HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային քննարկումն անցավ առանց հանրության մասնակցության (տեսանյութ)

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջև, որտեղ քննարկվում էր Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, քաղաքացիները պահանջում էին ներս թողնել իրենց` մասնակցելու քննարկմանը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը անընդհատ պատճառաբանում էր, թե ներսում տեղ չկա, ուստի չեն կարող քաղաքացիներին թույլատրել մուտք գործել ՀԾԿՀ:

Օսիպյանը նախ հայտարարեց, թե շենք կարող է մտնել միայն 10 հոգի, ապա մտադրությունը փոխեց` նշելով, որ հինգ րոպեով կարող է ներս մտնել 2-ական քաղաքացի: Արդյունքում ակտիվիստները, որպես բողոքի նշան, փակեցին Սարյան փողոցը` հայտարարելով, որ իրենք հանրային քննարկմանը  մասնակցելու սահմանադրական իրավունք ունեն, իսկ ոստիկանությունը ոտնահարում է իրենց իրավունքը: Սկսվեցին բախումներ ոստիկանների ու քաղաքացիների միջև:

Նիստը շարունակվեց առանց ակտիվիստների մասնակցության, թեպետ, ինչպես հայտարարեց նրանցից մեկը, ներսում 12 ազատ աթոռ կար: Հանձնաժողովը քվեարկեց էլեկտրաէներգիայի թանկացման օգտին: Նոր գինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

Այս ընթացքում ակտիվիստները շարունակում էին պայքարել իրենց իրավունքն իրացնելու համար, ոստիկաններն էլ, ուժ գործադրելով, նրանց հեռացնում էին տարածքից: «Տղաներ, ոչինչ, մի օր ձեզ հետ բարձր կխոսեն, մի օր կհայհոյեն, ոչինչ…»,- դիմելով քաղաքացիներին քաշքշող ոստիկաններին` ասում էր փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը: Նա բազմիցս դիմում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին` նրան հորդորելով դիմել ակտիվիստներին` դադարեցնելու ակցիան:

«Պարոն Զուրաբյան, որպես ԱԺ պատգամավորի` ես Ձեզ խնդրում եմ դիմել ակցիայի մասնակիցներին, որ հետևեն օրենքին, ոստիկանների հետ կոնֆլիկտ չստեղծեն: Ձեզ մի դրեք չլսելու տեղ, պարոն Զուրաբյան, խնդրում եմ, հավատացեք` անկեղծ եմ ասում, իմ բառերի մեջ տեսեք անկեղծություն, մենք ցանկություն չունենք որևէ մեկիդ հետ կոնֆլիկտ ստեղծել»,- հայտարարեց Օսիպյանը, սակայն ակտիվիստները չհավատացին նրան:

Օսիպյանը մոտեցավ Զուրաբյանին` ասելով, որ ինքը ողջունում է ակցիան, բայց ծառայության մեջ է, ուստի պետք է պահպանի հասարակական կարգը: «Տփող լինեինք, հիմա կտփեինք»,- ասաց Օսիպյանը` արձագանքելով քաղաքացիներից մեկի ռեպլիկին:

Զուրաբյանն էլ ասաց, թե տեղի է ունենում խաղաղ ակցիա` առանց զենքի, մարդիկ ունեն պայքարելու իրավունք, իսկ ոստիկանության պարտականությունն է ապահովել, երաշխավորել քաղաքացիների սահմանադրական իրավունքը: «Այստեղ ոչ մի բախում չկա, լարվածությունը մտցնում է ոստիկանությունը: Մարդիկ իրենց ակցիան անում են, ո́չ զենք ունեն, ո́չ… մարդիկ են, արտահայտվում են, ի՞նչ խնդիր կա»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Ակցիայի մանրամասները` «Հետք»-ի տեսանյութում

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter