HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշակ Հարությունյան. «Ադրբեջանի ներկայությունը ԵՏՄ-ում բխում է Հայաստանի շահերից»

«Հետքի» հարցերին պատասխանում է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը 

- Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստից հետո կայացրած որոշման մեջ ասվում էր, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստվի Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Բայց, փաստորեն, որոշ «տեխնիկական» խնդիրների պատճառով, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին անորոշ ժամանակով հետաձգվում է: Ըստ Ձեզ ինչո՞վ է պայմանավորված այս ձգձգումը:

- Հետաձգումը պայմանավորված է բանակցություններով: Հայաստանը բանակցում է Եվրասիական տնտեսական միության երկների հետ դրույքաչափերի շուրջ, ուստի տեխնիկական այս պատճառով մեր անդամակցությունը փոքր-ինչ հետաձգվում է:

- Քաղաքական որևէ պատճառ չկա՞:

- Ոչ, քաղաքական պատճառ չկա ու չի կարող լինել, որովհետև, եթե նման պատճառ լիներ, ապա Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարճրագույն տնտեսական խորհրդի նիստում այդ մասին երեք երկների նախագահները կբարձրաձայնեին: Փոխարենը` երեք կողմն էլ`Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, միանշանակ հավանության արժանացրին ՀՀ` ԵՏՄ-ին միանալու որոշումը, ողջունեցին այն: Եվ կարևորը. եթե Հայաստանի անդամակցությանն իսկապես խոչընդոտեր քաղաքական պատճառը, ապա ԵՏՄ կանոնադրությամբ այդ երկրները, օգտագործելով վետոյի իրենց իրավունքը, կդնեին այդ հարցը:

- Իսկ այն, որ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը բարձրացրեց Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետեր դնելու հարցը, արդյոք չէ՞ր նշանակում, որ քաղաքական պատճառը բարձրաձայնվեց:

- Ոչ: Եթե լիներ որևէ խոչընդոտ, հենց նույն Ղազախստանի նախագահը կօգտագործեր վետոյի իր իրավունքն ու այդ մասին կասեր: Իսկ Նազարբաևի հայտարարությունը հասկանալի էր, նա մաքսակետեր տեղադրելու անհրաժեշտության մասին որևէ բան չի ասել: Նա շատ մեղմ ձևով առաջարկել է, որ ՀՀ-ն անդամակցի ԵՏՄ-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, ինչն արել է ՀՀ-ն, երբ անդամակցել է միջազգային տարբեր կազմակերպություններին: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը նամակն ուղղարկել է Նազարբաևին, վերջինս էլ նիստի ժամանակ նախագահող է եղել ու դրա համար ընթերցել է այն, այնպես որ սրանից ենթադրել, որ դա քաղաքական խոչընդոտ է ու  աղմուկ բարձրացնել, ես չեմ ընդունում: Կրկնում եմ` եթե Ղազախստանը կամ Բելառուսը ունենային նպատակ թույլ չտալ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, կօգտագործեին իրենց վետոյի իրավունքը:

- Պարոն Հարությունյան, Դուք ասացիք, որ ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության հետաձգման պատճառը մաքսատուրքերի շուրջ բանակցություններն են: Այդ բանակցությունները շուրջ մեկ տարի է՝ ընթանում են: Հնարավո՞ր է, որ այդ բանակցություններն այդպես էլ արդյունք չտան ու ՀՀ-ն հրաժարվի ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից:

- Ոչ: Ես չեմ կարծում, որ Հայաստանը կհրաժարվի մի միությանն անդամակցելուց, որը բխում է իր իսկ շահերից. դա պարզապես մեծագույն սխալ կլինի: Բանակցությունները կրում են տևական բնույթ, կան շատ նյուանսներ, և հետո մի մոռացեք, որ Հայաստանի անդամակցությունը առնչվում է մեծ շահեր հետապնդող երկրների հետ: Հայաստանը փորձում է իր շահերից բխող մաքսիմալ քայլեր կատարել, որ մաքսատուրքերը չբարձրանան կամ հետաձգվի դրանց ուժի մեջ մտնելու ժամկետը: Բանակցություններն ընթանում են այդ երկու ուղղությամբ:

- Մեծ աղմուկ է բարձրացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հայտարարությունների շուրջ, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հավաքի ժամանակ, որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, ասել էր, թե Հայաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը ևս անդամակցի ԵՏՄ-ին: Որպես պաշտպանության նախկին նախարար՝ Դուք ինչպե՞ս կգնահատեք նման մոտեցումը:

- Նախ եկեք գնահատենք, թե որքանո՞վ է մոտ այս հայտարարությունն իրականությանը, արդյոք Ադրբեջանն ունի՞ անդամակցելու ցանկություն: Իհարկե ոչ: Ադրբեջանը մոտակա տարիներին նման ցանկություն չի կարող հայտնել: Ադրբեջանի վարած քաղաքականությունն այնպիսին է, որ նրանք ոչ Եվրամիության հետ են հիմա բանակցություններ վարում, ոչ Եվրասիական տնտեսական միության, որովհետև իրենք իրենց քաղաքական, տնտեսական, ռազմական կապերը Թուրքիայի հետ այնքան են խորացրել, որ չեն կարող անգամ ցանկության դեպքում նման քայլի դիմել. Թուրքիան թույլ չի տա, որ Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին:

Իսկ եթե հետագայում, երբ Հայաստանը  լինի ԵՏՄ լիիրավ անդամ, ունենա վետոյի իրավունք, Ադրբեջանն էլ որոշի անդամակցել այս միությանը, ապա միանշանակ կարելի է ասել, որ Ադրբեջանի ներկայությունը Եվրասիական կազմում բխում է Հայաստանի շահերից, որովհետև նա կլինի այն պետությունների թվում, որոնք շահագրգռված չեն պատերազմի վերսկսմամբ: Որքան մեծ լինի Ադրբեջանի վրա Մաքսային միության անդամ երկների ազդեցությունն, այնքան դա կբխի ՀՀ շահերից: Ղարաբաղի հարցը լուծված է, ես համարում եմ, որ երբ մենք կանդամակցենք ԵՏՄ-ին, դրանով կուժեղացնենք Ղարաբաղը բոլոր առումներով` տնտեսական, անվտանգության և այլն: ՀՀ անդամակցության որոշումը չի կայացվել օդից, հաշվի են առնվել մի շարք գործոններ, որոնք հանգեցնելու են ՀՀ տնտեսական հզորացմանը, ռազմական ուժեղացմանը: Եվ քանի որ անդամակցության արդյունքում Հայաստանն ուժեղանում է, ուժեղանում է նաև Ղարաբաղը: Կապն այստեղ ուղղակի է, անմիջական… Այնպես որ, Գեղամյանի հայտարարությունը քաղաքական տեսանկյունից ես գնահատում եմ որպես ողջամիտ, ճիշտ հայտարարություն: Ավելի լավ է Ադրբեջանը լինի այս տարածաշրջանում` Եվրասիական տնտեսական միության կազմում, քան Թուրքիայի հետ: Երբ Ադրբեջանում ուժեղանում է Ռուսաստանի ազդեցությունը, դա բխում է ՀՀ շահերից:

- Չե՞ք կարծոււմ, որ զենքի ինտենսիվ վաճառքի հետևանքով Ադրբեջանում առանց այն էլ մեծ է ՌԴ դերը:

- Զենքի վաճառքի միջոցով, այո, Ռուսաստանը մեծացրել է իր ազդեցությունը Ադրբեջանում, բայց  Ադրբեջանն այսօր եթե ոչ հակառուսական, ապա ռուսական շատ թույլ քաղաքականություն է վարում: 1998 թվականին Հեյդար Ալիևը, եթե հիշում եք, հայտարարեց, որ Ղարաբաղի լուծման բանալին գտնվում է ՌԴ ձեռքում, ինչից հետո Ադրբեջանը սկսկեց մեղմ քաղաքականություն վարել ՌԴ նկատմամբ` հասկանալով, որ առանց ՌԴ Ղարաբաղի հարցը չի լուծվի:

Մեկնաբանություններ (1)

Կայծակ
Եվ ի՞նչ դուք գտնում եք որ ձեր մտքերը ողջամիտ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter