HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսագետները գնահատում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրյա գործունեությունը

Այսօր լրացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավաման 100-րդ օրը: Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից հետո ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց գործադիր մարմնի ղեկավար՝ հանդես գալով գործարարարության համար հավասար պայմաններ ստեղծելու, ստվերը կրճատելու խոստումներով, կուտակային կենսաթոշակային հարցում «պարտադիր, բայց ոչ պարտադրված» ու այդպես էլ վերջնական լուծում չստացած թեզը առաջ բերելու նախաձեռնությամբ, էլեկտրոէներգիան օգոստոսի 1-ից 10-14 տոկոս թանկացնելու որոշմամբ և այլն:

Փորձեցին պարզել, թե ինչպիսի գնահատականի է արժանացել Հովիկ Աբրահամյանի կառավարությունը տնտեսագետների շրջանում: «Հետք»-ի հետ զրույցում տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանի գործունեությունն ընդհանրապես պետք չէ գնահատել ոչ վաղը, ոչ 1000-րդ օրը, որովհետև, ըստ նրա, նշանակման առաջին իսկ օրվանից պարզ էր՝ ինչպիսի վարչապետ է ունենալու երկիրը:

«Ի սկզբանե պարզ էր, որ Հ. Աբրահամյանը ոչ մի բան էլ չի կարող փոխել, ոչ մի բան էլ չի լինելու, ինչ-որ կա՝ այդպես էլ մնալու է: Գնահատական տալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչի համար է նշանակվել այդ նոր կառավարությունը, նոր վարչապետը: Եթե հարց է դրված, որ նոր գործադիր մարմինը պետք է սպասարկի գործող համակարգը, հասարակության համար որևէ նպաստ այդ կառավարությունը բերել չի կարող: Նման կառավարությունը կարող է միայն անձնական ակնկալիքները բավարարել, բայց ոչ պետության կամ քաղաքացիների ակնկալիքները. սա է գործող համակարգի էությունը՝ սպասարկել իշխանության վերին շերտում գտնվող մարդկանց շահերը»,- նշեց նա:

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ Հայաստանում տնտեսությունը միայն անկումներ է գրանցում, ուստի վերելքների մասին խոսելն անիրատեսական է: Տնտեսագետն ասաց, որ եթե նոր վարչապետի նշանակմամբ իշխանության կողմից դրված լիներ խնդիր բարձրացնել տնտեսության, ժողովրդի ապրելակերպի մակարդակները, ապա տվյալ կառավարությունը չէր ղեկավարի Հովիկ Աբրահամյանը:

«Վիճակը գնալով վատանալու է, որովհետև ռեսուրսները կրճատվում են ու մենք կորցնում ենք քաղաքացուն՝ ՀՀ-ում ապրող մարդուն: Կառավարության լավագույն գնահատականը հետևյալն է՝ ստանալ պարզագույն հարցի պատասխան, այն է, քաղաքացին ուզո՞ւմ է երկրում մնալ, թե՞ ոչ: Իսկ մեզ մոտ արտագաղթը շարունակվում է ու ես չգիտեմ՝ իշխանությունը գիտակցո՞ւմ է, որ նոր պայմաններ է ստեղծում, որ մարդը թողնի հեռանա երկրից»,- շեշտեց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 100 օրը վարչապետի գործունեությունը գնահատելու համար բավական կարճ ժամանակահատված է: Ամեն դեպքում, ի տարբերություն Վահագն Խաչատրյանի, Վ. Բոստանջյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանի գործունեության մեկնարկն իր համար հուսադրող է:

«Այսօր Հայաստանը գտնվում է շատ վատ իրավիճակում, ես կասեի անգամ ճգնաժամային դրության մեջ, և ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը ինտենսիվ քայլերի է դիմում դուրս բերելու Հայաստանը ստեղծված պայմաններից: Բնականաբար, Հ. Աբրահամյանի կառավարությանն ամբողջական գնահատական կարող ենք տալ ավելի ուշ՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, բայց, ամեն դեպքում, անգամ հիմա ես տեսնում եմ, որ նա քայլեր տնտեսությունը փրկելու ուղղությամբ իրականացնում է»,- նշեց ԲՀԿ անդամը:

Տնտեսագետի խոսքով՝ եթե Հ. Աբրահամյանի կառավարությունը համեմատենք նախորդ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության հետ, ապա կտեսնենք, որ բոլոր խոցելի խնդիրների վերաբերյալ գործող կառավարությունն արագ արձագանքում է, փորձում է հրատապ լուծումներ գտնել: «Արդեն միայն այս մոտեցումը ցույց է տալիս, որ մարդը լայն ճակատով պետք է գնա գործի իրականացմանը, հակառակ դեպքում, մենք այլընտրանք չունենք, ՀՀ-ն կմնա վատ իրավիճակում»,- հավելեց Վարդան Բոստանջյանը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter