HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

Սոչիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն` hանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է. «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ռուսաստանում ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար: Մենք երեկ հնարավորություն ունեցանք խոսել երկկողմ հարաբերությունների մասին և՛ Հայաստանի Նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ: Երեկոյան նաև ոչ պաշտոնական շփում ունեցանք: Իհարկե, փառք Աստծո, մենք երեկ երեկոյան չանդրադարձանք գործնական բնույթի հարցերի, բայց, այնուամենայնիվ, միմյանց հետ տարբեր թեմաներով խոսելու հնարավորություն կար: Իմ կարծիքով, դա որոշակի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի բացեիբաց խոսենք ամենադժվար, ամենածանր հարցերով՝ կապված տարածաշրջանային կարգավորմանը: Բնականաբար, գոյություն ունեն այդ խնդիրների լուծման, ղարաբաղյան կարգավորման միջազգային ձևաչափեր, և, անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց, ելնելով նրանից, որ մեզ մոտ ամեն դեպքում յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ են, այնպիսի խոր նախապատմություն է, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Ամեն դեպքում, ինձ թվում է, որ դա օգտակար է: Ամեն դեպքում օգտակար է: Եվ ես շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր հանդիպելու և բոլոր այդ թեմաներով խոսելու հնարավորության համար: Եթե ինչ-որ բան ունեք ավելացնելու, խնդրեմ»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ադրբեջանի նախագահն ասել է. «Շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի: Շնորհակալ եմ այդ հարցում Ձեր վերաբերմունքի համար: Ինչպես մենք երեկ քննարկեցինք, այդ հարցը պահանջում է իր լուծումը, այն չափազանց երկար ձգձգվեց: Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունը այդ գործընթացում նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին: Ինչպես Դուք նշեցիք, արդեն գոյություն ունի բանակցությունների ձևաչափը: Գոյություն ունի նաև հակամարտությունների կարգավորման իրավական բազա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա: Մինսկի խումբը՝ ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ մոտակա ժամանակում բանակցությունների ուղիով, խաղաղ ճանապարհով մենք կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև կհամապատասխանի արդարությանը»:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի և՛ Ձեր ջանքերի, և՛ Ձեր ժամանակի համար՝ այս բարդ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ուշադրություն հատկացնելու համար: Մենք՝ անձամբ հայկական կողմը, դա, իհարկե, շատ բարձր ենք գնահատում: Մենք համարում ենք, որ, իրոք, հիմնախնդիրը կարելի է լուծել, պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են մեզ Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 90-ական թվականների սկզբների իրադարձություններին, ապա ես կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, մյուս կողմից էլ կարող է ինչ-որ տեղ ձգձգվել: Լավ կլինի այն առումով, որ մենք այն ժամանակ եկանք այն եզրահանգման, որ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, իսկ եթե մենք նորից մեղադրենք միմյանց, ես կարծում եմ, որ բավական երկար ժամանակ այդ հիմնախնդիրը չի լուծվի: Ես շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք տրամադրված եք հիմնախնդրի լուծմանը, և այդ հարցի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից»:

«Ես հաճույքով եմ արձանագրում, որ Ադրբեջանի Նախագահն ուշադրություն դարձրեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա: Եվ Դուք, այժմ դրա մասին ասացիք: Դա, իրականում, ամենակարևորն է, քանի որ չկա ավելի ողբերգական բան, քան մարդկանց մահը: Պետք է, այնուամենայնիվ, ելնել նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակը ձևավորվել է վաղուց, մեզ է հասել անցյալից, մեզ է հասել, կարելի է ասել և պետք է ասել, որպես Խորհրդային Միության ժառանգություն, և մենք պետք է դրսևորենք համբերատարություն, խոհեմություն, հարգանք միմյանց նկատմամբ, որպեսզի այդ լուծումը գտնենք: Անկասկած, յուրաքանչյուր բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամքի դրսևորում: Ես կարծում եմ, որ նման բարի կամք և՛ ադրբեջանցի ժողովրդի, և՛ հայ ժողովրդի մոտ առկա է»,- ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մեկնաբանություններ (7)

Վարազ Սյունի‏ (Ամստերդամ)
Իսկ նախորդ օրը՝ ամբողջ ազգին նվաստացնելով՝ տանջելով-սպանում են հայ գերուն: Այ քեզ «ազգային» «առաջնորդ» : Վերջապես պիտի հասկանալ, որ այս կոնֆլիկտի լուծման բանալին ԱՄՆ-ի ձեռքին է: Հայաստանը քծնում է սխալ կողմին. ռուսը միայն անբովանդակ PR-բլեֆներ է անում: Կեցցե «արդար» ցարը: The show must go on................................. ՀԳ. Արցախի հարցը վերջնականորե՛ն լուծվելու է միայն այն դեպքում,երբ ազատագրված տարածքները լցվեն հայերով:
ominac22
Այս ժողովները իմաստ կունենան հայերուն համար եթէ մենք օգտագործենք ժամանակը Արձախը հայրերով բնակեցնելով, պատկերցուցեք վիճակ մը ուր Ալիեւին տեղ խելքը գլուխը մէկը քայ եւ իրական ուզէ Արձախին անկախութիւն տալ եւ մենք ալ բոլոր Արձախի շրջակայ հողերը իրենց յանձնենք, փաստօրէն մի քանի լեռնային կիրճերու վրայ պիտի վերջանայ Արձախը, ոչ մէկ ապագայ պիտի ունենանք այդ լեռներուն վրայ։ Ատենն է գիտակցինք որ երկիր ըսածդ տափակ հարթութեան վրայ կըլլայ եւ ուզածիդ չափ այդպիսի տեղանք կայ թուրքին ձեռքը։ Լեռան գագաթի ժողովուրդները կրնան հպարտ ըլլալ, ազատ ըլլալ, բայց բարդ հասարակութիւն չեն կրնար ստեղծել․գիտէք ինչքան էնէրգիայի վատնում է եթէ իւրաքանչիւր անգամ մէկուն այցելութեան պիտի երթամ պէտք է ձոր իջնեմ եւ ելլեմ։ Արձախը անկախ կրնանք պահել բայց առանց ապագայի։ Մեր նախագահին կողմնակի արտայայտութիւններէն անանկ կը հասկնամ որ միտք ունի եթէ դիմացինը ինչ որ բաներու մէջ տեղի տայ, այսօրուայ Արձախի չորս կողմի հողերը ետ թուրքին տայ։ Կրնայ ըլլալ քիչ մը շատ աննկատ ըլլայ մեր զինուորներու եւ անոնց ծնողներու նկատմամբ բայց այսօրուայ Արձախի սահմաններէն անդին մինչեւ Կուր գետ Արարատեան դաշտին պէս հող կայ եւ նաեւ ջուր կայ, այն ժամանակ կրնանք ժամանակակից քաղաք մը կառուցել որ ապագայ ունենայ առանց որ մեր լեռներու բնութիւնը քանդենք։ Բոլոր ըսելիքս որ եթէ մենք հարթ տարածութիւններ պահել չ՛գիտնանք, դժուար թէ ապագայ ունենանք։
Գեւորգ
Պուտինը ռուս է եւ առաջին պլանում իր համար ռուսի շահն է բնականաբար: Մեզ համար կարեւոր է, որ կարգին մարդ է՝ ի տարբերություն քաղաքական գործիչների մեծամասնության: Իսկ առավել կարեւորն այն է, որ ուսերին լուրջ գլուխ ունի: Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ի սկզբանե նա ներկայացրել է իր տեսակետը, որին էլ հետեւում է շարունակաբար, անկախ մանր ու մեծ վայրիվերումներից: Այն է ՝ - «ուղեղ ունեցեք, ինքներդ լուծեք ձեր խնդիրները, հակառակ պարագայում ձեզ վրա պիտի խաղան, ում ինչպես ձեռք տա!» Սրանից ավելին սպասել որեւէ այլազգ գործիչից, կարծում եմ, մեծ միամտություն է: Իսկ կոնկրետ այս պարագայում նա մի ուղղակի հնարավորություն է հուշում հարցի լուծման համար, որը, վարպետորեն զարգացնելու դեպքում, կարող է անսպասելի օգուտներ բերել: Այն է՝ «Այս խնդիրները սովետական ժառանգություն են!!» Դե ուրեմն, եկեք հետ գնանք հարգելիներս ու թղթերը բարձրացնենք, տեսնենք ընդհանրապես ինչեր են կատարվել՝ ով ում հողերով ինչ առեւտուր է արել, ինչ իրավունքներով? (հ. գ. վարազին: քո ասած բանալին բոլորին խառնելու համար է)
Գեւորգ
6-ին: Վարազին: Միշտ պիտի հիշել որ այդ մակարդակներում ոչ մեկն «արդար ու հոգատար» չի եղել ուրիշի նկատմամբ: Դրանք պարզապես չկիրառվող կատեգորիաներ են, եւ ծառայում են միայն թմբկահարության համար: Այստեղ գործում են միայն սեփական մերկ շահերն ու խաղի հիմնական նպատակը - ցանկացած եղանակով շատ օգտվել ու քիչ վնաս կրել: Պուտինն էլ հանգիստ կզոհեր ամբողջ Հայաստանը եթե միայն 100% - ով վստահ լիներ թուրքի հետ երկարատեւ բարեկամության վրա: Բարեբախտաբար, կարծես գիտակցում է: Իսկ մեր խնդիրն է հստակ գիտակցել մեր տեղը, քաշն ու արժեքը եւ ճակատագրական սխալներ չանել, որի իրավունքը պարզապես չունենք:
Jay
I'm not quite sure if Aliev's got a big nose or a small face.
Վարազ Սյունի‏ (Ամստերդամ)
Գեւորգ(3) - Երանի թե Պուտինը «արդար» հաշտարար լիներ: Վախեցած դիկտատորները միայն վտանգ են: Հայ-ռուսական պատմություն կա. 300 տարին չի խաբում. վկան՝ Կարսն ու Նախիջևանը: Ժամանակին էլ Լենինն էր «կարգին մարդ»:
Վարազ Սյունի‏ (Ամստերդամ)
ominac22 (2) - Դա ճիշտ մոտեցում է. Հայաստանի հարավում՝ Արաքս գետի/դաշտավայրի ամբողջ երկայնքով, պիտի՛ ստեղծել 2-րդ ստրատեգիական կենտրոն: Եվ՛ կլիման է լավ, և՛ ստրատեգիապես շատ ավելի ապահով է: Արարատյան դաշտը, Երևանը, Գյումրին և Շիրակի դաշտը ստրատեգիապես շատ ավելի խոցելի են:................................ Դրա համար ես առաջարկել եմ ԿԱՊԱՆԸ դարձնել ՀՀ 2-րդ մայրաքաղաք,իսկ ԿՈՎՍԱԿԱՆԸ՝ ԼՂՀ 2-րդ մայրաքաղաք :Սա լու՛րջ առաջարկ է,որի իրագորման համար արժե զիջել մի քանի քերծ ու ժայռ ԼՂՀ-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter