HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արյան գնով էս տան համար կպայքարեմ»

Մարիամ Խալաթյան

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մոտ երկու տարի առաջ շահագործման հանձնվեց սոցիալական թաղամաս: Այն իր մեջ ներառում է մի քանի բազմաբնակարան շենք, որոնք ծառայելու են տարբեր խմբերի մարդկանց բնակարանային խնդրի լուծմանը: Սակայն այս բնակարանները շատերի համար՝ հիմնականում մարալիկաբնակների, մեծ քաշքշուկների և գլխացավանքի առիթ են դարձել:

Շուշան Քոչարյանը յոթ տարի առաջ Կապս գյուղից հարս է եկել Մարալիկ և ամուսնու ընտանիքի հետ բնակվում էր Շիրազի փողոցի մի անշուք տնակում: Ընտանիքը սոցիալական բնակարան ստացող շահառուների ցանկում է, բայց առ այսօր նրանց բնակարանը հատկացված չէ: Շուշանն ասում է՝ բոլոր փաստաթղթերը կան, անգամ՝ հասանելիք բնակարանի թիվն են ասել՝ 62:

«Մենք անցյալ տարվա նոյեմբերից պիտի բնակարանի մեջ լինեինք, քաղաքապետը միշտ սկեսրոջս կանչում ասում էր՝ ձեր տան հարցը լուծված է, պրոբլեմ չկա»,- պատմում է Շուշանը: Այս ընտանիքի ավագ դուստրը սեպտեմբերին դպրոց է հաճախելու, ու մի օր ծնողների մոտ սրտնեղել է, թե իր ընկերուհիները, որ գան «գարշոկի՞ն են զուգարան գնալու, իրենց նման»:

«Իմ էրեխեքը տնակում են ծնվել, ուր ոչ մի հարմարություն չկա՝ ոչ զուգարան, ոչ լվացքի տեղ: Նույնիսկ ձմեռ-գարուն ես էրեխեքին դուրսը կլողացնեմ: Թող գան տեսնին»,- ասում է Շուշան Քոչարյանը:

Սոցիալական բնակարանի իրենց հերթին սպասելուց հոգնելով, հունիսի 20-ին Շուշանի ամուսինը կոտրում է շենքի առաջին հարկի մեկսենյականոց բնակարաններից մեկի ապակին ու ընտանիքի հետ բնակության տեղափոխվում այնտեղ: Իրենց արարքը Քոչարյաններն արդարացնում են՝ ասելով, որ նորակառույց շենքը շահագործումից երկու տարի անց դեռ բնակեցված չէ, մուտքի դռները կողպած են, իսկ իրենք չունեն բնակության տարրական պայմաններ: Շուշանի ամուսնու դեմ  ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

«Մենք տույժը տվել ենք, էդ վնասի հատուցումն արել ենք: Բայց քաղաքապետն հիմա ընկած է մեր հետևից: Մեզ ստիպում է, թե տնից ելեք՝ բաժանելու ժամանակ տունը կտանք... Աստված գիտե երբ կտան»,- սրտնեղում է երկու մանկահասակ երեխաների մայրը: Շուշանը նաև «Հետքին» փոխանցեց, որ իրենց հասանելիք տունը՝ համար 62 բնակարանը, հատկացվել է մանկատան սանի:

Շուշանի ամուսինը՝ Գոռը, 2001 թ. Ղարաբաղում վնասել է ողնաշարը, հիմա ծանր աշխատանք չի կարող կատարել, սակայն ընտանիքի հոգսերը հոգալու համար ամուսնները սեզոնին դաշտային աշխատանք են անում: Բնակարանի հետ կապված այս քաշքշուկներից հետո էլ, ինչպես կինն է վստահեցնում, խախտվել է Գոռի նյարդային համակարգը, անգամ գիշերները չի կարողանում քնել՝ սարսափած վեր է թռչում ասելով՝ ինչի՞ համար գնամ նստեմ, ապակի կոտրելու՞: Խնդրին ծանոթ են նաև Շիրակի մարզպետարանում: Շուշանի պատմելով՝ փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը եկել ու զարմացել է, թե ինչի՞ համար փաստաթղթեր ունեցող ընտանիքը մինչև հիմա բնակարան չի ստացել: Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանն էլ պատասխանել է՝ դեռ չենք բաժանել:

«Քաղաքաշինության նախարարությունից ակնոցներով մի մարդ եկավ, ինձ այ տվեց՝ քեզ ըդտեղից կգցեմ ցած, դուք բդի չնստիք էս տան մեջ, չպիտի վայելեք էս տունը,- շարունակում է Շուշանը,- պատճառ են բռնում, թե ես իմ հայրական տնից 0,96 հա վարելահող բաժին ունեմ, բայց ես դա նվիրաբերել եմ հայրիկիս, հիմա պրոբլեմն ինչու՞մն է»:

Շուշանի ընտանիքը պահանջում է իր հասանելիքը և պնդում, որ չեն պատրաստվում հեռանալ ապօրինի զբաղեցրած բնակարանից: Նրանք կամաց-կամաց հաստատվում են այստեղ, թեև չեն կարող գազ օգտագործել՝ չեն միացնում, ջուրը դույլերով կրում բարձրացնում են վերև, միայն էլեկտրականություն ունեն: Ի դեպ, այս ընտանիքը չի օգտվում նաև բնակարանի դռնից ու շքամուտքից, որոնք փակ են: Պատուհանի տակ փայտե աստիճան են հարմարեցրել ու այդպես ելումուտ են անում:

«Ես էս տնից չեմ ելնի՝ իրանց պես հազարն էլ լինի: Քաղաքապետին ու տեղի միլպետին էլ եմ ասել՝ արյան գնով էս տան համար կպայքարեմ: Ամեն ինչի ընդունակ եմ՝ հանուն իմ ընտանիքի ու էրեխեքի: Ես մարդ էլ կսպանեմ, բայց իմ էրեխեքին ստեղից դուրս չեմ հանե»,- ավելացրեց Շուշան Քոչարյանը:

Մարալիկում մեր անցկացրած ամբողջ ժամանակամիջոցում շենքի մոտ պարբերաբար ոստիկաններ էին շրջում: Այստեղ նաև իմացանք, որ նույն սոցիալական թաղամասում բնակարանի տեր է դարձել Մարալիկի քաղաքապետի վարորդն, ով Հայրենյաց գյուղի բնակիչ է: Բացի այդ, բնակիչների ասելով, թաղամասի տարբեր մասերում երկու բնակարան ունի նաև Մարալիկ-Գյումրի ավտոմայրուղու հարեւանությամբ գործող «Ռուբլյովկա» համալիրի տերը՝ հայտնի Երջոն:

«Հետքի» տեղեկություններով Մարալիկի բնակչուհի Աննա Հովհաննիսյանն եւս մանկահասակ երեխաների հետ հայտնվել է դրսում, ամուսնուց բաժանվել է, զրկվել նրա օգնությունից ու տանիքից: Դիմել է քաղաքապետին սոցիալական թաղամասում հաստատվելու համար, սակայն մերժվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter