HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1988-ից մինչ օրս Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1100 դեպք

2011թ. հունիսի 1-ից Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գիծ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկվածության խնդրին, արձագանքել հարցերին և նվազեցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տարածումը, խարանն ու խտրականությունը:

Ծրագրի շնորհիվ ս.թ. հոկտեմբերի 21-ից Orange և VivaCell-MTS բջջային օպերատորների բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին առնչվող իրենց  հուզող հարցն անանուն ուղղել  տրամադրված 6428 կարճ համարին (1 SMS-ի արժեքն է 0 դրամ) և 24 ժամվա ընթացքում ստանալ ճշգրիտ ու հակիրճ պատասխան:

ՀՀ ՁԻԱՀ-ի Կանխարգելման ազգային կենտրոնի կողմից   պատրաստված ՀԿԽԸ երիտասարդ կամավորների ուժերով կսահմանվի շուրջօրյա ծառայություն` հարցերին ինտերֆեյս ծրագրի միջոցով արագ արձագանքելու, հատուկ ստեղծված կայքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու ինչպես նաև  համապատասխան ինտերնետային կայքերին հղումներ կատարելու նպատակով:

ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՄԻԱՎ վարակն առաջին անգամ արձանագրվել է 1981թ.-ին` ԱՄՆ-ում: Այսօր այն տարածվել է բոլոր մայրցամաքներում` գլոբալ համաճարակի վերածվելով աշխարհի բոլոր երկրներում: 2009թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն կար մոտ 33,3մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

1988թ. մինչև 2011թ օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1100 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 747 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է:

Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գծի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով, նախատեսվում է ծրագրի ամբողջ ընթացքում իրականացնել ազգային տեղեկատվական քարոզարշավ` թռուցիկների և պաստառների տարածում, տեղեկատվություն սոցիալական ցանցերում, հայտարարություններ ռադիոյով և հեռուստատեսությամբ:

Ծրագիրն իրականացվում է VivaCell-MTS և Orange բջջային կապի օպերատորների հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում են նաև Նիկիտա Մոբայլ ՍՊԸ-ն, «Ռադիո Վան» և «Ռուսկոե Ռադիո» ռադիոկայանները: Այս մասին տեղեկացնում է ՀԿԽԸ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter