HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն նախանձի կամ խանդի զգացում չունեն

էլեկտրաէնէրգիայի սակագնի թանկացման հարցը քննարկելուց հետո ԱԺ չորս խմբակցությունները (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն») խորհրդակցություն, հանդիպում չեն ունեցել: «Հետք»-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է քառյակի պասիվության պատճառը: Մելքումյանը պատասխանեց, որ ինքը ԱԺ պատվիրակության կազմում է եղել, որը մեկնել էր Մեծ Բրիտանիա, ուստի տեղյակ չէ` նիստեր եղե՞լ են, թե՞ ոչ: 

«Երեկ չէ առաջին օրն եմ վերադարձել, չգիտեմ, կկապվեմ, կիմանամ, բայց, ցավոք սրտի, վաղը առավոտյան մեկնելու եմ»,- նշեց նա:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նոր է վերադարձել Հայաստան ու տեղյակ չէ` քառյակը նիստ կամ աշխատանքային խորհրդակցություն արե՞լ է, թե՞ ոչ. «Ամեն դեպքում, ՀՅԴ-ն արձակուրդի չի մեկնել, մենք աշխատում ենք մի շարք հարցերի վրա` կուտակայինի մասով ՍԴ դիմումի վրա, էլեկտրաէներգիայի հարցով` դատական բողոքարկման մեխանիզմների վրա»:

Ըստ Մինասյանի` այդ հարցերը կբարձրացվեն աշնանը, որովհետև ամռանն անգամ ստորագրահավաք կազմակերպելու բարդություն կա:

ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչներն ասացին նաև, որ չեն մասնակցելու հուլիսի 18-ին Ազատության հրապարակում սպասվող ՕԵԿ-ի հանրահավաքին` հավելելով, որ տեղյակ չեն` իրենց կուսակցությունները մասնակցել-չմասնակցելու հարցը քննարկե՞լ են, թե՞ ոչ:

Հարցին` հիմնավո՞ր են այն կարծիքները, որ քառյակն այնքան է պասիվացել, որ հանրային հնչեղություն ունեցող հարցերը, ինչպիսին էլեկտրաէներգիայի գնի բարձրացումն է, թողնվել են ՕԵԿ-ին, եւ վերջինս այդ հարցի առիթով հանրահավաք է հրավիրել, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, որ առաջ կամ հետ ընկնելու խնդիր կա, կարևորը արդյունքի հասնեն: Հիմա եթե ՕԵԿ-ը արդյունքի կհասնի, մենք ուրախ կլինենք, որովհետև հանրությունը արդյունքի կհասնի: Չկա նախանձ, խանդ կամ նման բաներ ՕԵԿ-ի նկատմամբ, այնքան քիչ ենք, որ խանդը քաղաքականության մեջ անգամ կործանարար է»:

Միքայել Մելքումյանն էլ համաձայեց` նշելով, որ քառյակը ՕԵԿ-ից առաջ կամ հետ ընկնելու խնդիր չունի, ուստի նախանձը կամ խանդը նրանց գործողություններում բացառվում է: «Քաղաքականության մեջ խանդն ու նախանձն անընդունելի բաներ են: Մենք նորմալ ենք վերաբերվում, որ ՕԵԿ-ն այդ հարցով հանրահավաք է հրավիրում, մենք դեմ չենք այդ հանրահավաքին»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:

Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ի հանրահավաքը դիտվի որպես քննություն` անդամակցելու քառյակին, և քառյակն ընդլայնի իր կազմը: Ա. Մինասյանը պատասխանեց, որ քառյակը բրենդ է դարձել և թվաբանական ավելացման կամ պակասեցման դեպքում անվանումը մնայուն կլինի: Նրա խոսքով` չկան կանոններ, որոնց դեպքում քաղաքական ուժը կարող է համալրել իրենց շարքերը:

«Ես չունեմ այն թեսթը, թե թեսթի որ արդյունքի դեպքում քաղաքական ուժը կդառնա մեր անդամը: Քառյակը ձևաչափ չէ, այլ բան չկա, անգամ այն, որ քառյակը խորհրդարանում հանդես է գալիս միասնական ընդդիմադիր դիրքերից, սա չի կարելի համարել ընդդիմադիր կոալիցիա, հետևաբար քառյակ` որպես կառույց, չկա, կա քննարկվող հարցերի ձևաչափ»,- հավելեց ՀՅԴ պատգամավորը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter