HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Նիկոյան. «ԲՀԿ-ի թիրախը այլևս կառավարությունը չէ»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

- Ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների ոգևորությունը քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջների նկատմամբ, որը լուծելու համար ոչ իշխանական չորս ուժերը մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ են տվել իշխանությանը:

- Բոլորս գիտենք, որ ընդդիմության քաղաքական գործունեության արտահայտման ձևերից մեկը անընդհատ պահանջներ դնելն է, ուստի 12 կետանոց պահանջներին շատ սովորական եմ վերաբերում: Էլ ի՞նչ ընդդիմություն, որ պահանջներ չդնի. դա իրենց գործառույթն է, որը կատարում են: Այն, որ քառյակը պահանջներ է ներկայացնում և ժամանակ տալիս իշխանությանը դրանք իրականացնելու համար, թերևս, որոշակի առումով նորություն է, միգուցե առաջին հայացքից չերևացող, բայց համագործակցության ֆորմատ է: Այս պարագայում ընդդիմությունը ըմբռնումով է մոտենում, ժամանակ է տալիս իշխանությանը: Իսկ դուք գիտեք, որ սովորաբար մեծամասնությունն է միշտ ասում, որ պետք է ժամանակ, հնարավորություն տալ կառավարությանը, սպասել, որպեսզի հասցնի ավարտել գործերը: Եթե ընդդիմությունն էլ այս հարցում համակարծիք է մեզ հետ՝ դա միայն լավ է:

Ինչ վերաբերում է 12 կետերի բովանդակությանը, որոնք չգիտեմ՝ խնդրանք են, թե պահանջ, ասեմ հետևյալը. ինձ համար տարօրինակ է, որ քառյակի 12 կետերի թվում կան կառավարության ծրագրում ընդգրկված կետեր: Ընդդիմությունը շատ լավ գիտի, ծրագրի խորհրդարանական քննարկման ժամանակ լսել է, որ այդ կետերն ընդգրկված են: Հիմա նրանք ուզում են, որ կառավարությունը կատարի իրենց ծրագրում ընդգրկված կետե՞րը: Ավելորդ է կառավարությանը հիշեցնել լուծում տալ այն խնդիրներին, որոնք     պատրաստվում է լուծել: Խնդիրներ կան, որոնց լուծման համար կառավարությունը ժամկետ տալ չի կարող, որովհետև դա գործընթաց է: Իսկ եթե որևէ մեկն ուզում է ժամկետ դնել կառավարության առաջ, ապա չարաչար սխալվում է. կառավարությունը ընդդիմության կողմից դրված ժամկետներով չէ, որ պետք է առաջնորդվի: Կառավարությունն առաջնորդվում է այն հնարավորությունների շրջանակներում, որոնք կան:

- Ո՞ր կետերն է պատրաստ իրականացնել իշխանությունը:

- Կառավարությունը կկատարի այն քայլերը, որոնք ներառված են իր ծրագրում կամ նախապես կառավարության կողմից գնահատվել են որպես կարևոր: Կրկնում եմ՝ ընդդիմությունը պահանջում է կառավարությունից կատարել այնպիսի կետեր, որոնք չկան կառավարության ծրագրում: Իհարկե, դա ընդդիմության գործն է, թող պահանջեն, բայց կառավարությունը երբեք էլ պարտավորված չէ ամեն պահանջի ընդառաջել: Եթե այդպես լիներ, թող ընդդիմությունը երկիրը ղեկավարեր իր պահանջներով, թող անըդհատ պահանջներ ներկայացներ կառավարությանը, կառավարությունն էլ իրականացներ ու արդյունքում կստացվեր, որ երկիրը ղեկավարում է ընդդիմությունը: Ես չգիտեմ՝ ի՞նչն է ընդդիմությանը ոգևորել այն աստիճան, որ իրենք սկսկել են պահանջների լեզվով խոսել, որ սկսկել են մտածել, թե գործընթացները կարող են կառավարելի դառնալ իրենց պահանջների միջոցով, բայց չարաչար սխալվել են:

Այն կետերը, որոնց լուծումը կառավարությունը չի տեսնում, անհրաժեշտ չի համարում դրանք լուծել կամ այլ տեսակետ ունի այդ հարցերով, կառավարությունը կվարվի ըստ նպատակահարմարության: Խնդիրներ կան, որոնք զուտ ընդդիմության տրամաբանությունից են բխում ու, բնականաբար, դրանք կիրականացվեն ըստ նպատակահարմարության:

- Ո՞ր  խնդիրներն են, որոնք զուտ ընդդիմության տրամաբանությունից են բխում: Նկատի ունեք ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին կետե՞րը:

- Այո, նաև այդ կետերը: Եթե ընդդիմության ներկայացուցիչների հետ խոսեք, հարցնեք, թե ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են՝ ընդդիմությանը վերահսկողական լծակներ պետք է տալ, հաստատ բութ մատը պարզած իրենց ցույց կտան ու կասեն, որ իրենց պետք են շատ կարևոր՝ գործադիր, ստուգող, վերստուգող, լծակներ: Միևնույն ժամանակ հենց նույն ընդդիմությունը չի ցանկանում պատասխանատվություն կրել կառավարման համար՝ կոալիցիոն սկզբունքով: Դեռևս 95 թվականից ՀՀԿ-ն միշտ կոալիցիոն սկզբունքերով է կառավարություն ձևավորել, այս անգամ էլ առաջարկեց, բայց ընդդիմությունը չցանկացավ, ասաց չէ, պատասխանատվություն չենք ուզում, բայց իրավունք ուզում ենք: Մենք էլ ասում ենք՝ ոչ, նման բան չի կարող լինել, առանց պատասխանատվության որևէ իրավունք չի կարող լինել:

- Կարծիքներ հնչեցին, որ քառյակը ուլտիմատումի, շանտաժի լեզվով է սկսկել խոսել իշխանության հետ՝ ձեր առջև ժամանակ դնելով: Սա վտանգավոր չէ՞ հենց իշխանության համար:

- Չէ, ես այդ կարծիքը չունեմ, նման տպավարություն չունեմ: Հակառակը, իմ կարծիքով, քառյակում փոքր-ինչ շփոթ վիճակ է: Ապրիլի 28-ին ընդառաջ նրանք խոստանում էին համազգային «հուժկու» հանրահավաք անցկացնել ու Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջել, բայց ի՞նչ եղավ՝ քառյակը Տ. Սարգսյանի հրաժարականից հետո ընկավ շփոթի մեջ, որովհետև քառյակի անդամ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր շահերն էր հետապնդում: Մի մասին պետք էր հենց կառավարության, հենց Տիգրան Սարգսյանի հրաժարականը, մյուս մասն էլ ավելին է ուզում: Կյանքը ցույց տվեց, որ Տ. Սարգսյանի հրաժարականով բավարարվեց քառյակի մի մասի շահը, ու նրանք հանգստացան, ամեն ինչ իրենց տեղն ընկավ:

- Այդ դեպքում քառյակի 12 կետերը, որոնք ուղղված են Հովիկ Աբրահամյանի կառավարությանը, ո՞ր ուժի շահերն են սպասարկում:

- Չգիտեմ, թե 12 կետերը քառյակից կոնկրետ ում են պետք: Բայց մի բան հստակ է. ընդդիմությունը գնաց ամառային արձակուրդի: Գոյություն ունի քաղաքական վակուում հասկացություն: Հիմա ընդդիմությունն այդ վակումը լցնելու կարիք ունի, ասում են՝ մի բան անենք, օրը գա, տեսնենք ի՞նչ կլինի: Աշնանը կտեսնենք՝ ով ինչ է ուզում և ով է շահում այդ կետերից: Մի մասը համակարգային փոփոխություններ է ուզում, դրա մասին խոսում է ամեն վայրկյան, մյուս մասն էլ դեռևս սպասումների փուլում է: Ահա այս պաուզան, որը կձգվի մինչև սեպտեմբեր, կօգնի, որ իրենք իրենց մեջ հասկանան՝ ով ինչ է ուզում:

- ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում հայտարարեց, որ եթե 12 կետերն ամբողջությամբ չիրականացվեն, իրենք կդիմեն ռադիկալ քայլերի: Իշխանությանը չի՞ վախեցնում ԲՀԿ-ի նման մոտեցումը:

- Չէ, ինձ բացարձակապես ոչ մի բան չի վախեցնում: Նման հայտարարություններ առաջին անգամ չեն արվում: Եղել են շատ ավելի ռադիկալ պահաջներ, շատ ավելի ռադիկալ մարդկանց, շատ ավելի ռադիկալ քաղաքական ուժերի կողմից, մենք շատ ավելի դաժան քայլերի մասին ենք լսել, բայց...

- Այսինքն՝ ԲՀԿ-ն ընդունա՞կ չէ ռադիկալ գործողությունների: Եվ դա՞ է պատճառը, որ իշխանությունը անհանգստացած չէ:

- Ոչ, ոչ, ես նման բան չասացի, ես ասում եմ, որ կգա ժամանակը, թող դիմեն ռադիկալ գործողությունների: Ինչի՞ մասին է խոսքը, թող դիմեն... Եթե գտնում են, որ պետությունը պետք է ղեկավարեն պահանջագրերի տեսքով, եթե չեն հասկանում, որ դա սխալ է, թող անեն:

- Պատրաստակամությունը՝ գնալ ռադիկալ քայլերի, ըստ Ձեզ, կտանի՞ դեպի ամբողջական իշխանափոխության պահանջ ներկայացնելուն:

- Բոլոր նախագահների պարագայում էլ ընդդիմությունը ամբողջական իշխանափոխություն է պահանջել: Ընտրվելու առաջին իսկ օրվանից բոլոր նախագահների հրաժարականը պահանջել են: Հիմա էլ ամեն օր պահանջում են, պահանջելու են. բա ընդդիմության գործը ո՞րն է, թող պահանջեն: Ես հանգիստ եմ վերաբերում բոլոր այդ պահանջներին. ընդդիմության գործը պահանջելն է:

- Պարոն Նիկոյան, չե՞ք կարծում, որ 12 կետերը ներկայացնելով՝ ԲՀԿ-ի թիրախը չի փոխվել՝ կրկին կառավարությունն է:

- Ոչ, ես այդպես չեմ կարծում, այլևս ոչ… Նախ պետք է ճշտել, թե որտե՞ղ է ձևավորվել այդ պահանջների փաստաթուղթը, ի՞նչ խնդիրներ է ուզում լուծել: Կարծում եմ, որ այս փաստաթղթին պետք չէ այդքան լուրջ մոտենալ, որովհետև սրա տակ քառյակի յուրաքանչյուր անդամ, ուժ տարբեր բան է տեսնում: Թե ի՞նչ՝ հարցրեք նրանցից:

Մեկնաբանություններ (3)

Արտակ
Քառյակի ու ԲՀԿ-ի մասին պետք է դատել ոչ թե ըստ Նիկոյանի խոսքերի, այլ ըստ փաստերի և քաղաքական իրադարձությունների, իսկ դրանք ամենևին էլ Նիկոյանի օգտին չեն.. Բավական է միայն նշել, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հենց Քառյակի պահանջով հրաժարական տվեց և դա արդեն բավական է դատելու Քառյակի կենսունակության մասին Նիկոյանը ուղղակի հանգստանցնում է ինքն իրեն, ուրիշ ոչինչ, բայց խոսքերը մի բան են, իրական քաղաքական կյանքը բոլորովին այլ բան.
Պարգև
Եվս մի քաղաքական դիակ փորձեց խոսել..ասա այ օգտագործված և ֆրագմենտացված մարգինալ...հիմա էլ քեզ են սսկսել պատվերների միջոցով ակտիվացնել...քառյակի գործունեությունը ով-ով դու այդքան չկաս, որ գնահատես....
Հրանտ Խաչատրյան
Իշխանական ճամբարում տիրող խուճապի մասին վկայող հոդված: Հաշվի առնելով Քառյակի կենսունակությունն և համախմբվածությունը՝սա առավել ակնհայտ է դառնում: Չնայած ՀՀԿ անդամ Նիկոյանի ասածներին՝ քաղաքական գործընթացները հակառակն են ապացուցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter