HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ նստաշրջանում կվիճարկվի ՀՀ պատվիրակության հարցը. Ադրբեջանի «փառահեղ» սցենարի տապալման նախանշաններն արդեն կան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը տեղի կունենա հունիսի 23-27-ը, խոստանում է բավական լարված լինել հայկական պատվիրակության համար: «Հետք»-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ներկայացրել է բանաձև, որով պահանջում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության նկատմամբ սահմանել սանկցիաներ, զրկել նրանց քվեարկության իրավունքից, հեռացնել ՀՀ պատվիրակներին ԵԽԽՎ կառավարող մարմինների աշխատանքից։

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ադրբեջանցի «մի խումբ լոբբիստներ» դիմել են ԵԽԽՎ-ին ` հայկական պատվիրակության լիազորությունները վիճարկելու հարցով:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ դեռ մայիսին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է Ադրբեջանը, իսկ Իլհամ Ալիևը շուրջ երեք ամիս առաջ սպառնացել է, որ իրենք ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում բարձրացնելու են հայկական պատվիրակության լիազորությունների հարցը:

«Տեղեկացանք, որ իրենք մի շատ էկզոտիկ պատգամավոր ունեն` Էլմար Սուլեյմանովը, ում նախաձեռնությամբ ադրբեջանցի մի խումբ լոբբիստներ դիմել են ԵԽԽՎ պատվիրակություն` հայկական պատվիրակության լիազորությունները դադարեցնելու առաջարկով՝ ներկայացնելով անհեթեթագույն հիմնավորումներ: Ես հույս ունեմ, որ Եվրոպայի խորհուրդը բանականության հետ կապված լրջագույն խնդիրներ չունի ու ադրբեջանական նախաձեռնությունը ուղղակիորեն կտապալվի»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Քանի որ նախագահող երկիրը Ադրբեջանն է, հունիսի 24-ին ելույթով հանդես է գալու Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը և, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, նրա ելույթը պարունակելու է «շատ մեծ դոզաներով հակահայ հիստերայի, ռասիզմի տարրեր»:

Զոհրաբյանը նկատեց, որ Ադրբեջանը նման քայլերով փորձում է շեղել Եվրոպայի ուշադրությունը վերջին սկանդալային իրադարձությունից, երբ ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեյին թույլ չտվեցին մտնել Բաքու` նրան համարելով հայկական լոբբիստ, երբ Ֆ. Օլանդի այցը Ադրբեջան լուսաբանալու եկած ֆրանսիացի լրագրողներին խոչընդոտեցին կատարել մասնագիտական պարտականությունները` բռնի ուժով նրանց հետ նստեցնելով ինքնաթիռ:

Պատգամավորը հայտնեց, սակայն, որ Եվրոպան այս ամենը անպատասխան չի թողել` նշելով. «Բոլոր այն երկրները, որոնք նախագահում են նստաշրջանը, արժանանում են առանձնացող վերաբերմունքի. Ստրասբուրգում կա ավտոբուս, որի վրա փակցվում է նախագահող երկրի էմբլեման, ինչը եղել է նաև Հայաստանի պարագայում, բայց Եվրոպան, ի նշան Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի, որոշել է այդ ատրիբուտը հանել, ուստի այդ երկրի նախագահությունը նախանշող որևէ նշան Ստրասբուրգում տեղադրված չէ: Սա շատ հստակ մեսիջ է Ադրբեջանին, ուստի ես վստահ եմ, որ Ալիևին բազմաթիվ հարցեր կուղղվեն երկրում մարդու իրավունքների, լրագրողների հանդեպ բռնաճնշումների և այլնի հետ կապված»:

Զոհրաբյանը վստահեցրեց, որ Ադրբեջանի պատվիրակության գծած «փառահեղ» սցենարը նույն փառահեղությամբ տապալվելու է: Ի դեպ, մեր տեղեկություններով` ՀՀ պատվիրակությունը առայժմ չի որոշել` ինչ դիրքորոշում է որդեգրելու Ալիևի ելույթի ժամանակ, արդյոք հարցեր ուղղելու է նրան, թե ոչ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter