HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ինվազիվ ծառայությունը Գյումրիում կդադարեցնի գործունեությունը, եթե հիվանդները շարունակեն չվճարել

Սրտի ստենտավորման եւ կորոնարոգրաֆիայի համար Շիրակի մարզի բնակիչներն այլեւս հարկ չունեն հասնել մայրաքաղաք կամ մեկնել արտերկիր: 2014 թ-ի մայիսի 1-ից ինվազիվ ծառություններ են մատուցվում Գյումրու բժշկական կենտրոնում: «Կենտրոնի շահագործման օրվանից մենք ունեցել ենք բոլոր հարկավոր սարքավորումները, սակայն մասնագետի բացակայության պատճառով մոտ տարի ու կես հնարավորություն չունեինք ինվազիվ ծառայությունը հասանելի դարձնելու մարզի բնակչությանը»,-ասում է կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Ինվազիվ (միջամտական)-սրտաբան Կարեն Միքայելյանի Գյումրի տեղափոխվելուց հետո խնդիրը կարգավորվել է: Բժիշկ-սրտաբանը մինչ այդ աշխատում էր Արամյանց բժշկական կենտրոնում եւ ընտանիքով Երեւանից Գյումրի է տեղափոխվել տեղի բժշկական կենտրոնի տնօրենի հրավերով: Անցած 4 ամիսների ընթացքում Կարեն Միքայելյանը Գյումրու բժշակական կենտրոնում իրականացրել է մոտ 40 ստենտավորում եւ 30 կորոնարոգրաֆիա:

«Սա մեր առաջնահերթ ծրագրերից մեկն էր՝ մարզի բնակչությանը որակյալ ինվազիվ ծառայություն մատուցելն ու մենք ի վերջո կարողացանք այդ հարցը կարգավորել, սակայն դրան զուգահեռ ծագել են այլ խնդիրներ: Կենտրոնն այս տարի արդեն իսկ հասցրել է կուտակել մոտ 12 մլն դրամ պարտք, որի առյուծի բաժինը ինվազիվ ծառայությանն է»,-ասում է Արմեն Իսահակյանը:

Բավական թանկ արժեցող այս ծառայությունը Գյումրիում մատուցվում է միջինը 1 մլն 300 հազար դրամից մինչեւ 1մլն 800 հազար դրամի սահմաններում: Կարեն Միքայելյանն ասում է, որ վիրահատության արժեքը կախված է տեղադրվող ստենտների քանակից: «Այստեղ շատ հաճախ դերակատարում ունի ոչ թե վիրահատության բարդությունը, այլ օգտագործվող նյութերը»,-պարզաբանում է ինվազիվ-սրտաբանը:

Ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Վերլուծությունները ցույց են տվել, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում լայն տարածում ունեն։ Մարդիկ չեն կարեւորում առողջ ապրելակերպը: Նույնիսկ նրանք, ովքեր տեղյակ են, որ ունեն սրտանոթային խնդիրներ՝ շարունակում են ծխել, ալկոհոլ եւ անառողջ սնունդը օգտագործել, խուսափում ֆիզիկապես ակտիվ կյանք վարելուց։

«Գյումրիում շատ ավելի հստակ երեւաց այդ պատկերը, երբ հիվանդին կենտրոն են հասցնում ծայրահեղ ծանր վիճակում,-ասում է Կարեն Միքայելյանը,-պլանային վիրահատություն ասվածը թվում է, թե հայերի համար չէ: Համարում են, որ խնդիրը գումար չունենալու մեջ է, բայց մի՞թե ծայրահեղ վիճակում հիվանդանոց հասնելով այդ գումարը լինում է: Իհարկե ոչ: Էլի դիմում են բարեկամների օգնությանը կամ վարկ են վերցնում: Եթե այդ գործողությունները մարդը պատրաստ է կատարելու հարազատի կյանքը փրկելու համար, ինչու՞ չանել նախօրոք»:

Կարեն Միքայելյան Արմեն Իսահակյան

Արմեն Իսահակյանն ասում է, որ ինվազիվ ծառայության առկայությունը Գյումրիում բավական առավելություններ ունի: Հիվանդատերը բավական գումար է խնայում հիվանդի տեղափոխության եւ մեկ շաբաթ Երեւանում մնալու, հավելյալ ծախսեր կատարելու առումով: Նաեւ տեղափոխության ընթացքում գրանցվող մահվան ելքերն են հասցվում նվազագույնի:

«Դե ինչ սուր ինֆարկտով մարդուն տեղափոխես 120 կմ, ինչ քաղաքի մեջ 3-5 կմ, դրանք տարբեր բաներ են եւ հիվանդն այստեղ շահում է: Միայն թե մեկ ուրիշ տենդենց է նկատվում, որ մարդիկ ամեն կերպ խուսափում են վճարել մատուցված ծառայության դիմաց: Որպես բժիշկ, մենք իրավունք չունենք մերժելու հիվանդին, թե մինչեւ փողը չբերես, վիրահատություն չենք կատարի: Չկա մեր մոտ այդպիսի մոտեցում: Մենք պայմանգիր ենք կնքում, վիրահատությունը կատարվում է, սակայն երբ հերթը հասնում է վճարին՝ այլեւս չենք կարողանում գտնել հիվանդատիրոջը»,-նկատում է Արմեն Իսահակյանը:

Մարզի համար չափազանց կարեւոր այս ծառայությունը կարող է շուտով փակվել, եթե վճարումները նման բնույթ կրեն: Գյումրու բժշկական կենտրոնի աշխատակիցներին զարմացնում է, թե ինչու նույն մարդիկ Երեւանի կամ Մոսկվայի կլինիկաներում վիրահատվելու պարագայում շտապում են անմիջապես վճարումներ կատարել, իսկ ահա Գյումրու պարագայում փորձում են մարդիկ գտնել, ովքեր պիտի միջնորդեն չկատարել նույն այդ վճարումները:

«Մենք ձեռք ենք բերում ստենտներն այլ կազմակերպությունից: Նախքան վիրահատությունը պետք է ձեռքի տակ ունենանք 100 ստենտ, որովհետեւ չգիտենք, թե տվյալ հիվանդին որն է հարկավոր լինելու: Ստացվում է, որ մենք պարտք ենք մնում տվյալ ֆիրմային եւ ֆիրման սկսում է դժվարությամբ աշխատել մեր հետ»,-պարզաբանում է բժիշկ-սրտաբանը:

Արմեն Իսահակյանի փոխանցմամբ, 2015 թ-ից սուր ինֆարկտով հիվանդների համար կգործի պետպատվեր հասկացությունը մեկ ստենտի տեղադրման չափով: Դա որոշակիորեն կթեթեւացնի սոցիալապես ծանր պայմաններում գտնվողների վիճակը, ովքեր չենք օգտվում որեւէ արտոնությունից, չունեն բժշկական ապահովագրություն: Իսկ ինչ վերաբերում է դատական կարգով չվճարված գումարները պարտապաններից գանձելուն, ապա կենտրոնն առայժ չի ցանկանում դիմել նման քայլի, թեպետ վստահ է, որ դատական մեկ նախադեպը մի փոքր կսթափեցնի մյուսներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter