HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջրահովիտի գրադարանը խորհրդային տարիների հուշեր է արթնացնում. փայտե դուռ, մեծ օղեր, կողպեք, «ճռճռան» հատակ

Ջրահովիտի գրադարանի վերջին ամենաթարմ գույքը չորս աթոռներն են, որը ստացել են 1989 թվականին: Այստեղ ամեն ինչ հին է՝ վերանորոգումը, պահարանը, գրքերը, հատակը…Միակ «նորությունը» ընթերցողներն են՝ գյուղի աշակերտներն ու ուսանողները:

Շենքը, որտեղ տեղակայված են համայնքապետարանը, կինոյի տունը եւ գրադարանը, կառուցվել է 1966 թվականին եւ մինչ օրս չի վերանորոգվել: Գրադարանին հատկացվել է մեկ փոքր սենյակ, որտեղ էլ առանց ընդհատումների աշխատում են մինչ օրս: Այժմ գյուղի միակ մշակութային օջախը գրադարանն է, պատմության գիրկն են անցել մշակույթի ու կինոյի տները:

Ջրահովիտի գրադարանավարուհի Հերմինե Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ջրահովիտցիները շատ ընթերցասեր են, դա է պատճառը, որ գյուղում, բայց մեկ այլ վայրում, գրադարան գործել է գյուղի հիմնադրման օրվանից՝ 1950թ.-ից:

Գրադարանն ունի 4150 կտոր գրականություն եւ 280 ակտիվ ընթերցող, որի պահանջներն արդեն դժվար է բավարարել: Հերմինե Գասպարյանի խոսքով՝ անկախությունից ի վեր առաջին անգամ օրեր առաջ են Արտաշատի մարզային գրադարանից 56 կտոր գրականություն ստացել, մոտ այդքան գրականություն էլ տարբեր անհատներ են նվիրել գրադարանին, իսկ մնացածը խորհրդային տարիներից ժառանգություն է, որը գրեթե չի օգտագործվում: Այժմ դժվար է մանուկներին հրապուրել Լենին պապիկին վերաբերող բանաստեղծություններով եւ պատմվածքներով:

«Հատկացնում են այն, ինչ այդ պահին ունեն, պետպատվերով տպագրվածը, բայց մենք ֆոնդը համալրելու համար գրականության խիստ կարիք ունենք, հատկապես մանկական գրականության, որոնց մեծ մասը քրքրված է: Ես չեմ կարող Թումանյանի հեքիաթների գիրքը առաջարկել երեխաներին, որովհետեւ ամբողջությամբ քրքրված է, բարոյապես մաշված, թեեւ շատ պահանջված գիրք է»,- ասում է Հ. Գասպարյանը:

Գրադարանավարուհին պատմեց, որ վերջերս «Գիրքը հրաշք է» խորագրով մանկական հանդես են կազմակերպել, որը մեծ ոգեւորություն է առաջացրել երեխաների շրջանում: Նրանց հոսքը գրադարան ավելացել է, սակայն գրադարանավարուհին նշում է, որ երեխաներին առաջարկելու բան չունի:

«Մանուկ ընթերցողի մոտ արթնացնում ենք ընթերցանության սերը, որ հենց սկզբից կապվեն գրադարանի հետ, բայց երեխաները գալիս են, 1-2 գիրք առաջարկելուց հետո ես արդեն կանգնում եմ փաստի առջեւ: Երեկ մի երեխա է առաջին անգամ գրադարան եկել, իր համար քարտ ենք բացել, որպեսզի տրամադրվի Թումանյանի հեքիաթների գիրքը: Երբ նա տեսավ, թե ինչ վիճակում է գիրքը, խեղճացած աչքերով նայեց ինձ: Երեւի նկարազարդ, գունեղ գիրք էր պատկերացնում, բայց մեր ունեցածը «սկոչով» կարկատած գիրքն է»,- նշում է գրադարանավարուհին:

Հերմինե Գասպարյանը հիշում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մշակույթի նախարարության ներկայացուցիչները եկել են Ջրահովիտ: Ինքն անձամբ նրանց խնդրել է, որ գան գրադարանը տեսնեն: Վերջիններս չեն մերժել գրադարանավարուհու առաջարկը, եկել են, տեսել եւ խոստացել գրականություն նվիրել, սակայն, ինչպես Հերմինե Գասպարյանն է ասում. «Խոստացան ու … խոստացան»: Մինչ օրս խոստացված գրականությունը տեղ չի հասել:

«Մշակույթի ոլորտը պետք է հսկի մշակույթի նախարարությունը: Համայնքներն իրենց աղքատիկ բյուջեով ինչքա՞ն կարող են գումար հատկացնել գիրք կամ գույք ձեռք բերելու համար: Նայեք մեր պահարանի ոտքերը, քարերով ենք հարմարեցրել, իսկ ամենանոր գույքը, ինչպես ասացի, մեր չորս աթոռներն են, որ ստացել ենք 1989թվականին»,- հավելեց Ջրահովիտի գրադարանավարուհին:

Նա համամիտ չէ, թե ընթերցողների թիվը նվազել է, եւ գիրքը փոխարինվել է ինտերնետով: Դրանում համոզվել է նաեւ իր ընթերցողների խոսքերից, երբ վերջիններս ասել են, որ ոչ թե ընթերցողի պակաս կա, այլ լավ գրքի: Եթե գիրք լինի, ընթերցող միշտ էլ կլինի:

Մարինե Ղազարյանն այս տարի է ավարտել դպրոցը, սակայն գրադարանի հետ կապը չի խզել: Մեր այցելության պահին նա գրադարանում էր: Փնտրում էր հայ գրողների, պատմիչների գրքերը, սակայն դրանց մեծ մասն այդպես էլ չգտավ: «Փնտրում եմ Փարպեցի, Բուզանդ, բայց չկա: Հայ գրողների գործերի մի մասն է միայն: Օրինակ՝ կան գործեր, որ ամբողջությամբ չեմ կարդացել, որովհետեւ դրանց մի մասն է առկա, մյուս մասը կարդալու համար կամ պիտի Մասիսի գրադարան գնամ, կամ՝ Արտաշատ»,- ասում է Մարինեն:

Հերմինե Գասպարյանն էլ հավելեց, որ ընթերցողների հետ կապը չխզելու համար ստիպված իր անձնական գրականությունն է առաջարկում կամ պատվերի դեպքում գրքերը բերում է այլ համայնքների գրադարաններից:

Ջրահովիտի համայնքապետ Համլետ Ղազարյանն ասաց, որ իրենց հնարավորությունների սահմաններում աջակցում են գրադարանին, սակայն համայնքի բյուջեն թույլ չի տալիս ներդրում անելու:

Մեկնաբանություններ (1)

Pogo-a-gogo
I'm an American who used to live in a rural Georgian community, not far from the border with Armenia's Lomi province. I frequented the small, Soviet-era library in the village where I lived. They had the exact same situation in the Georgian village where I lived. I believe that the Saakashvili government promised to set up a computer with an internet connection in all public libraries. This unfortunately never came to pass. Most of the books in my village library were extremely old - and most were in Russian. This is unfortunate considering that there's a significant number of contemporary Georgian writers in recent decades. I'd love to see someone in the Georgian media talk about this - it's the kind of subject that would be front page news in the US or Europe, but this kind of issue isn't discussed in Georgia. The argument that local municipalities don't have the resources is largely hogwash, in my opinion. Every time there's a municipal election, some very visible public works project (usually that local citizens didn't ask for) kicks into high gear. Reforming the libraries would take political will.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter