HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորները վրդովված են. ԱԺ են բերվել անծանոթ օրենքներ, որ առանց խորքային քննարկման դակեն

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները վրդովված են՝ կառավարությունը խորհրդարանին արտահերթ նիստում ներկայացրել է օրենքներ, որոնց պատգամավորներից և ոչ մեկը ծանոթանալ չի հասցրել: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԱԺ նստաշրջանը նոր է ավարտվել, բավական ծանրաբեռնված է անցել, իսկ հիմա կառավարությունը արտահերթ նիստում բերել է նախագծեր, որոնց իրենք ծանոթ չեն: «Եվ սա արվում է մի կառավարության կողմից, որի ղեկավարը մի մարդ է, ով խոսում էր ԱԺ դերի բարձրացման մասին: Բերելով այս նախագծերը՝ կարող եմ ասել մի բան, որ սա այլ բան չէ, քան ոտնձգություն ԱԺ նկատմամբ, փորձ՝ խորհրդարանը վերածել է օրենքների շտամպովկայի մի մարմնի»,- նշեց Լ. Զուրաբյանը՝ նախազգուշացնելով, որ եթե օրենքները հետ չտարվեն՝ իրենք քառյակի անդամ խմբակցություններով ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ հանդես կգան:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ վարման կարգով ասաց, որ անկախ նրանից՝ նիստը արտահե՞րթ է, թե՞ հերթական, պետք է օրակարգում ընդգրկվեն օրենքներ, որոնք քննարկվել են իրենց կողմից: «Հիմա մենք եկել ենք, գրանցվել ենք, դրել ենք հարցեր, որոնք ունեն հանրային հսկայական հնչեղություն, իսկ դրանք մինչ այս չեն եղել պատգամավորների սեղանին: Սա անթույլատրելի է: Մենք դժգոհել ենք, դուք ոչ բարձրաձայն, իրար մեջ ևս դժգոհել եք, որ նման օրենքներ չպետք է բերվեն, որ այս աշխատոճը սխալ է, բայց...»,- նկատեց Վարդանյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց, որ իրենց դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը չեն քննարկվել հանձնաժողովներում: «Մենք հո չե՞նք դժգոհում արտահերթ նիստի կանոնակարգային դրույթի վերաբերյալ: Մենք դժգոհում ենք, որ ընդգրկված օրենքների գերակշիռ մասը հանձնաժողովներում մասնագիտական քննարկում չեն անցել, չեն քննարկվել: Կառավարությունը կարող էր վաղօրոք ուղարկել օրենքները ԱԺ, մենք կծանոթայինք, կքննարկեինք, այստեղ էլ դեմ չէինք լինի արտահերթ քննարկել: Բայց հիմա բերել եք, որ կամա թե ակամա ԱԺ-ն դարձնում եք դակող մարմին»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը: Գալուստ Սահակյանն էլ տեղից արձագանքեց, որ օրենքի խախտում չկա: Նա նշեց, որ այդ օրենքները ոչ թե դրվում են քվեարկության, այլ պարզապես բերվում են քննարկելու լիագումար նիստում:

ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, թե ոչ իշխանական ոչ ընդդիմադիր պատգամավորները այդ օրենքներին ծանոթ չեն՝ նշելով. «Մենք խոսում ենք ճիշտ, լավ օրենք մտցնելու մասին, բայց հիմա օրենքներ եք բերել, որ մեզնից ոչ մեկ չի կարդացել: Կարելի էր չէ՞ ուղղարկեիք նայեինք: Մոտ տասը օրենքի ծանոթ չենք, հիմա բերելու եք ներկայացնելու եք, մենք էլ չենք կարողանալու խոսել ու անորակ, բրակ օրենք կընդունեք: Կառավարությունը պետք է հաշվի առնի, որ ոչ մեկս ծանոթ չէ, ու օրենքների մի մասը հետ տանի»:

Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, որ իրականում այդպես չէ, ինչպես ասում են ընդդիմադիր պատգամավորները: Նա նշեց, որ օրենքերի 70 տոկոսին պատգամավորները ծանոթ են ու քննարկել են:

«Այնպես չէ, որ դրեցինք նոր հայտնագործություն արեցինք»,- հակադարձեց Այվազյանը:

Լևոն Զուրաբյանն էլ 20 րոպե ընդմիջում խնդրեց ու Գալուստ Սահակյանին առաջարկեց հանդիպել խմբակցությունների հետ՝ քննարկելու ստեղծած իրավիճակը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter