HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանին. Լավ օրից չէ, որ ծնվել է քառյակի պահանջների փաստաթուղթը

«Ավելի շատ լեզվաբանական, շարահյուսական, ոճաբանական վերլուծություն է արվել Սերժ Սարգսյանի կողմից, քան թե քաղաքական փաստաթղթին համարժեք պատասխան»,- այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ոչ իշխանական խորհրդարանական քառյակի կողմից ներկայացված 12-կետանոց պահանջների փաստաթուղթը կազմողները մի քիչ շտապողականություն են ցուցաբերել ու որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել:

Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ յուրաքանչյուր բառ, որը օգտագործված է քառյակի հայտարարության մեջ, ունի իր հստակ քաղաքական նշանակությունը, քաղաքական բովանդակությունը, և պետք է առաջնորդվել հենց այդ մոտեցմամբ, ոչ թե շարահյուսությամբ:

«Ինչ վերաբերում է նրան, որ պետք է իր գործընկերների կողմից մեզ բացատրվի, թե իրենք ինչ են ցանկանում անել և ինչպես են ցանկանում անել, այս առումով մենք բացատրության կարիք չունենք, որովհետև վաղուց արդեն գիտենք, էդպիսի բացատրությունների արդյունքում է այսօր հասել այս վիճակին և լավ օրից չէ, որ ծնվել է քառյակի այս փաստաթուղթը, այդ փաստաթղթով, ընդհակառակը, մենք ենք ուզում բացատրել մեծամասնությանը, որ ճիշտ ճանապարհ պետք է որդեգրել, և որտեղ ենք մենք տեսնում, որ միասին համագործակցելով կարող ենք պետությունը դուրս բերել այս վիճակից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Հակոբյանը նկատեց նաև, որ քառյակի պահանջների հարցում իշխանության մեջ կան տարբեր կարծիքներ: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը իրենց խոսքերով հասկացրեցին, որ չեն համագործակցելու քառյակի հետ:

«Պետք է շնորհակալություն հայտնել նրանց, որոնք ուղղակիորեն ասացին, որ չեն պատրաստվում համագործակցել մեզ հետ, չնայած մինչ այդ մեծամասնության ներկայացուցիչները խոսում էին, թե ինչ կառուցողական, լավ ընդդիմություն ունենք, ինչքան լավ առաջարկություններ ենք ներկայացրել, բայց դրանք այն մարդիկ էին, որոնք որոշում ընդունողները չեն այդ մեծամասնության մեջ»,- հավելեց Հակոբյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter