HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքագետ. «Լուրջ կլինի՞ թողնել ԵՏՄ-ն ու կրկին վերադառնալ Եվրոպա… մանկական խոսակցություններ են»

Հետք-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը

- Ձեզ համար տեսանելի՞ են այն պատճառները, թե ինչու Հայաստանը մինչ օրս չի դարձել Եվրասիական տնտեսական միության անդամ: Ձգձգումն ինչո՞վ է պայմանավորված:

-Հետաձգման մի քանի պատճառ կա: Առաջին պատճառը տեխնիկական է: Սեպտեմբերի երեքի կայացրած քաղաքական որոշումն իրականություն դարձնելու համար Հայաստանը պետք է կատարեր մեծ ծավալով աշխատանք: ԵՏՄ անդամ պետությունները անդամակցության ճանապարհն անցել են շուրջ տասը տարի ու այն, ինչ մեկ տարում արեց Հայաստանը, հեշտ չէր կարող լինել, դա, բնականաբար, մեծ ժամանակ պետք է պահանջեր:

Երկրորդ խնդիրը ներկայացված կետերը համաձայնեցնելն է: Որոշ պահանջներ կամ պարտավորություններ կան, որոնք համաձայնեցման կարիք ունեն, որովհետև ամեն երկիր անդամակցում է ԵՏՄ-ին իր շահերով ու պատկերացումներով: Համաձայնեցումը մեկ-երկու օրվա գործ չէ, դա լուրջ աշխատանք է:

Երրորդ և ամենակարևոր պատճառը ձգձգման այն է, որ Մաքսային միության երկրների միջև կան պրոբլեմներ: Այդ պետությունների միջև խնդիրները մեծ են և անմիջական կապ Հայաստանի հետ չունեն: Օրինակ` կալյումի հարցը Բելառուսում մեծ խնդիր է, խնդիր է Ռուսաստանից ներմուծմող նավթամթերքի մշակումը, հարկային կորուստները, որոնք կրում են այդ պետությունները և այլն: Հիշո՞ւմ եք, վերջերս Բելառուսի նախագահը` Լուկաշենկոն, հայտարարեց, թե եկեք Եվրասիական տնտեսական միությունը հիմնենք տասը տարի հետո: Սա հենց այդ առկա հակասությունների արդյունք է: Պուտինը որևէ զիջման գնաց, հարցը Լուկաշենկոյի հետ համաձայնեցվեց ու վերջ: Այնպես որ մտածել, թե այս պետությունները միմյանց հետ խնդիրներ, հակասություններ չունեն ու Հայաստանի հետ էլ չեն ունենա, միամտություն է, ծիծաղելի է:

- ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Չե՞ք կարծում, որ հենց այս հարցում Հայաստանի իշխանությունները չեն կարողանում համաձայնության գալ ԵՏՄ հետ:

- Ոչ, ոչ: Ես չեմ կարծում, որ Ղարաբաղը որևէ կերպ ազդում է անդամակցության գործընթացը ձգձգելու վրա: Այլ հարց է, որ Ղարաբաղը կարող է այդ պետությունների կողմից օգտագործվել որպես պատրվակ ձգձելու համար մեր անդամակցությունը, բայց Ղարաբաղի խնդիրը միշտ էլ եղել է, այնպես որ… Ոչ մի բան չի խանգարում, որ օրինակ Հայաստան ներմուծվող օղին վաճառվի նաև Ղարաբաղում և հակառակը: Եկեք խնդրին մակերեսային չնայենք. այն, որ Ղազախստանը խոսում է ԼՂՀ մասին, նա խորքում չի խոսում ԼՂՀ մասին, նա իրականում այդ կերպ դիմում է Ռուսաստանին, սա է:

- Պարոն Իսկանդարյան, չե՞ք կարծում, որ Ռուսաստանը փոխել է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Սկզբում ռուս մի շարք պաշտոնյաներ իրենց հիացմունքն էին արտահայտում, որ Հայաստանը որոշեց անդամցել ԵՏՄ-ին, հույս էին հայտնում, որ անդամակցության գործընթացը արագ կընթանա, իսկ հիմա պարբերաբար հետաձգում են անդամակցության ժամկետները: ՀՀ հանդեպ ՌԴ հետաքրքրության նվազումն ինչո՞վ է պայմանավորված:  

- Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը երբևէ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել, որ Հայաստանը անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ոչ, նման բան չի էլ եղել: Ձեր կողմից ասված հայտարարությունները արվել են սեպտեմբերին, և խնդիրն այդ ժամանակ ոչ թե Հայաստանին Մաքսային միություն անդամակցելու ՌԴ ձգտումն էր, այլ Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը: Ես չեմ կարող ասել, որ Ռուսաստանն ընդհանրապես չի ուզում ՀՀ-ին տեսնել ԵՏՄ-ում, բայց պետք չէ գերանգանահատել ՌԴ ցանկությունը,  որովհետև Հայաստանը որպես երկիր տնտեսական որևէ հետաքրքրություն Ռուսաստանի համար չի ներկայացնում: ՌԴ համար հետաքրքրություն էր ներկայացնում Ուկրաինան, որին Ռուսաստանը կորցրեց, Ղազախստանը, ինչ-ինչ հարցերում Բելառուսը, բայց ոչ Հայաստանը: Եվ ասել, որ Ռուսաստանին հաջողվեց Եվրամիությունից կտրել-տանել այնպիսի մի համեղ պատառ, ինչպիսին է Հայաստանն է, սխալ կլինի: Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ ռուսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ փոխվել է, չէ, կա գործընթաց, որը շարունակվում է, իսկ հայկական լրատվամիջոցներում առկա հիստերիան, պանիկան այս թեմայով, բնորոշ է միայն հայկական լրատվամիջոցներին:

- Հայաստանը կդառնա՞ ԵՏՄ անդամ:

- Դե չգիտեմ: Գործընթացը շարունակվում է: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Հայաստանը ամենայն հավանականությամբ ստորագրի ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը, իսկ այն խնդիրները, որոնք այսօր առկա են, համաձայնեցման ենթակա են: Չեմ կարծում, որ կանդամակցեն շատ արագ կամ շատ շուտով, բայց կանդամակցենք:

- Ձգձգման գործընթացը շատերին հույս է ներշնչում, որ Հայաստանը կարող է օգտվել այս առիթից, հրաժարվել ԵՏՄ անդամակցությունից ու վերադառնալ Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը:

- Իսկ ինչո՞ւ է պետք հրաժարվել անդամակցությունից: Ի՞նչ օգուտ կարող է ունենալ Հայաստանը` ԵՏՄ անդամակցությունից հրաժարվելով: Ենթադրենք, Հայաստանն ուրախացավ, որ այդ պետությունները ձգձգում են անդամակցությունը, պատճառ բռնեց` որոշեց դրանից հետ կանգնել, հետո՞, դա լուրջ կլինի՞ թողնել ԵՏՄ-ն ու կրկին վերադառնալ Եվրոպա: Ասոցացման համաձայնագրին այսօրվա դրությամբ վերադառնալ հնարավոր չէ. տասը տարի հետո հնարավոր կլինի, թե ոչ, չգիտեմ, բայց հիմա դա անհնար է: Ես չեմ կարող ենթադրել, թե որքան մեծ է ռուսական կամքը Հայաստանին տեսնել ԵՏՄ-ում, բայց ես գիտեմ, որ ռուսական կամքը շատ հզոր է եղել Հայաստանին ԵՄ-ից հետ պահելու հարցում: Հրաժարվել ԵՄ-ից, հետո ԵՏՄ-ից, հետո նորից վազել ԵՄ … սրանք մանկական խոսակցություններ են:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ռուսախոս ու ռուսամետ Ալեքսանդր Իսկանդարյանը:....................... «Ի՞նչ օգուտ կարող է ունենալ Հայաստանը` ԵՏՄ անդամակցությունից հրաժարվելով» - այն օգուտը,որ Հայաստանը իր ինքնիշխանությունը վերջնականապես չի կորցնի ու ԼՂՀ ազատագրված տարածքներում ռուսական «խաղաղարարներ» չեն հայտնվի: Պետք չէ (ու հայրենանվեր չէ) մարդկանց աչքերին թոզ փչել. պիտի ասել ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունը հետևյալն է՝ եթե ՀՀ-ն դառնա ԵՏՄ անդամ,ապա Արցախը ռուսն ու ադրբեջանացին մեկուսացնելու են Հայաստանից,սահմանին դնեն իրե՛նց զինվորներին («տամոժնիկներին») ու Արցախի հարցը «խաղաղ կլուծվի»՝ 1921 թ-ի պես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter