HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Կադրային դեֆիցի՞տ, թե՞ մեզ դիվանագիտություն պետք չէ

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես և սպասվում էր, նշանակվեց դեսպան ԱՄՆ-ում: Դա տեղի ունեցավ օֆշորային հայտնի սկանդալի առանցքային դեմքերից մեկին` Աշոտ Սուքիասյանին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկելուց շատ չանցած, երբ արդեն հնարավորություն կար հայտնի օֆշորային սկանդալի հիման վրա հարուցված քրեական գործում ինչ-որ տեղաշարժ արձանագրել:

Նախագահ Սերժ Սարգսյանը, փաստորեն, չսպասեց այդքան` հասկանալու, թե, ի վերջո, ինչպիսի մասնակցություն է ունեցել նախկին վարչապետը Կիպրոսում օֆշորային ընկերություններ բացելու և բանկային կասկածելի փոխանցումներ կատարելու գործում, որպեսզի, եթե քրեական պատասխանատվության ենթարկելու հարց առաջանա, ապա գոնե ոչ թե դեսպանի, այլ պաշտոնանկ վարչապետի նկատմամբ հարուցվեր` առանց Հայաստանը հերթական խայտառակության միջով անցկացնելու: Բայց քանի որ նշանակումն արդեն կատարվել է, Վաշինգտոնն էլ Տիգրան Սարգսյանի արգեմանը հաստատել է, նշանակում է նախագահը նախաքննական մարմնի, ապա նաև դատարանի փոխարեն վաղուց արդեն որոշել է, որ նախկին վարչապետը մեղավոր չէ: Հետևաբար, այլևս անիմաստ է այս առումով գործի ընթացքից ինչ-որ բան ակնկալել:  

Հայաստանը ԱՄՆ-ում, փաստորեն, ներկայացնելու է մի անձնավորություն, որին Վաշինգտոնում ճանաչում են գուցե առաջին հերթին որպես հենց այդ սկանդալի գլխավոր հերոսի: Արդյոք հնարավո՞ր է աշխարհում գտնել ոչ բանանային, իրեն հարգող որևէ երկիր, որը կարող է դեսպանի առաքելությամբ ու կարգավիճակով օժտել այդպիսի անցյալ ու ներկա ունեցող անձնավորության` անկախ նրա ինտելեկտից, փորձառությունից, ճանաչվածությունից: Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ոչ թե ինքն իրեն է ներկայացնելու, այլ մի ողջ պետություն: Եվ ուզի հասարակությունը, թե ոչ` նրա կերպարն ասոցացվելու է Հայաստանի իմիջի հետ:

Այս ընդհանուր խորապատկերին օրերս տեղեկատվություն հրապարակվեց ԵՄ-ում հայաստանյան առաքելության ղեկավար, Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի նկատմամբ այդ երկրի հատուկ ծառայությունների մոտ ի հայտ եկած «ուշադրության» մասին: «Չորրորդ ինքնիշխանություն» պարբերականը գրեց, թե Ադոնցին կասկածում են դեսպանի կարգավիճակը անձնական շահադիտական նպատակներով օգտագործելու և մաքսանենգությամբ զբաղվելու մեջ և այդ կապակցությամբ հարցում են ուղարկել ՀՀ արտգործնախարարությանը: Հայաստանի ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն, իհարկե, հերքել են այս տեղեկատվությունը: Սակայն, դա արել են այնքան աննկատ, այնքան ժլատ կերպով, որ ավելի շատ կասկածներ են հարուցել, քան փարատել եղածները: Մինչդեռ այս երկու մարմիններից այլ պատասխան հնարավոր էլ չէր ակնկալել: Եթե նրանք հաստատեին, ապա մինչ այդ արդեն Ադոնցը ոչ միայն պետք է պաշտոնանկ արված լիներ, այլև գուցե նաև ձերբակալված, ինչն ինքնին արդեն աղաղակող խայտառակություն կլիներ: Բայց, մյուս կողմից, առնվազն տարօրինակ է անձամբ Ադոնցի լռությունը: Եթե հրապարակվածն իսկապես չի համապատասխանում իրականությանը, ապա այն պետք է ընկալեր որպես իրեն զրպարտելու փորձ և փորձեր պաշտպանել իր անունն ու բարի համբավը: Դա զարմանալիորեն տեղի չի ունենում: Արդյունքում չի վերանում նաև կասկածը, որ որևէ երկրում Հայաստանի դեսպան նշանակված անձը կարող է նման ծանր հանցագործության մեջ մեղադրվել, առնվազն ներքաշված լինել ինչ-որ պատմությունների մեջ: Եվ սա ո́չ առաջին նման դեպքն է, ո́չ էլ, եթե այսպես շարունակվի, վերջինն է լինելու:

Այս պատմությունը դեռ չմարսած` հանկարծ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակել ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին: Հարց է առաջանում` ո՞րն է այս նշանակման իմաստն ու տրամաբանությունը: Ինչո՞ւ Յուրի Վարդանյանը, ինչո՞ւ հենց Վրաստանում և ինչու՞ հենց այս նուրբ շրջափուլում: Ասել, թե դեսպան է նշանակվել մի մարդ, ով ընդհանրապես դիվանագիտական փորձ չունի, նշանակում է չասել ոչինչ: Մարդ, ով նույնիսկ բավարար կառավարչական հմտություններ չունի և մղոններով հեռու է պետական կառավարման համակարգից: Նրան ընդամենը մի քանի ամիս վստահվեց սպորտի և երիտասարդության նախարարությունը, և այդ ընթացքում Վարդանյանը հասցրեց աչքի ընկնել միայն ... միանգամից երկու սկանդալի մեջ ընկնելով. որդու` թմրամիջոցներ ներկրելու և բացահայտվելու պատմությամբ և առանց հիմքի, Կառավարությանը մոլորության մեջ գցելով` նախարարության աշխատակազմի ղեկավարին պաշտոնից ազատելով:

Ահա այս «բագաժով» է Յուրի Վարդանյանը գործուղվել Վրաստան: Մի երկիր, որը Հայաստանի համար ունի չափազանց լուրջ ստրատեգիական նշանակություն` արտաքին աշխարհի հետ կապ ունենալու առումով և որի հետ հարաբերությունները, մեղմ ասած, միանշանակ չեն` թե́ աշխարհաքաղաքական տարբեր շահեր հետապնդելու, թե́ Ջավախքի ու հայկական եկեղեցիների հիմնահարցերի և թե́ ԼՂ հարցում բացարձակապես հակառակ դիրքորոշումը պաշտպանելու առումներով:

Հունիսի 28-ին Վրաստանը, ամենայն հավանականությամբ, կստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Եթե Հայաստանը դրանից հետո, ի վերջո, մտնի Մաքսային Միություն, հենց Վրաստանի հետ է ունենալու առաջին և ամենալուրջ խնդիրը ապրանքների ներմուծման և արտահանման ոլոտում: Եթե դրան ավելացնենք նաև այն իրողությունը, որ ՆԱՏՕ-ն արդեն իսկ հայտարարում է Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների ստեղծման, փաստացի նրա անվտանգության երաշխավորը դառնալու ցանկության մասին, ապա ակնհայտ է դառնում, թե տեսանելի ապագայում ինչպիսի մարտահրավերների է բախվելու Հայաստանը Վրաստանում, և թե դիվանագիտական ինչ գլուխկոտրուկներից է փորձելու գլուխ հանել ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը:

Ակնհայտ է, որ նա Թբիլիսիում դեսպան կաշխատի բացառապես այն պատճառով, որ այդպես է ցանկացել նախագահ Սերժ Սարգսյանը, այն նույն տրամաբանությամբ, որով Տիգրան Սարգսյանի նշանակումն է տեղի ուենցել: Իսկ նախագահն այդպես է ցանկանում, քանի որ լեգենդար մարզիկին կամ իր զինակից նախկին վարչապետին անգործ չթողնելու լավագույն լուծումը տեսել է նրանց դեսպան նշանակելու մեջ: Բոլոր նրանք, ովքեր գնահատվում են, բայց ովքեր այլևս պետք չեն, տարօրինակ զուգադիպությամբ կամ նախագահի խորհրդական են դառնում կամ դեսպան են նշանակվում: Արդյունքում դեսպանի պաշտոնը և կոչումը իր նշանակությամբ մի կողմից գրեթե հավասարեցվել է նախագահի խորհրդականի պաշտոնի մակարդակին, մյուս կողմից` վերածվել է «կադրերին» թոշակառուի ապագա կարգավիճակին աստիճանաբար ադապտացնելու ինչ-որ յուրօրինակ մեխանիզմի:

Որքան Հայաստանում վարվող կադրային քաղաքականությունն է զուրկ որոշակի սկզբունքներից ու ավանդույթներից, գուցե կրկնակի դրանցից զուրկ են դիվանագիտական կորպուսում կատարվող նշանակումներն ու ռոտացիաները: Եվ ամենազավեշտալին այն է, որ դա տեղի է ունենում ներկայիս նախարարի` դիվանագետի կրթություն և պրոֆեսիանալիզմ ունենալու անհրաժեշտությունը օդ ու ջրի պես այսօր զգացող Էդվարդ Նալբանդյանի լուռ հայացքի և համակերպվածության ներքո: Նա հիմա համառորեն փորձում է Հայաստանում դիվանագիտական դպրոց կայացնել: Բայց ու՞մ են պետք այդ դպրոցի իրական կամ պոտենցիալ կադրերը, եթե նրանք դատապարտված են մնալու ահա այսպիսի դեսպանների ու դիվանագետների, այսպիսի կադրային քաղաքականության ստվերում:

Մեկնաբանություններ (1)

Հարցը ճիշտ է
Ինքն ինչացու է որ իր արածներն ինչ լինեն, դրա համար էլ բոլորը ձեռ են առնում ու ոտները սրբում վրաներս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter