HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լ. Զուրաբյան. «Եթե դուք ժամանակին «Մարտի 1-ի» դեպքերին ճիշտ արձագանք տայիք, գուցե Ուկրաինայում այսքան զոհ չլիներ»

Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերը, Ալան Միլը հանդիպել են ՀԱԿ խմբակցության հետ: ՀԱԿ խմբակցությունը խոսել է հինգ հարցի մասին: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ՝ առաջին հարցը, որը բարձացրել է Կոնգրեսը վերաբերել է «Մարտի 1-ի» խնդրին:

«Ես արձանագրեցի, որ իրենք այդ թեման լրջորեն քննարկում են, և մենք որևէ առիթ բաց չենք թողել այս հարցը բարձրացնելու համար, ասացի, որ ցուցարարների նկատմամբ մահացու զենք բարձրացնելն ամենավտանգավոր երևույթն է և համեմատություն ենք անցկացրել Ուկրաինայի դեպքերի հետ: Ասացինք, որ եթե դուք ժամանակին «Մարտի 1-ի» դեպքերին ճիշտ արձագանք տայիք, և ստիպեիք ՀՀ իշխանություններին գտնել մեղավորներին, գուցե Յանուկովիչը չկարողանար նույնքան անպատիժ ձևով դա իրականացնել և այսքան զոհ չլիներ»,- նշեց նա:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ինքը համազեկուցողներ հայտնել է նաև այն, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու շուրջ իրենք իշխող ուժի հետ համաձայնության էին եկել, բայց նրանք խնդրել էին հանձնաժողովը ստեղծել հիմնական միջոցառումների ավարտից հետո, որպեսզի հարցը չքաղաքականացվի:

«Փաստորեն իրենք հենց իրենց խոստումը դրժեցին, ասացին, որ սա գլխավոր ապացույցներից մեկն է, որ շղթան տանում են հենց պետության ղեկավարները, և դրանով է պայմանավորված այս ամբողջ պարտակումը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը խոսում է նաև այն զոհերի ծնողների անունից, ովքեր համազեկուցողների հետ հանդիպումից առաջ նրան խնդրել են հարցը փոխանցել:

Հաջորդ հարցը, որը քննարկվել է հանդիպման ժամանակ եղել է «ընտրական կեղծարարության համակարգը»: «Ընտրացուցակներում 700 000 մարդու անուն կա, որ ավելանում է ընտրությունները կեղծելու նպատակով, և, ըստ այդմ էլ, Հայաստանում ընդհանրապես հնարավոր չէ իշխանափոխություն: Իրենց հետաքրքրությունը բավականին բարձր էր և խնդրեցին ավելի մանրամասն հաշվետվություն դրա մասին»,- նշեց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ պատգամավորը ասաց, որ բարձրացված մյուս հարցը խիստ հսկողության տակ գտնվող հեռուստատեսության խնդիրն է: «Ասացինք, որ Հայաստանում հեռուստատեսության խնդրի լուծումը կլինի այն դեպքում, երբ բոլոր քաղաքական ուժերը կկրողանան իրենց հեռուստատեսային ալիքն ունենալ»:

Չորրորդ խնդիրը վերաբերվել է սահմանադրական բարեփոխումներին: Լևոն Զուրաբյանը նշեց, որ ինքը հայտնել է ՀԱԿ դիրքորոշումն այս առնչությամբ՝  ասելով, որ քաղաքական ու տնտեսական առաջընթացը չի բխում Սահմանադրության խնդիրներից, որ Հայաստանը Սահմանադրության փոփոխության կարիք, ըստ էության, չունի: «Այդ փոփոխությունները միայն վերարտադրման նպատակով է նախաձեռնվել այս ռեժիմի կողմից»,- նշեց նա:

Վերջին խնդիրը վերաբերվել է քաղբանտարկյալների հարցին. «Ասել ենք, որ ուշադիր հետևում ենք Շանթ Հարությունյանի և Վոլոդյա Ավետիսյանի խնդրին և մոտ ժամանակում մեր կարծիքը կհայտնենք, թե արդյոք նրանց գործերը համապատասխանո՞ւմ են ԵԽ-ի կողմից ընդունված քաղբանտարկյալի մասին չափանիշներին, թե՞ ոչ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter