HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառյակը ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը որպես գործարքի առաջարկ չի ընդունում

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացրած 12 կետանոց պահանջները հրապարակելուց անմիջապես հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե քառյակն ամենակարևոր հարցին՝ սահմանադրական բարեփոխումներին, չի անդրադարձել: Փոխխոսնակը նկատեց, որ այդ 12 կետերի լուծումը կապված է հենց սահմանադրական բարեփոխումներին: 

Արդյոք Շարմազանովի հայտարարությունը գործարքի առաջարկ չէ՞ ընդդիմությանը, ակնարկ չէ՞ այն մասին, որ եթե քառյակը չընդունի սահմանադրական բարեփոխումների փաթեթը, իրենք էլ չեն ընդունի 12 կետանոց պահանջներն ամբողջությամբ: Սակայն ոչ իշխանական չորս խմբակցությունները ՀՀԿ խոսնակի հայտարարությունն որպես գործարքի առաջարկ չեն ընկալում:

«Հետքը» ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե արդյոք 12 կետերի լուծումը սահմանադրական բարեփոխումների հետ կապելով՝ իշխանությունը քառյակին գործարք չի՞ առաջարկում: Ի պատասխան՝ Մանուկյանն ասաց. «Իրենց համարձակությունը չի հերիքի մեզ ընդհանրապես գործարքի առաջարկ անել: Իշխանությունը շատ լավ գիտի, որ մենք մերժում ենք նրանց հետ որևէ կոնտակտ, որևէ քննարկում, բանավեճ: Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մեզ համար սահմանադրական բարեփոխումներ գոյություն չունեն»: ՀԱԿ պատգամավորը շեշտեց, որ իրենք իշխանության հետ որևէ քննարկման մեջ չեն մտնելու. «12 կետերը կամ կկատարեն կամ չեն կատարի. մեր վերաբերմունքը մենք չենք որոշելու իրենց հետ քննարկումների արդյունքում»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ նշեց, թե ինքը Է. Շարմազանովի հայտարարությունը որպես գործարքի առաջարկ չի դիտարկում: «Նման ընկալում ես չունեմ, չեմ ունեցել»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ քառյակը միասնական դիրքորոշում չունի, ապա Աղվան Վարդանյանը, դիմելով Է. Շարմազանովին, նշեց. «Ասեմ, որ այն միակ հարցը չէ, որի շուրջ քառյակը միասնական դիրքորոշում չունի: Տասնյակ հարցեր կան, որ մենք միասնական մոտեցում չունենք: Գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ը դեմ է խորհրդարանական կառավարման համակարգին, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» ասում են, որ կողմ են, բայց համարում են ժամանակավրեպ, ինչին մենք ասում ենք, որ սխալվում են: Փորձել գտնել մի պատրվակ, ասել, թե իբր թե ամենակարևոր հարցում համաձայնության չենք եկել, ես համաձայն չեմ. պարոն Շարմազանովին մենք կարող ենք մի 15 հարց ներկայացնել, որ մենք համաձայն չենք»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ Է. Շարմազանովի ուշադրությունը հրավիրեց քառյակի անդամ կուսակցությունների առանձին հայտարարությունների վրա՝ նշելով, որ բոլոր կուսակցություններն էլ իրենց դիրքորոշումն այդ հարցում հայտնել են: «Միասնական չէ, այո, այդ դիրքորոշումը: Քառյակի երեք ուժեր հայտարարել են, որ այս պահին խոսել սահմանադրական բարեփոխումների վրա, կնշանակի շեղել ուշադրությունը՝ օրակարգային դարձած սոցիալական խնդիրներից, որոնք կապ չունեն այդ փոփոխությունների հետ»,- ասաց Հակոբյանը:

Մեր հարցին, թե արդյոք Է. Շարմազանովի հայտարարությունն ակնարկ չէ՞ այն մասին, որ 12 կետերն ամբողջությամբ կընդունվեն սահմանադրական բարեփոխումների փաթեթն ընդունելուց հետո, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես ծիծաղելի եմ համարում այդ թվաբանական, շուկայական մտածողությունը: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ իշխանությունն այնքան պրիմիտիվ կգտնվի ու կասի, որ եթե սահմանադրական բարեփոխումները չընդունեք, 12 կետերը չենք ընդունի»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը գործարքի առաջարկ չընդունեց՝ վստահ լինելով, որ իրենց կողմից ներկայացված 12 կետերը միայն քառյակին չեն պետք. երկրին են պետք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter