HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուրի Վարդանյանի որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Նապոլեոն Օհանյան) այսօր մեղավոր է ճանաչել Դավիթ Վարդանյանին օգտագործելու նպատակով հաշիշ ձեռքբերելու և մաքսանենգություն կատարելու մեջ` դատապարտելով նրան 4 տարվա ազատազրկման (ՔՕ հոդված 215 մաս 2, հոդված 268  մաս 3): Դավիթն արդեն մեկ տարի է, կալանքի տակ է:

«Հետքի» հետ հեռախոսազրույցում Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ իր պաշտպանյալի պատիժը խիստ է: «Օգտագործելու նպատակով հաշիշ ձեռքբերելու մասով Դավիթն ասաց, որ զղջում է, ասեց, որ մեղմ վերաբերվեն: Իսկ մաքսանենգության դրվագով ապացույցները շատ թույլ էին: Դավիթ Վարդանյանը մաքսանենգություն չի կատարել: Այդ մասը գործից պիտի անջատեին: Պարզապես իրենց օպերատիվ տվյալներն ուզում էին տարածեին, որ հաստատեին մեղադրանքը: Ինչո՞ւ մի մաքսավորի չկանչեցին դատարան, որ հարցաքննեին, ինչո՞ւ բժիշկներից միայն մեկը հազիվ եկավ դատարան»,- ասաց փաստաբանը:

«Հետքի» հարցին` բողոքարկելու եք արդյոք դատաճիռը, փաստաբան Հայրապետյանը պատասխանեց, որ դեռ ոչինչ չի կարող ասել:

Հիշեցնենք, որ Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել նրա համար, որ նա անցյալ տարվա հոկտեմբերի 4-12 ընկած ժամանակահատվածում Իրանում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ին, ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան:

Դավիթ Վարդանյանը Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդին է, նախկինում դատված չի եղել, 30 տարեկան է:

Լուսանկարը` news.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter