփոփելու են համատեղ հանրահավաքում:   

- Մենք բոլոր հարցերին կտանք պատասխաններ, որովհետև իրենց կետերի մեծ մասը մեր օրացուցային հարցերն են ու մենք դրանք շատ հանգիստ կիրականացնենք: Թե նրանք ի՞նչ են անելու հետո, դա իրենց գործն է: Մենք կքննարկենք, խնդիրներն էլ տրամաբանական ժամանակում լուծում կստանան: Մենք արդեն ասել ենք, որ կառավարության ծրագրում դրանք կան, լուծումներ կստանան:

- Ո՞ր կետերը իշխանության համար ընդունելի չեն:

- Ձեզ թվում է, թե ընդդիմությունը ինչ կետ դնում է, ճշմարի՞տ է: Կետեր են լինում, որոնք առանց ինֆորմացիային տիրապետելու դնում են... Քննարկելի են բոլորը, չկա նոր բան, որ նորություն լինի, քննարկման առարկա է: Ընդունելի չէ, որ ասում են, թե ընդդիմությանը պետք է վերահսկողական լծակներ տան: Ես չեմ հասկանում՝ առանց պատասխանատվություն կրելու ի՞նչ վերահսկողական լծակների մասին է խոսքը: Եթե ընդդիմադիրներից մի քաղաքական ուժ հայտարարում է, որ անպտուղ են այդ մարդիկ, որ նրանցից որևէ բան սպասելի չէ, բայց առաջարկություններ են անում, ի՞նչ վերահսկողության մասին է խոսքը: Եթե որոշակի պատասխանատվություն են վերցնում, բնականաբար, նաև որոշակի վերահսկողություն են վերցնում, բայց ի՞նչ է նշանակում վերահսկողություն ունենալ առանց պատասխանատվության: Ասում են՝ մեզ տվեք վերահսկողություն, որ մենք հայհոյենք ու վերահսկենք ձեզ, չէ, տենց չի լինում: Մեր նպատակն այն է, որ ընդդիմությունը լինի առողջ, որպեսզի առողջ քաղաքական առաջարկներ անի: Կան քաղաքական ուժեր, որոնք ասում են՝ դուք վատն եք, էս եք, էն եք, մենք գանք, ու էդ ուժերը վերահսկողոևւթյուն են ուզում, ի՞նչ վերահսկողության մասին է խոսքը:

- Պարոն Բաղդասարյան, այս կետերը չկատարելու դեպքում չե՞ք կարծում, որ քառյակը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարեց, որ իրենց նպատակը չարիքից՝ Սերժ Սարգսյանից ազատվելն է: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե իրենց համար տաբու հարցեր չկան: Ի՞նչ եք անելու, եթե ամբողջական իշխանափոխության հանգեցնեն այս պահանջները:

- Եթե նման հայտարարություն են անում, էլ ինչո՞ւ են նման առաջարկ անում: Եթե մի քաղաքական ուժ նման հայտարարություն է անում, որ Ս. Սարգսյանը չարիք է, ի՞նչ է, սրանցով չարիքը բարիքի՞ պետք է վերածվի: Ինչո՞ւ են էլ ժամանակ կորցնում, եթե պետք է հրաժարական պահանջեն: Ի՞նչ հնարավորության մասին է խոսքը, չարիք, չարություն ասելով` էդ մարդիկ մաղձ են թափում, էդ մարդիկ չեն ցանկանում որևէ քննարկման մասնակցել, ասում են՝ մենք պետք է լինենք: Մի հատ հետ գնացեք իննսունականներ, կուզե՞ք նորից էդ մարդիկ լինեն: Թալանից են խոսում, մի հատ նայեք` ովքե՞ր են թալանի նախահայրերն այս երկրում: Մենք գիծ ենք քաշել անցյալի վրա, ասում ենք՝ եկեք միասին ամեն ինչ անենք երկրի համար, լավ գործ կատարենք, բարի գործ կատարենք, բայց իրենք ասում են` չէ, մենք ձեզ հետ գործ չունենք, մյուս օրը առաջարկություններ են անում: Դրա համար եմ ասում՝ քառյակն անհամատեղելի է, հակասություններ կան, մի փոքր ինձ համար անհասկանալի են իրենք: Աստված տա, դառնան հրաշալի հնգյակ, բայց... Մի հատ այդ քաղաքական ուժերի հայացքները նայեք՝ ծայրահեղ տարբեր են, անհամատեղելի, ինչպե՞ս կարող են էլ... Հիմա պահի ազդեցության տակ կարող են միանա՞լ... Աստված տա միասին լինեն, մենք էլ զգոն լինենք: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter