HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյան. «Եթե Քոչարյանը պատրաստ լինի նստել մեղադրյալի աթոռին, այո, մենք կհամագործակցենք»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով նոր է վերադարձել ԱՄՆ-ից  

- Դուք հեռակա հետևել եք ԱԺ ոչ իշխանական քառյակի գործունեությանը, 12 կետերին, որոնք չորս խմբակցությունները ներկայացրել են իշխանությանը: Քառյակի աշխատանքը  ընդունելի՞ է Ձեզ համար:

- Ես կարծում եմ, որ այն փոքրիկ համագործակցություն է, որը չի պարունակում իր մեջ ազգային շահը սպասարկող քաղաքական օրակարգ, որը պետք է դրվի մեր բոլորի առջև: Մենք չպետք է սպասենք կամ ինչ-որ ժամկետներ տրամադրենք, կամ ինչ-որ մի փոքր 12 կետի շուրջ աշխատենք: Ոչ, մենք պետք է աշխատենք համակարգային փոփոխությունների ուղղությամբ, որ իշխանությունը վերադարձնենք ժողովրդին:

- Ձեր վերջին հարցազրույցներից մեկում Դուք բավական խիստ արտահայտվեցիք քառյակի վերաբերյալ` նշելով, որ հեռանկարներ չեք տեսնում քառյակի անդամ երեք ուժերի հետ համագործակցության, որովհետև նրանք սպասարկում են օլիգարխիայի շահերը: Ձեր դիրքորոշումը նու՞յնն է:

- Այո, մեր ժողովրդի ազգային օրակարգը պահանջում է, որ բոլոր քաղաքական, քաղաքացիական ուժերը, միավորները սպասարկեն ժողովրդի շահը, որը ենթադրում է պայթյուն, նոր հասարակարգի ստեղծում ՀՀ-ում:

- Նկատի ունեք, որ քառյակը պետք է պահանջի նախագահի հրաժարականը, բայց չի՞ պահանջում:

- Մենք նախագահ չունենք… Նրանք, ովքեր այսօր բռնազավթել են իշխանությունը, պետք է հետ տան այն ժողովրդին, մենք պետք է իրենցից հետ վերցնենք ՀՀ քաղաքացիներին պատկանող իշխանությունը: Սա է առաջին խնդիրը:

- Ո՞վ է խանգարում քառյակում ամբողջական իշխանափոխության հարցը դնելուն:

- Ես չեմ ուզում ասել, որ խանգարում են, ոչ, մենք պետք է մեր մեջ գիտակցենք, յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ այլևս ինքն էլ քաղաքական գործոն է ու պետք է անմիջականորեն ունենա ազդեցություն քաղաքական գործողությունների վրա, պետք է թելադրի քաղաքական օրակարգ: Քաղաքական կուսակցություններն, իհարկե, կարևոր են, գտնվում են քաղաքական կարևոր գործընթացների մեջ, ուստի իրենք էլ պետք է իրենց շտկեն ու հասկանան` օր առաջ պետք է զբաղվել այդ խնդրով, ոչ թե ժամկետներ տրամադրել կամ սահմանափակ 12 կետի շուրջ գործունեություն ծավալել: Դա պարզապես համագործակցություն է, շատ փոքրիկ համագործակցություն, որն այս պահին արդյունավետ չէ. արտագաղթը չի դադարում, անկախությունը վտանգող բոլոր մարտահրավերները գործում են: Մենք պետք է պարտադրենք մերը, իսկ փորքիկ համագործակցությունը դա չի պարտադրում: Քաղաքական գործընթացները սպասարկելու համար այդ փոքր համագործակցությունն անբավարար է:

- Ձեր դժգոհությունը քառյակի աշխատանքից կարո՞ղ է դառնալ պատճառ, որ «Ժառանգությունը» լքի քառյակը:

- Քառյակ… որպես այդպիսին քառյակ գոյություն չունի: Դա փոքր համագործակցություն է, փոքրիկ համագործակցություն, որը որակակական փոփոխությունների հարուցման սկիզբ դառնալ չի կարող:

- Հնարավո՞ր է այդ փոքր համագործակցությունից հրաժարվեք:

- Չէ, եթե կարելի է փոքր հարցերի շուրջ համագործակցել, ինչո՞ւ, դա ողջունելի է:

- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հայտարարություններով, որոնք շատերը գնահատեցին անգամ որպես ընդդիմադիր հայտարարություններ: Սա հա՞յտ է` վերադառնալու մեծ քաղաքականություն:

- Ես Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից չեմ տարանջատում: Ոչ մեկը միամիտ չէ, մենք գիտենք, թե Քոչարյանը ինչ վարչախմբի պարագլուխ է եղել, ինչ գործունեություն է ծավալել… Սերժ Սարգսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ պետք է նստեն մեղադրյալի աթոռին: Ես գտնում եմ, որ Մարտի 1-ի հիմնական մեղավորը հենց նա է, որովհետև նա միայն կարող էր այդ հրամանը տալ: Քոչարյանն այս վարչախմբի հովանավորներից, հիմնադիրներից մեկն է, ու ինչ էլ նա հայտարարի… Կարող է` մարդը փոխվել է, բայց ինքը պետք է գա ու ընդունի իր մեղքը: Քանի դեռ նա չի պատժվել իր կատարած արարքների համար, նա նրանցից մեկն է:

- ԲՀԿ-ն կարծես այդպես չի մտածում: Դուք չեք տարանջում Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից, մինչդեռ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ ինքը չի բացառում Քոչարյան-քառյակ համագործակցությունը, որի անդամ է նաև «Ժառանգությունը»:  

- Դուք ո՞նց եք պատկերացնում` ՀՀ թիվ մեկ օլիգարխը, հանցագործը, ում պաշտոնավարման տարիներին մենք ունեցել ենք հսկայական ծավալի կորուստներ, տասը զոհ Երևանի կենտրոնում, քաղաքական հայացքների համար բազմաթիվ բանտարկյալներ, ինչպե՞ս կարող են մեր գաղափարները միմյանց հետ համընկնել: Իհարկե ոչ… Գաղափարները մեր տարբեր են, ու Ռ. Քոչարյանը առաջինը պետք է լինի մեղադրյալի աթոռին:

- Կարո՞ղ ենք ասել, որ «Ժառանգությունը» դեմ կլինի քառյակ-Քոչարյան հնարավոր համագործակցությանը

- Ես չեմ կարծում, որ Քոչարյանն այնքան ինքնավստահություն ունի, որ կարողանա հաղորդակցվել, օրինակ, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ:

- Դուք տեսնո՞ւմ եք միտումներ, որ Քոչարյանը համագործակցելու է գալիս քառյակի հետ:

- Ես չգիտեմ` ինքը ինչ է ցանկանում:

- ԲՀԿ-ի կողմից նման հայտարարությունը տարօրինակ չէ՞ Ձեզ համար:

- Իհարկե տարօրինակ չէ, որովհետև ԲՀԿ-ն ստեղծվել է Քոչարյանի անմիջական մասնակցությամբ:

- Որի հետ «Ժառանգությունը» քառյակի շրջանակներում համագործակցում է:

- Խորհրդարանական խմբակցության համագործակցության աշխատանք է: Եթե Ռոբերտ Քոչարյանը պատրաստ լինի նստել մեղադրյալի աթոռին, այո, մենք կհամագործակցենք: Եթե նա պատրաստ է վերադառնալ ու զղջալ, ներողություն խնդրել, այո, միգուցե մենք համագործակցենք, որովհետև բոլոր մարդիկ ներման իրավունք ունեն: Բայց մնացած դեպքում ես չեմ կարծում, որ թիվ մեկ հանցագորի հետ մենք կարող ենք համագործակցել: 

Մեկնաբանություններ (1)

Մարատ
Տիկին Փոստանջյանի պատասխանները համընկնում են իմ կարծիքին , բացառությամբ հետևյալի, որ .: Ի շահ Հայաստանի զարգացման կարելի է համագործակցել բոլորի հետ. անհանդուրժողականությունը, փոխադարձ զզվանքը ծնում են անհավասարակշիռ, խարխուլ իրավիճակ: Պետք է պայքարենք մեր պետությունը փոխելու համար, իսկ ներկայիս կառավարությանը իշխանափոխությունից հետո թողնենք հանգիստ զբաղվի բիզնեսով, որպեսզի տեղիք չտանք նոր քաղաքական անկայուն իրավիճակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter