HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը վաճառքից առաջ չեն գնահատվել. «գազի հանձնաժողովի» անդամը ներկայացնում է մանրամասները

Հունիսի 18-ի ԱԺ արտահերթ նիստում գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովը կներկայացնի միջանկյալ հաղոդրում` կատարված աշխատանքներն ամփոփելու ու գնահատելու համար: Հանձնաժողովի անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Հետքի» հետ զրույցում բացեց որոշ փակագծեր, թե ինչ է ներառված լինելու միջանկյալ հաղորդման մեջ:

Հայաստանը «Գազպրոմին» ունեցած 300 միլիոն դոլարի պարտքի դիմաց որոշեց վաճառել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի` ՀՀ կառավարության մասնաբաժին կազմող 20 տոկոս բաժնետոմսերը: Պարտքը մարելու համար իշխանությունները որոշեցին վաճառել բաժնետոմսերը կես գնով` 155 միլիոն դոլարով (63 մլրդ դրամով):

Թե ո՞վ և ինչպե՞ս գնահատեց բաժնետոմսերի գինը, այդպես էլ մնաց անհայտ: Ամփոփելով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները՝ Միքայել Մելքումյանը «Հետքի» հետ զրույցում հայտարարեց, որ այդ 20 տոկոս բաժնեմասը վաճառքից առաջ չի գնահատվել: «Այն, որ չի գնահատվել, դա ակնհայտ է: Կա գնահատման ընթացակարգի պրոբլեմ»,- նշեց նա` հորդորելով այլ մանրամասների համար սպասել, մինչև հաղորդումը կներկայացվի խորհրդարանին:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է Հայաստանը կուտակել 300 միլիոն դոլարի պարտքը, Մելքումյանն ասաց. «Այստեղ կրկին խնդիր կա: Կարծում եմ, որ պետք է դեռ հարցը քննարկվի»:

Պատգամավորն ասաց, որ ինքն անձամբ «երկու ձեռքով կողմ» կլիներ, եթե քառյակի 12-կետանոց պահանջների թվում տեղ գտներ նաև գազի և էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման հարցը, բայց փոխանցեց, որ այս և գազին առնչվող այլ հարցերը իրենք դեռ շարունակելու են քննարկել:

«Մենք իհարկե հարցադրում անելու ենք, որ հետագա ուսումնասիրությունները պետք է խորացնենք: Խորհրդարանին ներկայացվող հաղորդման մեջ հարցադրում կլինի, որ մինչև տարեվերջ երկարացնենք հանձնաժողովի աշխատանքը»,- ասաց Մելքումյանը:

Անդրադառնալով գազի «խորհրդավոր» մյուս հարցերին՝ Մելքումյանը փոխանցեց, որ հաղորդման մեջ կլինեն գնահատակններ՝ սակագնի ձևավորման, սահմանից մինչև սպառող ընկած ճանապարհին գազի գնի բարձրացման, ինչպես նաև «Հայռուսգազարդ» ընկերության աշխատակիցների թվի ավելացման ու նրանց աշխատավարձերի բարձրացման մասին:

«Գնահատականներ կլինեն կապված սակագնի ձևավորման ծախսերի արդյունավետության շուրջ: Խոսքը շահագործման, նորոգման ծախսերի մասին է: Կլինի գնահատական այն մասին, որ «Հայռուսգազարդ» ընկերության աշխատողների թվաքանակը սակագնի վերջին բարձրացումից առաջ 1000 հոգով ավելացել է, աշխատավարձն էլ 119 հազար դրամից դարձել է 227 հազար դրամ:

Կան գնահատականներ այն մասին, թե նորոգումները, գնումները ինչ թափանցիկությամբ են արվել, պահպանվել են արդյոք շուկայական միջին գները, թե ոչ:

Այն, որ սահմանի վրա գազի գինը կազմում է 189 դոլար, իսկ սպառողին վաճառվում է 390 դոլարով ևս տեղ է գտնելու մեր հաղորդման մեջ: Հիմա նայեք` 189 ստացանք սահմանի վրա, ճյուղավորվում է մինչև տասը հազար խորանարդ մետր ու տասը հազարից ավելի: Տասը հազարի համար 245 դոլար է, մինչև տասը հազարի համար` 390, միջանկյալ սակագինը 312 դոլար է կամ 315 հազար խորանարդ մետրի համար: Հիմա նայենք սպառման կառուցվածքը. 1,7 մլրդ-ից 550 մլն-ը գնում է բնակչությանը, մնացածը` գնում է տասը հազարից ավելին: Հիմա մենք հարցրել ենք. գինը 390 է, ինչպե՞ս է դա ձևավորվել: Հիմնավորում են, թե մենք ունենք ներքին ցանցում գազի բաշխման երեք ռեժիմ. բարձր ճնշում, միջին և ցածր: Ասում են, որ մինչև տասը հազարը ամբողջ սպառման 33 տոկոսն է, բայց ծախսերի 68-70 տոկոսն է: Այսինքն` ապացուցվում է, որ քանի որ ցածր ճնշում է ու ճյուղավորվում է, ծախսատար է: Բայց սա մենք դեռ պետք է վերջնական ստուգենք: Ես իմ անունից, որպես մասնագետ, կարող եմ ասել, որ բավական ծախսերի մեջ հիմնավորվածության կարիք կա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter