HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հակոբյան. ««Ժառանգության» մեջ սովոր են՝ ով, երբ, ինչ ցանկանում, ասում է»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱՄՆ-ում ուսում ստանալուց հետո Հայաստան է վերադառնալու շուրջ 10 օրից: Փոստանջյանի մեկնելուց հետո խմբակցության ղեկավարի պաշտոնը տրվեց Ռուբեն Հակոբյանին, ով արդեն մեկ անգամ հրաժարվել էր խմբակցությունը ղեկավարելուց:

«Հետք»-ը Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե արդյոք Զարուհի Փոստանջյանը Հայաստան վերադառնալուն պես կրկին զբաղեցնելու է խմբակցության ղեկավարի պաշտոնը: Ի պատասխան՝ Ռ. Հակոբյանն ասաց, թե հարցը դեռ որոշված չէ: «Գիտեք, թերթերը շատ անհեթեթություններ են գրում, ամեն մեկն իր դաստիարակության և բամբասանքի սահմանում, բայց ասեմ, որ մեզ մոտ որևէ խնդիր չկա: Ես բարի վերադարձ եմ մաղթում Զարուհուն, նրա տեղը իսկապես զգացվում է քաղաքական դաշտում և ամեն ինչ կընթանա այնպես ինչպես կա, որևէ հարց նախապես որոշված չէ, մենք աշխատում ենք, ամեն ինչ նորմալ է»,- նշեց նա:

Մեր հարցին, թե արդյոք Զարուհի Փոստանջյանի վերադարձը չի սպառնում քառյակի գործունեությանը, հաշվի առնելով Փոստանջյանի վերջին հարցազրույցում արված հայտարարությունը, թե քառյակի անդամ կուսակցությունները սպասարկում են օլիգարխիային, ուստի ինքը քառյակի հետ համագործակցության հեռանկարներ չի տեսնում, Ռուբեն Հակոբյանն արձագանքեց այսպես. «Ես չեմ կարծում, որ որևէ անհատի դիրքորոշմամբ կարող է ինչ-որ բան փոխվել, քաղաքական կուրսը փոխվի, բայց Զարուհին կգա կքննարկենք»:

Հարցին, թե քառյակից դուրս չի՞ գա «Ժառանգություն»-ը, Ռ. Հակոբյանն ասաց. «Դա որևէ անհատով պայմանավորված չէ: Առաջիկայում համագումար է, որի ժամանակ կտրվեն քաղաքական ուղեգծի մեր գնահատականները: «Ժառանգության» մեջ սովոր են՝ ով, երբ, ինչ ցանկանում, ասում է: Դա էլ մենթալիտետն է կուսակցության»:

Հակոբյանը նշեց նաև, թե կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն անշուշտ շարունակելու է ղեկավարել Ժառանգությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter