HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-ին կժամանի Հայաստան: Ի տարբերություն իշխող մեծամասնության՝ խորհրդարանական ոչ իշխանական ուժերն առայժմ ՌԴ արտաքին գործերի նախարարի այցի ակնկալիքներից խոսել չեն շտապում՝ նշելով, որ այցի արդյունքների մասին եզրահանգումներ կարելի է կատարել միայն այցից հետո:

«Հետք»-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց` քանի որ Սերգեյ Լավրովը համատեղ ասուլիսով է հանդես գալու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինքը կարող է այցին գնահատական տալ միայն ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններից հետո:

Մեր հարցին, թե` հաշվի առնելով այն, որ Լավրովը Բաքվում խոսել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին ու նշել, որ ՀՀ-ն անդամակցելու է առանց Լեռնային Ղարաբաղի, արդյոք Լավրովի այցը անմիջական կապ չունի՞ ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ դնելու հնարավորության քննարկման հետ, Աղվան Վարդանյանը դժվարացավ պատասխանել՝ հորդորելով չխոսել ենթադրությունների լեզվով: «Միջպետական հարաբերություններ են, Լավրովն առաջին անգամ չէ, որ Հայաստան է գալիս, ուստի այցի արդյունքների մասին կարող ենք խոսել միայն այցից հետո»,- հավելեց ՀՅԴ պատգամավորը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ ասաց, թե Լավրովի այցից որևէ ակնկալիք չունի: Նա նշեց, որ կարող է խոսել ակնկալիքներից միայն վերջինիս մամուլի ասուլիսից հետո, երբ «գոնե ինչ-որ բան նրանցից կհասկանանք», հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման դիրքորոշման վերաբերյալ:  

«Թող պատասխանեն, թե ինչպե՞ս է, որ իրենք ստանում են նամակներ Ղազախստանի միջոցով Ադրբեջանից ու իրենց ռազմական գործընկերոջը տեղյակ էլ չեն պահում, որ նամակ կա, նման խնդիրներ կան: Թող պատասխանեն, թե ինչպե՞ս է, որ ՌԴ արտգործնախարարն ասում է, որ Ադրբեջանն իրենց համար ռազմական գործընկեր է, որ Ադրբեջանի հետ համագործակցության կոչեր են հնչեցնում: Թող այս ամենին պատասխան տան, հետո կտեսնենք… »,- շեշտեց Պողոսյանը:  

Նա հույս հայտնեց, որ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսում կհնչեն հարցեր այն մասին, թե արդյոք Ռուսաստանը ընկալո՞ւմ է Հայաստանին որպես ռազմական գործընկեր, հաշվի առնո՞ւմ է ՀՀ շահերը որևէ քաղաքականություն իրականացնելիս, թե՞ արհամարհում է իր գործընկերոջը:

«Իրենց գործողությունները ցույց չեն տալիս, որ Հայաստանին ընդունում են որպես գործընկեր: Իրականում հակառակն է՝ իրենք փորձում են օգտագործել Հայաստանին իրենց համար»,- նկատեց «Ժառանգության» պատգամավորը:

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ թեպետ ՌԴ ԱԳ նախարարի այցի օրակարգին ու նպատակին ծանոթ չէ, բայց կարծում է, որ այցը Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության շրջանակներում է ու կրելու է «շատ լուրջ, նպատակային» բնույթ:

Հ. Սահակյանը նշեց, որ այցի շրջանակներում կարող են լինել բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ Հայաստանի՝ Եվրասիական միությանը անդամակցելու համար: «Կարող են քննարկվել հարցեր, որոնք դեռևս համաձայնեցման կարիք են զգում»,- հավելեց ՀՀԿ պատգամավորը՝ ասելով, որ Հայաստանը պետք է անցնցում մտնի Եվրասիական տնտեսական միություն:

Ըստ նրա՝ Հայաստանի համար անցումային շրջան է, և մենք պետք է առնվազն հինգ տարվա կտրվածքով չունենանք կտրուկ փոփոխություններ մի շարք հարցերում:

Սահակյանն ասաց, թե ինքը չի կարծում, որ Լավրովի այցը կապված է  Աստանայից հետո Հայաստանում ստեղծված լարված իրավիճակի հետ: Հիշեցնենք` Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում ընթերցեց Ադրբեջանի Նախագահի նամակը՝ կապված միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների և ԼՂՀ-ն ևս այդ սահմաններում ներառելու խնդրի վերաբերյալ: «Ինձ համար, անկեղծորեն, տարօրինակ է, որ նման քննարկումներ կան, որ դրա շուրջ քննարկումներ կան»,- ավելացրեց պատգամավորը:

ՀԱԿ  և ԲՀԿ պատգամավորները հրաժարվեցին մեկնաբանություն տալ այս առնչությամբ՝ նշելով, որ այցի նպատակներին ծանոթ չեն: 

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Լավրովին հարկավոր չէ որեւե հարց տալ կամ մեծ բանի տեղ դնել, եթե ՆԱԽԱՊԵՍ ՉԳՆԱ ԵՌԱԲԼՈՒՐ: Հայտնի է, որ Պուտինը մերժեց գնալ «շխիդների» գերեզման (որովհետեւ նրանք հայերից բացի ռուսների էլ էին սպանել, իսկ նրանց որոշ մասին էլ ռուսներն են կոտորել հենց բաքվում:) Իսկ կիսահայ Լավրովը գնաց այնտեղ ու ծաղիկներ դրեց! (Այն բանից հետո երբ իրեն «սիկտ» էին ասել!) Սա լավ դաս է ու լավ առիթ ընդգծելու որ ՀԱՅԵՐՆ ԷԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ (Եթե դեռ ունեն իհարկե!) Սրանից հետո երեւի մեզ մի քիչ ավելի բանի տեղ դնեն:
Մարատ
Օրը կգա, բարին հետը: Եթե Լավրովի այցը կլինի ի շահ Հայաստանի Հանրապետության և երկու երկրների մեջ առողջ համագործակցության , ուրեմն բարովա եկել : Իսկ եթե մեր թիկունքում այլ խաղ են խաղում . թող գնա...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter