HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սերժ Սարգսյանը շտապում է անդամակցել ԵՏՄ-ին, որովհետև քառյակը Արևմուտքի միջոցով ձգձգումը կօգտագործի հենց իր դեմ»

«Հետքի» հարցերին է պատասխանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը

-Սոչիում օրերս տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը  հայտարարեց, որ եթե Հայաստանը հաջողությամբ միանա ԵՏՄ-ին, ստորագրի համաձայնագիրը, փոխհատուցումներ տալու վերաբերյալ պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ: Ինչո՞ւ են միայն հիմա բարձրաձայնում, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում խոչընդոտներ կան, երբ տևական ժամանակ է ընթանում են բանակցություններ:

-Գիտեք, մարդկանց թվում է, թե Հայաստանի անդամակցությանը կան քաղաքական խոչընդոտներ, որ Ռուսաստանը իրականում չի ուզում Հայաստանը միանա միությանը և այլն: Խոչընդոտներ կան, այո, և դրանց մասին հրապարակայնորեն ասվում է: Ասվում է այնպես, ինչպես իրականում կա. ասենք Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարում է, որ Ղարաբաղի խնդիրը Հայաստանի հետ կապված չէ, որ դրանք առանձին պրոցեսներ են, որ Հայաստանն անպայման կանդամակցի: 

Ինչ վերաբերում է Շուվալովի հայտարարությանը, այն կարելի է ընդունել որպես դիվանագիտական հանձնարարություն` լուծելու առևտրական խոչընդոտը: Երբ ՀՀ-ն անդամակցել է ԱՀԿ-ին, ստանձնել է հանձնառություններ, պարտավորություններ մաքսային ոլորտում, բյուջեն լցնելու ոլորտում և այլն: Եվ հիմա կա ապրանքների խմբաքանակ, որոնց պարագայում հարցը բարդանում է, որ ԱՀԿ-ի ու ՄՄ-ի տարիֆները նույն ապրանքների համար տարբեր են: Քանի որ մենք ԱՀԿ-ի դիմաց ունենք պարտավորություններ, ուստի տարիֆների մեջ ստեղծված հակասությունները պետք է լուծվեն: Այդ լուծումը Շուվալովի խնդիրը չէ, այդ խնդիրները միշտ են եղել, եթե հիշում եք, Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ կան առևտրական խնդիրներ:

-Չե՞ք կարծում, որ տնտեսական խնդիրների մասին բարձրաձայնելը միայն հարցի արտաքին կողմն է, և իրականում Հայաստանի անդամակցությանը խոչընդոտում են քաղաքական խնդիրները:

-Ոչ, վստահեցնում եմ` ոչ մի քաղաքական խնդիր չկա, գոյություն չունի: Միակ քաղաքական խնդիրը կարող էր ծագել Ղարաբաղի հետ, բայց այդ խնդիրները ի սկզբանե որպես այդպիսին խնդիր էլ չէին: Մեզ համար ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանի ներսում կա արևմտյան ու ռուսական հինգերորդ շարասյուն, որոնց մեջ պարբերաբար կռիվներ են գնում` թուլացնելով երկիրը: Նրանք այս ամենից փորձում են խնդիր սարքել, թվացյալը, ճիշտը, սխալը ուռճացնում, խնդիր են ներկայացնում, որ Հայաստանը չմիանա Եվրասիական տնտեսական միությանը: Կրակն ենք ընկել, գիտեք, այս մարդկանց ձեռքը` ով ինչ ուզում, ասում է…

-Պարոն Կարապետյան, Շուվալովի հայտարարությունը հաջորդեց Աստանայում Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի կողմից բարձրացված հարցին, թե Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի այնպես, ինչպես ԱՀԿ-ի պարագայում` առանց Ղարաբաղի: Արդյո՞ք Շուվալովը Հայաստանին չի մղում բանակացություններ վարել ԱՀԿ-ի հետ հենց ԼՂ հարցով և ակնարկում մաքսակետերի տեղադրման մասին:

-Ոչ, ոչ… Դա որևէ կապ չունի:

-Այդ դեպքում ինչո՞ւ ՌԴ-ն նոր հիշեց, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է, որ կարող են խնդիրներ առաջանալ, ինչո՞ւ մինչև Նազարբաևի հայտարարությունը Ռուսաստանը չէր խոսում նման բանակցությունների անհրաժեշտության մասին:

-Պարզապես այդ Ձեզ է նոր հայտնի դարձել… Դուք, իհարկե, ճիշտ եք, որ եթե Հայաստանի իշխանությունները ասեին, որ շուրջ մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում մաքսատուրքերի հարցը չի լուծվում, ապա նման հարցադրում հիմա չէր լինի: Բայց քանի որ այդ մասին նոր հայտարարվեց, մենք հրապարակայնորեն նոր իմացանք, տրամաբանական է, որ պետք է նման հարց տաք: Ես հասկանում եմ, որ Դուք ակնարկում եք այն մասին, որ ստեղծվում է արհեստական խոչընդոտ, որ Հայաստանը չանդամակցի Եվրասիական միությանը, բայց դա այդպես չէ: Նազարբաևի, շփման գծում կրակոցների, Թուրքիայի ակտիվացման և այլ մի շարք հարցերի առկայությունն է, որ նպատակաուղղված է խոչընդոտել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը:

-Բայց Եվրասիական միությունը նորաստեղծ կառույց է, և խիստ կասկածելի է, որ այն իրականություն կդառնա: Ինչո՞ւ պետք է Հայաստանին խոչընդոտեն անդամակցել այս միությանը:

-Պատկերացրեք, որ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, ի՞նչ վիճակում կհայտնվի Հայաստան-Վրաստան համագործակցությունը, երբ Վրաստանը ստորագրելու է շուտով ԵՄ ասոցացման համաձայնագիրն ու ենթադրվում է, որ քայլեր է նախաձեռնելու Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ: Բացվում է հետաքրքիր պատկեր` վերևում գազազած Ռուսաստանն է, ներքևում ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանը, և, ի՞նչ եք կարծում, Վրաստանը Հայաստանին ճանապարհ տալո՞ւ է ապրանքներ արտահանելու, ներկրելու համար: Հասկացեք, որ երբ Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին, տարածաշրջանում կտրուկ փոփոխության է ենթարկվում ուժերի բալանսը: Ես վստահ եմ, որ մենք շուտով կգտնենք այս խնդիրների լուծումները ու կանդամակցենք ԵՏՄ-ին: Շատ շուտով…

-Մարդկանց անհանգստությունը պայմանավորված է սպասվող գնաճով: Երևանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ հույս ունի Հայաստանի անդամակցության մասով Սոչիից լավ լուրեր ստանալ, բայց փաստորեն եղավ հակառակը: Երբ Հայաստանն անդամակցեց ԱՀԿ-ին, ստանձնեց պարտավորություն իջեցնել մաքսատուրքերը, իսկ հիմա Եվրասիական միությանն անդամակցելով՝ դրանք բարձրացնելու են, որովհետև ԵՏՄ-ում երրորդ երկրների հետ մաքսատուրքերը բավական բարձր են: Արդյունքում Հայաստանում թանկանալու են ապրանքները, այն դեպքում, երբ գրեթե մեկ տարի Հայաստանը 800 ապրանքատեսակների մասով բանակցություններ է վարում:

-Նախ ասեմ, որ որոշ ապրանքներ միասնական մաքսատուրքի հետ կապված, այո, ունեն խնդիրներ և կարող են թանկանալ: Բայց ես վստահ եմ, որ Հայաստանը կկարողանա բանակցությունների արդյունքում չթանկացնել դրանք:

-Շուրջ մեկ տարի է այդ բանակցությունները վարվում են, բայց արդյունքներ չկան:

-Գիտեք, մի բան է հարցը լուծել, մի բան է ցանկանալ, որ այդ հարցը չլուծվի: Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ քաղաքական դաշտի 99 տոկոսը ուրախանում են, երբ հարցերը չեն լուծվում: Բա որ Սերժ Սարգսյանը 4.3 տարի բանակցություններ էր վարում ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ, այդ 4.3 տարին կորսված չէ՞ր Հայաստանի համար, անտեղի չէ՞ր… Մենք ինքներս ժամանակին մեզ համար պրոբլեմ ենք ստեղծում, հետո բանակցում ենք` այդ ընթացքում կորցնում, ինչ-որ բան հանձնում…

-Սոչիի գագաթնաժողովի որոշման մեջ ընդամենը ասվում, է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել Հայաստանի անդամակցության պայմանագիրը, մինչդեռ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ հուլիսի 3-ին միայն հանդիպում է նախատեսված այս հարցով: Այս հակասություններն, ըստ Ձեզ, ինչի՞ արդյունք են:

-Դա Սերժ Սարգսյանի սխալ քաղաքականության արդյունք է, որովհետև Սարգսյանը շտապում է անդամակցել ԵՏՄ-ին երեք պատճառներով: Առաջին պատճառն այն է, որ որքան ձգձգվի անդամակցության պրոցեսը, այնքան պատերազմի վտանգը մեծանալու է, որովհետև խանգարող հանգամանքները կարող են դառնալ պատերազմ: Երկրորդ` Սերժ Սարգսյանը վախենում է ավելի անմխիթար տեսնել երկրի տնտեսությունը, եթե ուշացնի անդամակցությունը: Իսկ երրորդ պատճառը կապված է քառյակի հետ. նա շատ լավ հասկանում է, որ եթե պրոցեսը սկսեց ձգձգվել, ոչ իշխանական ուժերի քառյակը դա կարող է Արևմուտքի միջոցով օգտագործել հենց իր դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter