HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանվել Գրիգորյանի ընկերությունը չի վճարել նույնիսկ նվազագույն վարձավճարը

ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի ընկերությունները չեն վճարում տեղական հարկերն ու տուրքերը եւ հայտնվում են դատարանում: Արշալույս գյուղի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը դեռեւս 2013թ. սեպտեմբերին դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի վարձակալության պայմանագիրը լուծելու, դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու եւ գումարի բռնագանձման պահանջների մասին հայցով:

Արշալույսի նախկին համայնքապետ Գրիգոր Գրիգորյանի եւ «Արշալույս» ԳԿՏ-ի միջեւ 1999թ. կնքվել է 0.396հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր։ Նշված հողամասը գտնվում է գյուղի զոհված ազատամարտիկների հուշարձանի անմիջական հարեւանությամբ եւ, ըստ պայմանագրի, այն հատկացվում է խաղահրապարակ կառուցելու նպատակով:

Գեներալին պատկանող ընկերությանը հողը տրվել է «ցմահ»՝ 1ք-ի համար ընդամենը 3 դրամ վարձավճարով: Տարեկան վարձավճարը կազմում է 11.880 դրամ։ «Արշալույս» ԳԿՏ-ի եւ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի միջև 1999թ. կնքվել է ընկերությունների միացման պայմանագիր։ Նշված 0.396հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարվել է «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի վարձակալության իրավունքի պետական գրանցում, սակայն վերջինս նույնիսկ 11.800 դրամը դժկամությամբ է վճարում համայնքային բյուջե։


Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրեց, որ բազմիցս գրավոր դիմել է ընկերությանը՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու պահանջով, սակայն Մանվել Գրիգորյանի ընկերությունը անտեսում է իր գրությունները՝ ո́չ հարկերն են վճարում, ո́չ էլ վարձակալած հողատարածքն են ըստ նշանակության օգտագործում:

Համայնքապետը գրություններով տեղեկացրել է «Արա եւ Այծեմնիկ» ընկերության տնօրենին, որ վարձակալած տարածքը չի ծառայում որպես խաղահրապարակ, ինչն ամրագրված է պայմանագրով: Այս բովանդակության գրությունները մի քանիսն են, սակայն մինչ օրս տարածքը չի դարձել խաղահրապարակ: Իհարկե, այնտեղ տեղադրվել են մանկական մի քանի կարուսելներ, սակայն հիմնական տարածքը զբաղեցված է փոքր փայտե տնակներով: Գյուղացիների ասելով՝ այդ տարածքն ավելի շատ գարեջրատուն է, քան հրապարակ, որտեղ երեխաները չեն խաղում:

«Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի տնօրենը դեռեւս 2010թ. համայնքապետին տեղեկացրել է, որ ընկերությունը ծրագրել է հին հրապարակի նորացման աշխատանքներ: Արշալույսցիներն այդպես էլ չտեսան նորացված խաղահրապարակը:

Դատարանը հունիսի 5-ին մասնակի բավարարել է Արշալույսի համայնքապետի հայցադիմումը եւ վճռել է «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ից հօգուտ Արշալույսի գյուղապետարանի բռնագանձել 87.614 դրամ` որպես վարձավճարների գումար։

Դատարանը մերժել է Արշալույսի համայնքապետի՝ պայմանագիրը լուծելու պահանջը` պատճառաբանելով, թե  Արշալույսի գյուղապետարանը օրենքով սահմանված կարգով նախապես առաջարկություն չի ներկայացրել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին պայմանագիրը լուծելու վերաբերյալ, «ուստի նկատի ունենալով, որ նա չի կատարել իր պարտականությունները, որն իրավունք կվերապահեր հայցվորին` պատասխանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի հետ կնքած պայմանագրերը լուծել դատական կարգով, դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը Արշալույս համայնքի` ի դեմս գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի եւ «Արշալույս» ԳԿՏ-ի միջև 09.02.1999թ. կնքված 0.396հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջները ենթակա են մերժման»:

«Արա եւ Այծեմնիկ» ընկերության տնօրենի տեղակալ Արթուր Ամիրխանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենք Արշալույսի համայնքապետարանին պարտք չունեն, վճռից հետո ամբողջությամբ վճարել են հարկերը: «Ինչ վերաբերում է խաղահրապարակին եւ պայմանագրային պարտավորությունները կատարելուն, դիմեք Արշալույսի գյուղապետարան, իրենք մանրամասն կտեղեկացնեն ձեզ: Գյուղապետարանը ցանկանում է այդ հարցը լուծել դատական կարգով, սպասում ենք դատարանի վճռին»,- ասում է Ա. Ամիրխանյանը՝ տեղյակ չլինելով, որ դատարանն այդ հարցի վերաբերյալ արդեն վճիռ կայացրել է:

Հ.Գ. «Հետքն» առաջիկայում կանդրադառնա Մանվել Գրիգորյանի ունեցվածքին եւ ունեցած հարկային պարտավորություններին: