HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Մարգարյան. «Ինչո՞ւ եք Կիսելյովին մեղադրում, ես մեղադրում եմ մեր իշխանությանը»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն անընդունելի է համարում պնդումները, թե Հայաստանում ռուսաց լեզվի մակարդակը պետք է բարձրացվի:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի «Ռուսական գրքի գրադարանում», որը բացվել էր անցած տարի դեկտեմբերին Պուտինի երևանյան այցի կապակցությամբ, Ռուս-հայկական խորհրդարանական ակումբի 5-րդ նիստի ժամանակ ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովն ասել էր` եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի: 

Լրագրողի այս պահվածքն ու հայտարարությունը բարկացրել են որոշ քաղաքական գործիչներին:

«Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի լեզվի հարցը: Հայաստանում ռուսերենը ներկայացված է բավարար քանակով, պատշաճ մակարդակով կա, մենք ունենք ռուսական ալիքներ, մարդիկ առնվազն կենցաղային մակարդակով տիրապետում են ռուսերենին, ՌԴ հետ հարաբերություններում հասարակությունը բավական լուրջ մակարդակ ունի, ինչը ռազմավարական պայմանագրի հոգուն համահունչ է, իսկ մնացածն անընդունելի է: Սրանից ավելի էլ ի՞նչ»,- «Հետքի» հետ զրույցում նշեց նա՝ շեշտելով, որ Հայաստանում «Լեզվի մասին օրենքը» չի կարելի խախտել:

Ըստ պատգամավորին` օտար լեզուների կիրառությունը Հայաստանում բավարար է ու չի սպառնում հայերենի դուրս մղմանը: ԲՀԿ պատգամավորը համոզմունք հայտնեց, թե Կիսելյովի հայտարարությունները պաշտոնական ՌԴ դիրքորոշումը չեն արտահայտում: Ս. Մարգարյանն ասաց, որ եթե որևէ մեկը օրենսդիր մարմնում հանդես է գալիս նման հայտարարություններով, ապա դա մեր իշխանությունների մեղավորությունն է, որը խոսում է «դիմադրության, իմունիտետի պակասի» մասին:

«Այստեղ շատ կարևոր է հայկական իշխանությունների կեցվածքը, որոնք պետք է կարողանան դիմադրել: Ով չէր ալարում, ՌԴ-ից գալիս հայկական կայքերով ասում էր, թե ինչ է Ռուսաստանին պետք, ամեն մեկն իրեն իրավունք էր վերապահում կարծիք էր հայտնում, ասում էր, թե ՀՀ-ում ժամանակը չէ կառավարություն փոխել, իշխանությունների դեմ խոսել: Ու իշխանությունը չէր արձագանքում սրան` մտածելով, որ դա իրեն ձեռնտու է, բայց չէ՞որ դա ձեռնտու չէ պետությանը»,- հավելեց նա:

Ստեփան Մարգարյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները պետք է կանխատեսելի լինեն, հակառակ դեպքում ածանցյալ խնդիրներ են առաջանում, այդ թվում՝ լեզվի հարցը: «Եթե մեր իշխանությունները դրա դեմը չառնեն, մենք դեռ շատ փորձությունների առաջ ենք կանգնելու: Դիմացինն ուզում է ավելին, ուզում է ավելի լուրջ լծակներ, երբ տեսնում է, որ դու ոչինչ չես ասում»,- նշեց նա՝ շեշտելով, որ իշխանությունը պետք է հստակ պատասխանի, արձագանքի նման հայտարարություններին:

«Ցավոք սրտի, մենք վերջին տարիներին ցույց ենք տվել, որ կարող ենք ցանկացած պահի փոխել մեր հարաբերությունների ուղղությունը, ինչը դարձրել է մեզ խոցելի, անվստահելի: Սա շատ վտանգավոր է: Մեր նման երկիրը պետք է լինի հավատարիմ իր պայմանագրերին, պետք է լինի կանխատեսելի: ՌԴ-ն խնդիր չունի այստեղ ամեն ինչ իր ձեռքում վերցնել, ոչ, եթե դու հավատարիմ ես, նա էլ հավատարիմ է: Ինչո՞ւ եք Կիսելյովին մեղադրում, ես մեր իշխանությանն եմ մեղադրում: Ես գործ չունեմ Ռուսաստանի հետ, նա ունի իր խնդիրները, դրանք լուծում է, իսկ թե դու որքանո՞վ ես դիմադրում, դա է կարևոր: Հստակ ասա՝ որն ես դու, ինչ ես ուզում, գնա քո դրածով, ֆիքսի դա ու գնա»,- ընդգծեց Ստեփան Մարգարյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter