HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» օրակարգում Քոչարյանի հետ համագործակցության հարց դրված չէ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հայտարարությունը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ոչ իշխանական քառյակի համագործակցությունը հնարավոր է, «Ժառանգություն» կուսակցության տարբեր ներկայացուցիչներ տարբեր կերպ են մեկնաբանում:

Զարուհի Փոստանջյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը երկրի թիվ մեկ օլիգարխն ու հանցագործն է, ապա նշել էր, որ ԲՀԿ-ն իր համար Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ ստեղծված կուսակցություն է, թեև, հիշեցնենք, ի դեմս կուսակցության խորհրդարանական խմբակցության, «Ժառանգությունը» համագործակցում է ԲՀԿ-ի հետ: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հակադարձել էր, որ իրենք շարունակելու են աշխատել քառյակի ձևաչափով, որովհետև դրա հիմնադիրներից են:

Հետաքրքիր է, թե «Ժառանգությունից» հնչող տարբեր կարծիքներից որին է սատարում կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հետքի» հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կողմ է նա, որ քառյակը համագործակցի Ռ. Քոչարյանի հետ, Ր. Հովհաննիսյանը նախ նշեց, թե իրենք ողջունում են չորս ուժերի խորհրդարանական համակարգործակցությունը, բայց համարում են, որ այն պետք է լինի ավելի ամբողջական:

«Ես կարծում եմ, որ խորհրդարանական այդ ձևաչափը պետք է լինի ավելի ամբողջական` ճանապարհային քարտեզով, ժամանակացույցով»,- նշեց նա, ապա պատասխանելով բուն հարցին, ասաց, որ իրենց օրակարգում Ռ. Քոչարյանի հետ համագործակցության հարց դրված չէ: «Ձեր հարցին ես պատասխանել չեմ կարող, որովհետև այն հարուցված չէ մեր օրակարգում: Նման հարց հիմա գոյություն չունի. ամեն մեկն ունի իր կարծիքի իրավունքը, և ես հիմք չունեմ մեկնաբանելու հարգարժան պատգամավորի խոսքերը (նկատի ունի Ստեփան Մարգարյանին- հեղինակ): Մենք չենք տեսնում որևէ հիմք մտածելու, որ Քոչարյանը վերադառնում է»,- նշեց նա:

Մեր հարցին, թե արդյոք Ռ. Քոչարյանի վերջին հայտարարությունները, որոնք շատերի կողմից գնահատվեցին անգամ որպես ընդդիմադիր հայտարարություններ, արդյոք չեն խոսում նրա վերադարձի մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ամեն մեկն ունի արտահայտվելու իրավունք, այդ թվում` երկրորդ նախագահը: «Ամեն դեպքում կրկնում եմ` քառյակ-Քոչարյան համագործակցության հարց դրված չէ»,- հավելեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter