HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Զոհրաբյան. «Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեց տարի զբաղվել է տնտեսական կանիբալիզմով»

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կառավարության 2013թ. հաշվետվության խորհրդարանական քննարկման ժամանակ խոսեց «Հազարամյակի մարտահրավերներ կորպորցիայի» հովանավորությամբ Հայաստանում իրականացված հնգամյա դրամաշնորհային ծրագրի մասին, որի շրջանակներում շուրջ 50 հազար ֆերմերների համար 2007-2011թթ. կազմակերպվել է «Ջրից դեպի շուկա» դասընթացը: Ծրագրի բյուջեից 16,6 միլիոն դոլար է ծախսվել այդ դասընթացի վրա:

«Ամերիկյան խիստ հավաստի աղբյուրների համաձայն, «Հազարամյակի մարտահրավերները» դադարեցվել են` հիմք ունենալով 16,6 մլն դոլարի «լոլոն» գյուղացիական տնտեսությունների գլխին կարդալու համար»,- նշեց Զոհրաբյանը:

Անդրադառնալով նախորդ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության հաշվետվությանը` ԲՀԿ քարտուղարն ասաց, որ տպավորությունն այնպիսին է, թե մենք ապրում ենք բացարձակապես տարբեր իրականություններում: 

«Եթե ամեն ինչ լավ է, բոլոր ցուցանիշները կատարվել են, բյուջեն կատարվել է, բա ի՞նչ եղավ: Այստեղ ակամայից հիշում ես հայտնի անեկդոտը. բա որ բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ: Տպավորությունն այնպիսին է, որ մի վիրտուալ աշխարհ եք ստեղծել ձեզ համար և ընդամենը հրապարակում եք թվեր, որոնց տակ դատարկություն է` սնամեջ տարածք: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ հնարավոր չեղավ ապահովել նախատեսված տնտեսական աճը: Եթե ամեն ինչ այդքան լավ է, բոլոր ցուցանիշները կատարվել են, ապա ինչո՞ւ է Հայաստանը ներդրումների պակասի առումով աշխարհի ամենառիսկային պետություններից մեկը, որ որևէ մեկը անգամ չի համաձակվում ցուցաբերել կամիկաձեություն ու ներդրում անել: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է ՀՀ-ն ամենառիսկային պետություններից մեկը արտագաղթի տեմպերով: Գնացեք Վրաստանի սահման ու տեսեք, թե ինչ է կատարվում: Մարդիկ օդային սահմանը հատելու գումար չունենալով` արդեն ոտքով են լքում սեփական երկիրը:

Եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին գնում վերջին նվաստացման ու վերցնում ադրբեջանական ազգանուն՝ իր հայրենիքը լքելու համար: Ինչու է գործազրկությունը աճում: Ու պետք չէ կեղծ թվեր ներկայացնել, գործազրկության աճ է իբր գրանցվում: Ե՞րբ պետք է իշխանությունները գոնե մեկ անգամ ունենա քաղաքական համարձակություն` ներկայացնելու ձախողման իրական պատճառները և ոչ թե անընդհատ ասել, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ գերակատարվել է, բայց իրականում մենք կունենանք Հայաստան, որը կապ չունի «ապահով Հայաստանի» ձեր կեղծ իդեայի հետ:  Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեց տարի զբաղվել է տնտեսական կանիբալիզմով: Իրականում չի եղել ոչ մի աճ, չի եղել ոչ մի առաջընթաց, մենք կենսական ոլորտներում գրանցել ենք հետընթաց, երկիրն ինքը ներսից իրեն կերել է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը հավելեց, որ իրենք դեմ են քվեարկելու տնտեսական «կանիբալիզմի նախահայր Տիգրան Սարգսյանի կառավարության» հաշվետվությանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter