HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրամ Աթանեսյան. «Հեֆերնը չի կարող որևէ առաջարկ անել»

«Հեֆերնը չի կարող որևէ առաջարկ անել, դա առաջարկություն չէ»,- այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ԼՂՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ դեսպան Հեֆերնը ասել էր, թե ինքն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուոլրիքը այն զգացողությունն ունեն, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները  դիտարկում են  որպես մեկ ամբողջություն. «Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ  առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂՀ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը. եւ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով. ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի»:

Վահրամ Աթանեսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այն, որ Հեֆերնը խոսում է նաև Ուոլրիքի անունից, չի՞ նշանակում, որ ԵԱՀԿ մինսկի խումբը հարցի կարգավորման նման տարբերակին է հակված: «Իրենք կարող է շատ բանի հակված լինեն, բայց… »,- արձագանքեց Աթանեսյանը:

Նա նշեց, որ իր համար կարգավորման «ոչ մի տարբերակ ընդունելի չէ, ընդունելի է այն, ինչ-որ կա»: Ըստ նրա` այդ հարցը միշտ էլ բարձրացվել է, նորություն այդտեղ չկա, ու պետք չէ Հեֆերնի հայտարարությունն ընդունել որպես հարցի կարգավորման առաջարկ: «Մենք չենք կարող ԱՄՆ դեսպանի հայտարարությունը լուրջ չընդունել, պարզապես ես ասում եմ, որ դա միջազգային միջնորդության տեսակետն է ու որևէ մեկի համար նորություն չէ: Քսան տարի է՝ բանակցություններ են ընթանում, քսան տարի է կարգավորման հայեցակարգը միջազգային միջնորդության կողմից ենթադրել է ԼՂՀ յոթ տարածքների վերադարձը Ադրբեջանին»,- հավելեց նա:

Մեր հարցին, թե արդյոք հիմնավո՞ր են այն զուգահեռները, որ դեսպան Հեֆերնը հանդես եկավ նման հայտարարությամբ այն ժամանակ, երբ  խոսվում է Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցության մասին, Վահրամ Աթանեսյանը պատասխանեց. «Այսինքն՝ ատացվում է, որ ԱՄՆ դեսպանն աշխատում է այն բանի օգտին, որ Ադրբեջանն անդամակցի՞ ԵՏՄ-ին: Ես չեմ կարծում, որ նա կարող է աշխատել որևէ երկրի համար ԵՏՄ-ին միանալու օգտին: Եվ հետո, Հայաստանը դեռ չի անդամակցել այդ միությանը, և ըստ էության Եվրասիական տնտեսական միությունն էլ մեզ այլ բան չի ասում, քան ասում է դեսպան Հեֆերնը»: 

Վահրամ Աթանեսյանի լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter