Վահե Ղուկասյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Աշոտ Մանուկյանի, ավարտվեց Վահե Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Մեղադրող կողմը նախորդ դատական նիստին միջնորդել էր 22 տարվա ազատազրկման դատապարտել քրեական օրեսգքրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Վահե Ղուկասյանին: Վերջինս Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է:
Այսօր պաշտպանական ճառով դատարանում հանդես եկավ փաստաբան Հայկ Ալումյանը: Նա դատարանին միջնորդեց Վահե Ղուկասյանին առաջադրված երկու հոդվածներով՝ 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 104 հոդվածի 1-ին մասով ճանաչել անմեղ եւ արդարացնել՝ նշելով, որ ներկայացված մեղադրանքը չի բխում քրեական գործի նյութերից: Փաստաբանը մի շարք հակափաստարկներ բերեց, որոնք ապացուցում էին իր վստահորդի անմեղությունը: Ըստ Հայկ Ալումյանի, Վահե Ղուկասյանը ինքնապաշտպանվել է, իսկ նախահարձակ եղել է քավոր Հարութին՝ տուժող Հարություն Խաչատրյանին ուղեկցող Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն:
Ամբաստանյալը հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից՝ նշելով, թե ասելիք չունի: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Ժամը 16:00-ին դատավոր Աշոտ Մանուկյանը հրապարակեց վճիռը՝ Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչելով առաջադրված երեք հոդվածներով՝ որպես պատիժ նշանակելով ազատազրկում 17տարի ժամկետով:
Մեկնաբանել