HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀԿ-ն իր ներսում խնդիրներ ունի». քառյակ

Չնայած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քառյակի կողմից ներկայացված 12 կետանոց պահանջներից շատերն իր համար ընդունելի են, երեկ ՀՀ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հանդես եկավ հակառակ դիրքորոշմամբ՝ նշելով, որ Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի հրապարակած 12 պահանջներից և ոչ մեկը կառավարությունը չի պատրաստվում ընդունել: Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները միմյանց հակասող հայտարարություններից հետևող մեկ եզրահանգում ունեն՝ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը ամրագրելու կարիք ունի:

«Հետք»-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն  ասաց, թե իր կարծիքով իշխող հանրապետական մեծամասնությունն իր ներսում խնդիրներ ունի՝ նկատի ունենալով այն, որ ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հավաստիացրել են, թե իրենց համար կետերից շատերն ընդունելի են:

«Ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունը իր ներսում խնդիրներ ունի, քանի որ տարբեր բաներ են ասում. մեկ ասում են, թե ոգևորված են ընդդիմությամբ, այդ 12 կետերով, մեկ էլ ասում են չեն կատարելու դրանք: Ուստի կարելի է միայն եզրակացնել, որ իրենք իրենց մեջ խնդիրներ ունեն ու պետք է շտկեն իրենց դիրքորոշումը: Անկախ տարբեր հայտարարություններից և մեկնաբանություններից՝ քառյակի պահանջների կատարումը լրջորեն կխարխլեր համակարգի հիմքերը, որովհետև երբ քառյակի առաջարկած կետերը ընդունվեն, դա կլինի համակարգային ամբողջական փոփոխությունների սկիզբը»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, թե իր համար զարմանալի է նման «կատեգորիկ» հայտարարությունը Դավիթ Հարությունյանի կողմից:

«Կառավարության ղեկավարը բացարձակապես այլ տեսակետ էր նշել, ասելով, որ իր համար կան ընդունելի կետեր, որոնք քննարկելի են: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես կատեգորիկ հայտարարություններ չի հնչեցրել: Ի՞նչ է Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, եթե ոչ ուղղակիորեն տարբերվող կարծիք հենց նույն Շարմազանովի հնչեցրած տեսակետից, էլ չեմ ասում վարչապետի հնչեցրած գնահատականի մասին: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր ներսում խաղի կանոններ ճշգրտելու խնդիր ունի»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:

Լուս.՝ aravot.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter