HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլենդել Հիլզը» ո՜չ եկավ, ո՜չ էլ տուն կառուցեց

Յուլիա Գրիգորյան

Շիրակի մարզի Շիրակ գյուղում 45 անօթեւան ընտանիք կա: Երկրաշարժից հետո նրանց հատկացված ժամանակավոր կացարաններն արդեն քայքայվել են, ապրելու համար դարձել ոչ պիտանի: Թեեւ Շիրակ գյուղում բնակարանաշինությունը նախատեսված էր սկսել նախորդ տարվա ապրիլին, եւ 10 շիրակցիներ «Գլենդել Հիլզ» շինկազմակերպության հետ պայմանագիր էին կնքել՝ սեփական բնակարանի կառուցման վերաբերյալ, բայց մինչ օրս քարը քարին չի դրվել: Պայմանագրի համաձայն՝ շինկազմակերպությունը 270 օրվա ընթացքում պիտի ավարտեր յուրաքանչյուր բնակարանի շինարարությունը եւ վերսկսեր հաջորդը:

Սուսաննա Մարտիրոսյանը նշեց, որ իրենց բնակարանի կառուցման պայմանագրի ժամկետն արդեն լրացել է: Պայմանագիր կնքելու համար իրենք ընտանիքի սուղ բյուջեից ծախսեր են արել, մի քանի անգամ գնացել-եկել մայրաքաղաք, անհրաժեշտ փաստաթղթերը կազմել եւ ներկայացրել «Գլենդել Հիլզին», սակայն անարդյունք: «Ո՜չ եկան, ո՜չ էլ տուն կառուցեցին, որ իմանայինք պիտի խաբեին՝ իզուր փութըմ փարա էս նեղ օրերին ինչո՞ւ կվատնեինք, ամեն ամիս խաբում են, թե կկառուցեն, ինչքա՞ն կարելի է ստել, էդ կազմակերպությանը պիտի դատի տալ»,- ասաց նա: Սուսաննան ասում է, որ տնակներում ապրել այլեւս հնարավոր չէ, ահավոր վիճակ է, ձմեռը` շատ ցուրտ, ամառը՝ շոգ: «Խոնավ ժամանակ բոլոճների հետ կկռվենք, տնակները դրված են անմիջապես գետնին, ինչքան ութոտնանի կա` մեր տանն են, պատերով ման են գալիս, ճաշի ու ամանների մեջ են մտնում, անկողնու մեջ են, գիշերները կծոտում են, շալը գլխիս եմ կապում, էրեխեքին գլխարկով եմ քնեցնում, որ ականջներիս մեջ չմտնեն, զզվել ենք արդեն»,- իրենց սարսափելի վիճակն է նկարագրում զրուցակիցս:

Սուսաննա Մարտիրոսյանի ավագ որդին 7 տարի առաջ իր ընտանիքով հեռացել է Ռուսաստան: Ասում է, որ տնակում նեղվածք էր եւ 3 ընտանիք միասին ապրել չէին կարող: Տղան այնտեղ վարձով է ապրում, վիճակը վատ է, վերադառնալու ցանկություն ունի, բայց տարբերակ չի տեսնում. եղած միակ տնակն արդեն փտած է: Երեխաների ննջասենյակում նույնիսկ բարակ փայտե սյուներ են ամրացրել, որ տանիքը չփլվի նրանց վրա:

Ծանր պայմաններում է գոյատեւում Նադինկա Ալեքյանը: Երկրաշարժի ժամանակ նա կորցրել է ամուսնուն, զավակ չի ունեցել եւ հիմա ապրում է մենակ: Նրա կացարանը խարխուլ, կիսաքանդ վիճակում է՝ առաստաղը կախված, հատակը փտած, խոնավության հոտից կարելի է գլխապտույտ ունենալ: Ծայրահեղ թշվառ վիճակ է աչքիդ առջեւ, այս կինն ապրում է քարե դարի կենցաղավարությամբ՝ չկա ջուր, գազ, լույսը վառվում է միայն մի սենյակում, որովհետեւ փչացած որեւէ բան վերանորոգել հնարավոր չէ, տնակի պատերն այն աստիճան են փտել, որ ծանրության չեն դիմանում, իսկ լամպերի մեջ ջուր է լցվում, սենյակների դռները ծռմռվել ու չեն փակվում:

Փաստաթղթային երկար քաշքշուկներից հետո Նադինկա Ալեքյանը, որպես միայնակ, ստացել է 3 մլն դրամ, սակայն ասում է, որ այդ գումարին համարժեք բնակարան չի կարող գնել, Գյումրու նորակառույց «Մուշ 2» թաղամասում 1 սենյականոց բնակարան թերեւս հնարավոր էր առնել, բայց բնակարանների սեփականաշնորհման թույլտվության բացակայության պատճառով՝ այժմ դա էլ չի կարող, մնացել է հին տաշտակի առջեւ նստած: Գումարը պահել է՝ հույս ունենալով, որ կկարողանա մի տուն գնել եւ դուրս գալ էդ  խցից: «Էսքան տարի շան օրի եմ ապրել, ամառը հարեւաններից ջուր եմ կրում, ձմռանը՝ ձյուն եմ հալեցնում, էնքան է եղել մարդկանց նեղություն չտալու համար ձյան ջրով կարտոֆիլ եմ խաշել-կերել, լողանալու հնարավորություն չունեմ, մոռացել եմ, թե վերջին անգամ երբ եմ լողացել, անասուն չունեմ, եկամուտ չունեմ, չոր թոշակով յոլա եմ գնում, հիվանդ կին են, օգնող չունեմ, ինչքան ուժերս ներում են՝ բոստան եմ մշակում, տնակ չի մնացել երկաթե կաղապարն է, ապշել-մնացել եմ, թե ձմեռը ո՞նց եմ տաքացնելու: Դարդի միջից ելած մարդ եմ ...»,- սրտնեղում է Ն. Ալեքյանը:

Գեղեցիկ Գրիգորյանի 8 հոգանոց ընտանիքն ապրում է երկու սենյականոց տնակում, սոցիալական պայմաններից չի դժգոհում եւ միակ խնդիրը տուն ունենալն է, սակայն սեփական ուժերով տուն գնել չեն կարող: «Եթե պետությունը տուն չտա, մենք ի վիճակի չենք լինի գնել, անասուն ենք պահում, հող ենք մշակում. մենք քրտնում՝ մենք էլ ապրում ենք, ամուսինս եւ տղաս սիրում են էս հողը, դուրս չեն գալիս, իսկ այստեղի փողով տուն առնելն անհնար է, թե չէ մենք մեր գլխի ճարը կտեսնեինք, էլ չէինք սպասի, թե երբ կբարեհաճեն մեզ համար տուն շինե»,- ասում է Գեղեցիկը: 

25 տարի շարունակ իրենց խաբված զգալով՝ շիրակցի անօթեւանների մեծ մասը կորցրել է հավատն ու վստահությունը սեփական պետության նկատմամբ, նրանք արդեն կասկածում են, որ երբեւէ տուն կունենան, ուզում են բնակարանաշինության հետաձգման խնդիրը բարձրաձայնել, բայց չգիտեն ում դիմել: «Երկրի իշխանությունը խնամի-խնամի է խաղում, Գալուստ Սահակյանն ինչ, որ իրա նախագահած Ազգային ժողովն ինչ լինի, դրանց շատ պետք է, թե մենք ինչ պայմաններում ենք ապրում, ո՞ւմ դիմենք, էն բախտավոր Աղաբաբյանի՞ն, մեր գյուղից ձայները տարավ, բայց տեր չէ, ոչինչ չի անում: ԱԺ-ում ամեն մեկն իր շահի համար է աշխատում, ամեն մեկը կրակն իր բաղաջի տակն է քաշում»,- ասում է Սուսաննա Մարտիրոսյանը

Շիրակցի անօթեւանները նշեցին, որ բնակարանաշինության ձգձգման խնդրով կուզենային դիմել քաղաքաշինության նոր նախարարին, կուզենային դատի տալ շինկազմակերպությանը, սակայն համայնքապետն իրենց հորդորում է գործը ավելի չփչացնել եւ լուռ մնալ: «Այս տարի էլ ոչինչ չեն անի, հաջորդ տարի Եղեռնի 100-րդ տարելիցն է, ողջ գումարները դրա վրա կծախսեն՝ մենք էլի անտուն կմնանք»,- համոզված է Սուսաննա Հարությունյանը:

Շիրակի համայնքապետ Խորեն Հարությունյանը համագյուղացիներին լռեցնելու կոչը այսպես է հիմնավորում. «Բողոքելու բան չկա, բնակարանաշինությունն ամեն տեղ կանգնած է, հիմնական պատճառն այն է, որ պետությունը գումարներ չունի: Ես կամ՝ հարցը բարձրաձայնում եմ, էլի: Մեր համայնքում շինարարություն չի սկսվել, որովհետեւ կառավարությունը գումար չի փոխանցել: Չեմ կարծում, թե պետությունը շահագրգռված չէ այս հարցով, չեմ կարծում, որ այս գլխացավանքից չի ուզում ազատվել, սական քյասիբ պետություն է, շատ բան չի կարող առայժմ անել»:

Համայնքապետը նշեց, որ 45 անօթեւաններից 7-ը, որպես միայնակ, ստացել են 3-ական մլն դրամ: Նրանցից ոչ ոք տուն չի գնել, Խ. Հարությունյանի մեկնաբանությամբ, եթե էլիտար շենքում տուն ուզենան գնել, իհարկե, չեն կարողանա, բայց նորմալ տուն կարող են գնել, իսկ ներսի պակաս-պռատը թող իրենք լրացնեն, հակառակ դեպքում կմանան առանց տանիքի:

 30 ընտանիք հերթագրված են, իսկ 8-ը դուրս են մնացել ցուցակից՝ համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու պատճառով, նրանց հարազատներից ոմանք  բացակայում են երկրից, իսկ 16 ընտանիք ընդհանրապես չեն ընդգրկվել ծրագրում, որովհետեւ արտագաղթել են:

Համայնքապետի խոսքով՝ 10 ընտանիք դատական կարգով վերականգնել է անօթեւանության կարգավիճակը: Նրանք ընդգրկված են ցուցակում, սակայն այս տարի բնակարանաշինության մասին խոսք չկա: Համայնքապետն ինքն էլ ընտանիքի 11 անդամներով ապրում է տնակում, շատերի նման եղել է Ռուսաստանում, բայց վերադարձել է եւ համոզված է, որ ինչքան էլ դժվար լինի կենսակերպը, հայրենիքում ապրելը ճիշտ է: «Ավելի լավ է այստեղի վատը, քան այնտեղի լավը: Օտարի լծի տակ ապրելը երջանկություն չէ»,- ասաց Խորեն Հարությունյանը:

Թե ի՞նչ խնդիրներ ունի համայնքը, Խ. Հարությունյանը պատասխանում է, որ աշխարհի տակի բոլոր պրոբլեմներն ունի. «Մարդիկ փող չունեն, հարկերը չեն հավաքվում, շատերը չեն կարող հողը մշակել, մի մասն իրենց հողը վաճառել են, դաշտերի 95%-ը ոռոգելի է, բայց չեն օգտվում, որովհետեւ թանկ արժե: Տեղի խնդիրները չենք կարող լուծել, որովհետեւ բյուջե գումար չի հավաքագրվում, հարկ է վճարում բնակչության 30-40%-ը, մնացածը կա’մ չեն կարող, կա’մ չեն ուզում»:

Մեկնաբանություններ (1)

zohrab
i totally agree with the mayor little armenia is better than any other anywhere

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter