HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Զաքարյան. «Քաղաքացիական հասարակության մի հատված տառապում է եվրաասոցացման հիվանդությամբ»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը

- Պրն Զաքարյան, Հայաստանն արդեն սկսե՞լ է բանակցությունները Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ: Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ:

- Չեմ կարող ասել, բայց ես չեմ կարծում, որ բանակցելու անհրաժեշտություն կա:

- Բայց Ռուսաստանը՝ ի դեմս առաջին փոխվարչապետի, կարծում է, որ նման անհրաժեշտություն կա:

- Տարբեր հայտարարություններ են արվում, գիտեք, ես չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա: Հիմա, եթե այդպես լինի, տարբեր երկրներ տարբեր հայտարարություններ են...

- Հայաստանն այդ դիվանագիտական «հանձնարարությունը» չի՞ կատարելու:

-Հայաստանի կողմից դա որպես դիվանագիտական հանձնարարութուն չի դիտվել, իսկ եթե լրագրողների կողմից է դիտվել, այլ հարց է... Կրկնում եմ՝ ես չեմ կարծում, որ ԱՀԿ-ի հետ բանակցելու անհրաժեշտություն կա:

- Այդ դեպքում ինչպե՞ս են լուծվելու մաքսատուրքերի հետ կապված խնդիրները:

- Դրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք քննարկվում են Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներում: Աշխարհում բազմաթիվ մաքսային միություններ կան, ու բոլոր երկրներն էլ այս կամ այն միությունների անդամներ են, բայց դա չի նշանակում, որ ԱՀԿ-ի հետ հակասություններ պետք է առաջանան:

- Վրաստանն այսօր ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Դա ի՞նչ կփոխի հայ-վրացական հարաբերություններում:

- Դա որոշակիորեն նոր, հետաքրքիր իրավիճակ կստեղծի: Ես միշտ ասել եմ, որ ողջունում եմ Վրաստանի որոշումը՝ շարունակել Ասոցացման համաձայնագիրը: Վրաստանի պարագայում շահերը մի փոքր այլ են, մեր դեպքում այլ են, մենք շարժվում ենք մեր շահերով, իրենք՝ իրենց: Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան սահմանին, ապա այն կարող է դիտարկվել երկու տեսանկյունից: Մեկը՝ որպես Եվրամիության հետ ՀՀ սահման, մյուսը՝ Եվրասիական միության և Եվրամիության սահման:

- Այսօր Հայաստանն էլ կարող էր ստորագրել կամ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Ափսոսանք չե՞ք զգում:  

- Ասոցացման համաձայնագիրը բաղկացած է երեք մասից, որոնք Հայաստանի համար մնում են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարագում: Ասել, որ ափսոսում ենք, որ ինչ-որ բանով հետ մնացինք կամ մեզ դուրս դրեցինք դրանից, այդպես չէ: Դրա համար մենք շարունակում ենք խոսել «եւ-եւ» քաղաքականությունից: Համագործակցության տարբեր ձևաչափեր կան՝ հստակ տարանջատված տարբեր խնդիրներով, որոնք մեզ համար շատ կարևոր են: Մենք Եվրասիական տնտեսական միության մեջ մեր համագործակցությունը տեսնում ենք տնտեսական, էներգետիկ, անվտանգության խնդիրների շուրջ, որոնք Ասոցացման համաձայնագրում չկային: Հստակ է, որ Եվրամիությունը ՀՀ-ի համար անվտանգություն չէր ապահովելու...

- Բայց Ռուսաստանն էլ այսօր չի ապահովում:

- Ո՞վ ասաց, որ չի ապահովում:

- Երեկ կրկին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հերթական անգամ զենք է վաճառելու Ադրբեջանին: Հիմա էլ МТУ-90М տանկային կամրջաշիններ է մատակարարելու:

- Դա դեռևս չի նշանակում, որ ՀՀ անվտանգությունը ՀԱՊԿ համակարգում չէ: ՀՀ անվտանգությունը կա, գոյություն ունի, և մենք մեր անվտանգության միջավայրն անընդհատ ապահովում ենք, անկախ նրանից` Ադրբեջանին զենք վաճառո՞ւմ են, թե՞ ոչ: Իհարկե, անձամբ ես չեմ ողջունում այդ գործողությունները, և դա խիստ մտահոգության խնդիր է, որ մեր թշնամի պետությունը զենք է ձեռք բերում, բայց դա չի նշանակում, որ մենք մեր անվտանգության համակարգը չենք զարգացնում: Մենք էլ նմանատիպ զենքով ենք, չէ՞, պաշտպանվում: Պատկերն այն է, որ այն, ինչ մեզ խիստ անհրաժեշտ է, բայց Եվրամիությունը մեզ չի տալիս, մենք, բնականաբար, այդ խնդիրները լուծում ենք Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությամբ:

- Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը անընդհատ ձգձգվում է: Հնարավո՞ր է, որ ՀՀ-ն կրկին վերադառնա եվրաինտեգրման ուղի:

- Ոչինչ բացառված չէ, բայց յուրաքանչյուր բան պետք է իմաստ ունենա: Մեզ մոտ քաղաքացիական հասարակության մի հատված կա, որը տառապում է եվրաասոցացման հիվանդությամբ, ասում են՝ ինչ ուզում է լինի, միայն ասոցացվենք: Բայց դա չէ խնդիրը, պետք է երևա մեր շահը, մենք պետք է տեսնենք՝ դա գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար  լա՞վ տարբերակ է, թե՞ ոչ: Մենք հո ինքներս մեզ թշնամի՞ չենք, որ գնանք այն ճանապարհով, որը մեզ ոչինչ չի տալիս... 

Մեկնաբանություններ (1)

Karine
Որ արտաքին հարաբերությոնների հանձնողովի նախագահը էս ջայլամը լինի, մեր օրն էլ էս կլինի: Գլուխը մտցրել ա ավազի մեջ, ոչինչ չի ուզում տեսնել ու չեղած խելքին զոռ ա տալիս: Բայց , այ ջայլամ, ոնց չես տեսնում, որ քո բոլոր հարևանների հետ արդեն հակամարդ պաշտպանական համակարգում ես հայտնվում: Իսկ էն միֆական պաշտպանական համակարգը, որի վրա հույս ես դրել, թշնամուդ մի կողմից զենք ա ծախում, մյուս կողմից էլ նրա հետ պոչ ա խաղացնում, որ քո հաշվին նրան իր կողմը քաշի:Ավելի անհեթեթ վիճակի մեջ հնարավոր էր հայտվե՞լ: Ու ոչ մեկի հայտարարությունն էլ, ինչ մակարդակի վրա էլ որ արվի՝ մեր կտրիճների համար ասնավանի չի; Իրանք էնքա՜ն իմաստուն են: Տեսնում ենք ձեր իմաստության արդյուքները: Բոլորը առաջ են գնում, իսկ դուք երկիրը նորից տանում եք քարի դար, մի նոր, հոգեվարքի մեջ գտնվող Империя зла, որը նախորդից անելի այլանդակ ա ու մեզ համար շատ ավելի վտանգավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter