HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Մարգարյան. «Մեր քայլերը կլինեն ավելի ռադիկալ, եթե 12 կետերը չիրականացվեն»

«Հետքի» հարցերին է պատասխանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը

-ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները իշխանությանը ներկայացրին 12 կետ՝ պահանջելով դրանք լուծել մինչև սեպտեմբերի 30-ը: Ի՞նչ հետևանք կլինի, եթե այդ կետերը չիրականացվեն:

-Մեր 12 կետերը միայն մեզ չեն պետք: Դա երկրին է պետք: 12 կետերի տերն արդեն քառյակը չէ. քառյակը ֆիքսել է դրանք, նշել ենք, հանձնել նրանց, ուստի 12 կետերի տերն այլևս հանրությունն է, հասարկությունն է, պետությունը: Մենք ընդգրկել ենք այն կետերը, որոնք մարտահրավեր են մեր առաջ: Եթե իշխանությունը չի կատարի դրանք, երկիրը փլուզվի: Գուցե սուր է հնչում, բայց այո, եթե իշխանությունները չկատարեն այդ կետերը, առնվազն բազմաթիվ բնագավառներում մենք կունենանք փլուզում:

-Պարոն Մարգարյան, կետեր կան, որոնց լուծումը իշխանությունը կապում է սահմանադրական բարեփոխումների հետ: Քանի որ քառյակում սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ կոնսենսուս չկա, կարելի՞ է ենթադրել, որ այդ կետերը չեն ընդունվի:

-Քառյակը սահմանադրական բարեփոխումներին չի անդրադարձել, որովհետև այդ հարցում վերջնական միասնական մոտեցում մենք չունենք: Ես բացահայտ ասում եմ ձեզ՝ Հայ յեղափոխական դաշնակցությունը գտնում է, որ դա ճիշտ է, որ սահմանադարական փոփոխությունները պետք է կատարվեն, բայց մենք այդպես չենք համարում, ուստի հարցը չենք ներառել պահանջների շարքում: Մենք բազմիցս ասել ենք, որ սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն չկա: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունը կապում է որոշ կետեր այդ բարեփոխումների հետ, ապա ասեմ, որ մեր կետերի մեջ որևէ բան սահմանադրության հետ կապված չէ: Այդ կետերի իրականացումը կախված է կառավարության լուրջ, քրտնաջան աշխատանքից, քաղաքական կամքի դրսևորումից, ցանկությունից՝ ուզու՞մ են անել, թե՞ չեն ուզում: Եթե կա քաղաքական կամք, ադեկվատություն, գործադիրի քրտնաջան աշխատանք, ապա մեր կետերը կստանան իրենց լուծումը, կիրականացվեն: Երբ մենք հայտարարում էինք այդ կետերի մասին, մենք մի սկզբունք որդեգրեցինք, որ եթե պահանջում ենք կառավարությունից, իշխանությունից այս կամ այն հարցի լուծումը, արդյոք մենք գիտե՞նք դա անելու ձևը: Մեր պահանջների թվում միայն այն հարցերն են, որոնց լուծման եղանակը, մեխանիզմը, բանաձևը մենք գիտենք ու, եթե մենք գիտենք դրա իրականացման ձևը, մենք կանենք դա:

-Քանի որ դուք գիտեք, թե ինչպես պետք է իրագործել այդ 12 կետերը, դուք կօգնե՞ք կառավարությանը, եթե ձեզ դիմեն:

-Այո, մենք խնդիր չունենք: Մենք չենք գրել այդ կետերը նրա համար, որ կառավարությունը չկարողանա դրանք կատարել, մենք էլ կանգնենք ասենք՝ այ, դուք չկատարեցիք, մենք ասեցինք, իսկ դուք չկարողացաք, ուրեմն դուք վատն եք... Նման փիլիսոփայություն մենք չունենք, մենք ուզում ենք, որ դրանք իրագործվեն, երկիրն էլ չփլուզվի:

-Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ 12 կետերի մեծ մասն իր համար ընդունելի են: Քառյակի համար սկզբունքայի՞ն է, որ կետերը ամբողջությամբ կատարվեն, թե՞ կբավարարվեք նաև մասնակի լուծմամբ:

-Գիտեք, սա սպորտ չէ, այստեղ սպորտային բան չէ դրված: Եթե չի կատարվի կետերից մեկը, այդ բնագավառն ուղղակի կփլուզվի: Թե մենք դրանից հետո ի՞նչ կանենք, եթե այդ խնդիրը չլուծվի, դա երկրորդական հարց է: Անշուշտ, եթե կետերը չեն կատարվի, մենք ռադիկալ պահանջներ կդնենք, որովհետև, այդ կետերը չկատարելով, երկիրը չի կարող առաջ գնալ:

-Ռադիկալ ի՞նչ պահանջ կներկայացնեք, արդյոք խոսքը ամբողջական իշխանափոխության մասի՞ն է:

-Մենք ստիպված կլինենք պահանջել ավելի լուրջ քայլերի իրականացում, որոնք կրկնում եմ, կլինեն ավելի ռադիկալ: Մենք ասում ենք, որ առանց այդ կետերի չի լինում...  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter