HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինքը մտածում է, որ հայ ժողովուրդը մութ ու ցուրտ տարիները մոռացել է»,- Հերմինե Նաղդալյանը Զուրաբյանի մասին

«Չեմ կարծում, որ բոլորիս պետք է բավարար լիներ այն իրավիճակը, որ սահմանված է շահութաբերության նորմա, կորուստներն աճում են, սակագինն էլ մենք մեր սպառողների հաշվին պիտի լրացնենք ու անընդհատ բարձրացնենք: Այս իրավիճակը ոչ մեկիս չի կարող բավարարել»,- էլեկտրանէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ, Նաղդալյանի դիտարկմանն արձագանքելով, նշեց, թե թյուրընկալում կա: Նազարյանն ասաց, թե այնպես չէ, որ իրենց չի հետաքրքրում որևէ ընկերության արդյունավետ աշխատանքը. «Բայց մենք կարգավորող մարմին ենք ու չենք կարող մեր լիազորությունները գերակշռել»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:

Նազարյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նախ նշեց, թե ողջունում է Հերմինե Նաղդալյանի քննադատությունը՝ մինույւն ժամանակ նշելով, թե վերջինս սխալ թիրախ էր ընտրել:  

«Թիրախը սխալ է ընտրված, տիկին Նաղդալյան, առաջին հերթին այդ քննադատության թիրախը պետք է լինի Հանրապետական մեծամասնությունը, որը թույլ է տվել այս խնդիրները: Այստեղ Ռոբերտ Նազարյանն անելիք չունի»,- նշեց նա: Հերմինե Նաղդալյանը տեղից արձագանքեց. «Ես Ձեզ պես պատգամավոր եմ և իրավունք ունեմ ինքս ավելի լավ որոշելու, թե որ թիրախն է ավելի լավ»:

Շարունակելով իր խոսքը՝ Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Տխրահռչակ պայմանագրի՝ «Հայռուսգազարդի» հետ, որով հայկական կողմը պայմանավորվել է Հրազդանի հինգերորդ բլոկի արտադրված էլեկտրաէներգիան առաջնային կարգով առնել, իսկ դա թանկ է, հետևանքներն արդեն երևում են: Նախորդ տարի այդ բլոկից 33 դրամով չորս հարյուր միլիոն կվ/ժամ է գնվել՝ 13.2 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, հաջորդ տարի նախատեսված է հինգ հարյուր միլիոն կվ/ժամ գնել, որն ստեղծում է 16.5 միլիարդ դրամի գումար, այսինքն՝ 3.3-ով ավելի թանկ էլեկտրաէներգիա ենք գնելու Հրազդանի հինգերորդ բլոկից»:

Լևոն Զուրաբյանը Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում այդ պայմանագրի ազդեցությունը էլեկտրաէեներգիայի թանկացման վրա: Ի պատասխան՝ Նազարյանը հավաստիացրեց, որ Հրազդանի ՋԷԿ-ի պայմանագրին չի ցանկանում որևէ գնահատական տալ, քանի որ ինքը ոչ պայմանագրի կնքման կողմ է եղել, ոչ էլ իրենց հանձնաժողովը նման խնդիրներին է անդրադառնում:

Հերմինե Նաղդալյանը կրկին աձագանքեց Զուրաբյանի դիտարկումներին: «Շատ լավ բաների մասին խոսեց սիրելի կոլեգաս՝ ցնցումներ, ստաբիլիզացիոն ֆոնդեր, ցածր վարկեր և այլն: Հենց քաղաքական այն ուժն է, որը լրիվ բարոյական «իրավունք ունի» այս թեմաներով մեզ կշտամբելու: Մեզ տխրահռչակ կամ այլ անուններով է դիմում, որովհետև ինքը մտածում է, որ ամբողջ հայ ժողովուրդը մութ ու ցուրտ տարիները և իրենց քաղաքականությունը վաղուց արդեն մոռացել է, և մեզ կարող է քննադատել: Բոլորովին էլ այդպես չէ, սիրելի՛ պարոն Զուրաբյան»,- ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter