HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լորեցիները ծորակից հոսող ջուրը օգտագործում են միայն կենցաղում

Մարիամ Մաթեւոսյան

Դեռեւս 2012 թ. Սիսիանի տարածաշրջանի Լոր համայնքի ղեկավարը, խոսելով համայնքի ջրամատակարարման մասին, նշել էր, որ «Լոր եւ Շենաթաղ գյուղերի  ջրագիծն ընդհանուր է, եւ քանի որ հիմնական հատվածը պատկանում է Շենաթաղ համայնքին, նրանք են տնօրինում ջրի գրաֆիկը»: Նա նաեւ իր մտահոգությունն էր հայտնել խմելու ջրի որակի կապակցությամբ` ասելով, որ «հաճախ է պատահում, երբ ծորակից կեղտոտ ջուր է հոսում»: Երկու տարի է անցել այդ զրույցից, եւ լորեցիներն այսօր էլ դժգոհում են ջրամատակարարումից:

Համայնքի ղեկավար Դավիթ Առուստամյանն այս անգամ նշում է, որ ջրի խնդիրը մասնակի լուծվել է: «Ակունքների տեղն ենք փոխել, բայց շինարարական աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են, նախատեսում ենք նաեւ մաքրման կայան կառուցել»,- ասում է համայնքապետը:

Լորում ջրամատակարարման հարցի լուծմանը մասամբ աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` տրամադրելով 4 մլն դրամ, որը ներդրվել է 4 կմ ջրագիծ կառուցելու եւ ջրի ակունքները տեղափոխելու համար: Մինչ այդ ջրագիծն անցնում էր Շենաթաղ գյուղի անասնագոմերի հարեւանությամբ, եւ որոշ հատվածներում ջուրը բաց եղանակով էր հոսում: Իրականացվող աշխատանքներին 200 հազար դրամով աջակցել է «Վորլդ Վիժն» կազմակերպության Սիսիանի տարածքային զարգացման ծրագիրը:  

Չնայած դրան` համայնքի բնակիչներն այսօր էլ շարունակում են գյուղամիջի միակ աղբյուրից օգտվել, անգամ շշերով ջուր են տանում: Բնակիչների խոսքով` խնդիրը դեռեւս լուծված չէ, ծորակից հոսող ջուրը նախկինի նման օգտագործում են միայն կենցաղում: Միաժամանակ, նրանցից ոմանք խուսափում են իրականությունը ներկայացնել` ասելով, թե «ջուր շատ ունեն, ուղղակի խանութ են եկել, ձեռքի հետ ջուր են տանում»: Մեկ այլ բնակիչ, ով չցանկացավ ներկայանալ, առերես հաստատեց հարեւանի խոսքը, բայց քթի տակ փնթփնթաց` «նենց պոչավոր սուտ են հորինում, որ զարմանում ես»:

Այս տարի Լոր համայնքում ջրամատակարարման բարելավման ծրագիր է իրականացվելու, որի համար համայնքը պետք է 20% ներդրում ապահովի, սակայն համայնքապետն ասում է, որ տեղական բյուջեն այդ հնարավորությունը չունի: «Սա Լորի համար կենսական խնդիր է, ուստի ներդրումն անպայման կգտնենք, որովհետեւ ակնկալվող գումարն ուղղվելու է խմելու ջրի որակի բարելավմանը, ինչպես նաեւ` ոռոգման ջրի քանակի ավելացմանը»,- նշում է Դավիթ Առուստամյանը:

Լորի ջրամատակարարաման հարցը լուծելու, մասնավորապես` մաքրման կայան կառուցելու համար Սյունիքի մարզպետարանը 5 մլն դրամ է հատկացրել համայնքին: Աշխատանքները նախատեսվում է սկսել աշնանը:

Համեմատաբար բարվոք վիճակում է ոռոգման համակարգը: Այս ամենին զուգահեռ, լորեցիներից շատերը դժգոհում են իրենց ապրելակերպից: «Ոչ մի լավ պան չկա, հող ենք մշակալ, չըրչարվալ, բայց ի՞նչ արդյունքի ենք հըսնում. լոբիս չուրացած, կարտոշկան փթախտ ինգած»,- ասում է Սվետան:

«Էս տարի էլ Աստված մեզ մի ասեղի ծակով չյեշեց, անձրեւը սաղ փըչըցրեց»,- անբարենպաստ եղանակից դժգոհեց Միլիտոն Հարությունյանը:

Ադելան 6 երեխաների մայր է եւ համարում է, որ իր ավանդը հայրենիքին երեխաներն են. «Բոլորն էլ ծառայել են հայկական բանակում, բարձրագույն կրթության եմ տվել, դպրոցը պատվոգրերով, մեդալներով ավարտացրել, հիմա էլ ոչ մեկը ինձ բազմազավակ մայր չի համարում»: Ադելան ասում է, որ բոլոր զավակները մեկնել են Ռուսաստան: Նա փորձում է տղաներին նեղություն չտալ, քանի որ «տղաները մի կերպ իրենց հոգսն են քաշում»: «Բա՞ հունց օգնի, մաման քար ուտի, քացախ ուտի, մաման ուտի ի՞նչ անի, բա իրա երեխան ի՞նչ ուտի, ես կմարսե՞մ, թող իրանք ապրեն»,- ասում է Ադելան:

Հիմա մայրը որդիների կարոտն առնում է համակարգչային կապի միջոցով: «Երեկ մեծ տղայիս հետ կամպյուտրով խոսում եմ, ասում եմ, ա’յ Աբո, մավուր էտ անտերը չէինք առալ, հմանչում չէի, ասում էի փող ղարկի, հիմա էլ, որ էտ անտերով տղաներիս դեմքը տեսնում եմ, ամոթ եմ անում, որ ասեմ փող ղարկի»,- ասում է Ադելան, բայց հետո խոստովանում է, որ մեկ-մեկ տղաներից գումար է խնդրում: «Ախր հո՞ր ես դանադ ծախալ, էտ առալ, դե հիմա էլ ծախի»,- հարեւանուհուն հանդիմանում է Սվետան` քթի տակ ասելով`ամառնացավ, սեզոնը բացվեց, սիրուն Լորը դաչվորներով լցվեց:

 

Երկրորդ լուսանկարում` Միլիտոն Հարությունյանը, 

վերջին լուսանկարում` ձախից` Ադելան եւ Սվետան

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter