HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական պատվիրակությունը փորձում է հիմնավորել իր լռությունը ԵԽԽՎ նիստում

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը համարում է, որ ճիշտ կեցվածք է որդեգրել ամառային նստաշրջանում` որևէ  հարց չուղղելով նստաշրջանը նախագահող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ամփոփելով ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքները` ՀՀ պատվիրակության ՀՀԿ-ական անդամներ Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամեն կերպ փորձում էին արդարացնել իրենց լռությունը նիստում` նշելով, որ հարց տալու դեպքում իրենք հնարավորություն կտային Ալիևին անսահմանափակ ժամանակահատվածում ներկայացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների միակողմանի նկարագիրը: Նշենք, որ հարց տվող պատվիրակներն, ըստ ԵԽԽՎ կանոնադրության, ունեն երեսուն վայրկյան ժամանակ: 

ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ պատվիրակությունը քննարկել է Ալիևին հարցեր ուղղել-չուղղելու հարցը ու որոշել Ադրբեջանի նախագահին հնարավորություն չընձեռել հակահայկական հայտարարություններ հնչեցնելու: «Մենք կարծում ենք, որ հարց տալը կնշանակեր հակահայկական նոր շոուի, նոր արարի հնարավորություն տալ, որին, վստահաբար, սպասում էր Ալիևը: Մեր պատվիրակությունը շատ փորձառու է, և հավատացնում եմ, որ այս տարիների ընթացքում նման իրավիճակների մեջ եղել ենք, ուստի որոշումը այսպիսին էր` ձեռք մեկնել, հնարավորություն տալ Ալիևին Հայաստանի դեմ խոսել` սխալ կլիներ: Պատասխանը միակողմանի էր հնչելու, մենք էլ ռեպլիկի, հակադարձ արձագանքի հնարավորություն չունեինք, դրա համար որոշեցինք չխոսել»,- նշեց նա:

Նաիրա Կարապետյանն էլ հավելեց, որ եթե իրենք հարց ուղղեին Ալիևին, կշեղեին Ադրբեջանի ներքին խնդիրների մասին ծավալված քննարկումը ու նրա հետ կմտնեին անտեղի բանավեճի մեջ: «Խնդրում եմ ինքներդ դատեք. այն ամբողջ ագրեսիան, ցինիզմը, որը Ալիևը նախապատրաստել էր հայկական պատվիրակության հարցերին պատասխանալու համար, ուղղվեց եվրոպացի գործընկերներին, ինչը բավական լուրջ կարծիք փոխեց Ալիևի մասին. բացասական կարծիք ստեղծվեց մեր հարևան երկրի նախագահի մասին»,- ասաց Կարապետյանը:

Արփինե Հովհաննիսյանն էլ համաձայնեց գործընկերների հետ` նշելով, որ երբ թշնամի երկրի նախագահին հարց ես տալիս, հնարավորություն ես տալիս նրան ասել այն, ինչը նա չէր կարող ասել Եվրոպացի պատգամավորների հասցեին: «Ողջ ագրեսիան ուղղվեց եվրոպացի պատգամավորներին: Եթե հարց տայինք, նրան շանս կտայինք ասել այն, ինչ ուզում է, իսկ մենք նրան զրկեցինք այդ հնարավորությունից: Մեր դիրքորոշումը եվրոպացի գորընկերներին հասկանալի էր, որովհետև դա չափազանց լուրջ վարքագիծ էր: Մեր ընտրած վարքագիծը ճիշտ է եղել, թեև մեր ներքին լսարանում այն չընդունվեց»,- հավելեց նա:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահը հիշեցրեց, որ Ադրբեջանը երկար տարիներ կիրառել է նույն հնարքը` զբաղվել է հակահայկական պրոպագանդայով, անընդհատ բարձրացրել հայ-ադրբեջանական հարցը, բոլոր հարցադրումները տարել է այդ ուղղությամբ: «Իրենք ուզում էին հարցերն իջեցնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարթություն, իսկ մեր քաղաքականության սկզբունքներից մեկը հիմնվել է նաև սրա վրա, մենք չէինք ուզում, որ սա դառնա հայ-ադրբեջանական թեմայով բանավեճ: Մենք կարողացել ենք այս հարցը թեմայից հանել, որ օրակարգում մնա Ադրբեջանի նկատմամբ պրետենզիաների հարցը»,- նշեց Նաղդալյանը:

Ի դեպ, այս անգամ էլ ասուլիսին ներկա էին պատվիրակության միայն ՀՀԿ-ական ներկայացուցիչները: Հերմինե Նաղդալյանը պատճառաբանեց, որ կա ձևավորված ավանդույթ` ընդդիմադիր գործիչները չեն մասնակցում ամփոփման աշխատանքին, թեև ինքն անձամբ, որպես պատվիրակության ղեկավար, նրանց մերժողական մոտեցումը չի ընդունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter