HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դժբախտ պատահարը դարձավ, կարծես քննվեց, որպես կանխամտածված սպանություն»

«Երբ տեսնում ես, որ փողոցում կրակող, իրար սպանող մարդիկ ընդամենը երկու դեպուտատի ստորագրությամբ դուրս են թողնվում և դու գիտես, որ շատ ծանր ողբերգության պատճառով, դժբախտ պատահարի պատճառով 11 ամիս նստած ես բանտում, գիտես, որ քեզ համար ստորագրել են ոչ միայն ընդամենը երկու դեպուտատ, այլ ամբողջ դեպուտատական կորպուս, կուսակցություններ, 180 մտավորական, 21 հազար հայ ու ֆրանսիացի քաղաքացի, Ֆրանիսայի հայերի ամենահռչակավոր մարդիկ, և այդքանից հետո քննչական մարմիններն ինձ այնքան ծանր հանցագործ են համարում, որ պահում են բանտում, ես, այնուամենայիվ, եկա նման եզրակացության, որ սա, դժբախտ պատահար լինելով, դարձավ, կարծես քննվեց որպես կանխամտածված սպանություն, և օգտագործվեց այդ ամենը ինձ վարկաբեկելու, ինձ հոգեբանորեն և ֆիզիկապես կոտրելու համար»,- այսօր դատարանում ցուցմուք տալով հայտարարեց Վարդան Պետրոսյանը: 

Իր ցուցմունքում Վարդան Պետրոսյանը պատմեց վթարի օրը՝ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին տեղի ունեցածի մասին՝ նշելով, որ պայմանավորվածության համաձայն, մեկնել է Սարալանջ գյուղ, քանի որ «Չէին սպասում» հաղորդման նկարահանող խումբը պիտի նկարահանումներ կատարեր իր ամառանոցում: Պատմեց, որ նկարահանվել է նաև «Քաղցած չէին սպասում»-ը, որ սեղանին դրվել է ջուր, օղու բաժակների մեջ էլ ջուր է լցված եղել. «Նկարահանման մեջ էլ մի երկու դրվագում երևում է, որ նախ ջուր է լցվում, ապա բարձրաձայն ասվում է դրա մասին: Առհասարակ կարող էիք իմ գործընկերներից տեղեկանալ, որ ես ալկոհոլ չեմ օգտագործում ներկայացումներին նախորդող օրերին»,-ասաց Վարդան Պետրոսյանը:


Գալով դեպքին նախորդող ժամանակահատվածին՝ Պետրոսյանը նշեց, որ այդ օրը որոշել է վերադառնալ Երևան, քանի որ հաջորդ օրը ներկայացման օրն էր, բացի այդ ուներ 2 հարցազրույց: Ասաց, որ վարել սովորել է Ֆրանսիայում, վարել է ինչպես իրեն սովորեցրել են՝ աջ կողմով, կողնակից քիչ հեռավորության վրա: Պատմեց, որ Եղվարդում մեքենան վարել է շատ դանդաղ, Եղվարդում զանգել է հարևանը՝ Օնիկը, ում ասել է, որ Երևան է գնում: Հետո կապը ընդհատվել է. «Այդ հատվածում կապը լավ չէ»,-ասաց Վարդան Պետրոսյանը՝ շեշտելով, որ Եղվարդ-Երևան ճանապարհին արդեն շատ մութ է եղել. «Եթե մի լույս լիներ, այդ ողբերգությունը չէր լինի»,-ասաց Պետրոսյանը: Նա պատմեց, որ նկատել է հետընթացի լույսերը միացված մեքենայի, մի քանի անգամ փոխել մոտակա ու հեռահար լույսերը, բայց ձայնային ազդանշան չի տվել. «Եթե ձայնային ազդանշան տայի, միգուցե «Նիվայի» վարորդը ավելի զգոն լիներ: Հետո նկատեցի, որ շատ արագ, անսպասելի «Նիվան» դուրս եկավ իմ դիմաց, արգելակեցի, բայց ուշ էր»,-ասաց Վարդան Պետրոսյանը:


Պատասխանելով իր պաշտպանի հարցին՝ նա պնդեց, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասում, ոչ թե կողնակում:

Վարդան Պետրոսյանը, ինչպես նախորդ նիստերից մեկում հայտարարել էր, որ հրաժարվում է պատասխանել տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հարցերին, ուստի չպատասխանեց նրա հարցերին՝ օգտվելով իր իրավունքից: Հարցեր ուղղեց նաև տուժող կողմի իրավահաջորդների մյուս ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Վարդանյանը՝ նշելով, որ ինքն առանձին անհատ է, սակայն նրա հարցերին ևս Վարդան Պետրոսյանը չպատասխանեց:


Դատախազ Արթուր Սարգսյանի հարցերը վերաբերում էին վթարին նախորդող վայրկյաններին.

- Ասացիք, որ աջ կողմում տեսաք մեքենա, մանրամասն նկարագրեք, ի՞նչ արեցիք:

-Լուսային ազդանշան տվեցի, дальний-ближний, ինչպես ասում են: Մտածեցի, որ այդպես մեքենայի վարորդը կնկատի իմ մեքենան, կգամ կանցնեմ, բայց շատ հանկարծակի «Նիվան» դուրս եկավ բանուկ մաս, ես արգելակեցի, բայց արդեն ուշ էր,-պատասխանեց Վարդան Պետրոսյանը:

Նշենք, որ տուժողներն ու տուժողների իրավահաջորդները չէին ներկայացել դատական նիստին, նրանք խնդրել էին իրենց բացակայությամբ անցկացնել նիստը: Ռուբեն Բալոյանը միջնորդեց հետաձգել Վարդան Պետրոսյանի հարցաքննությունը՝ նշելով, որ տուժողները միգուցե հարցեր ունենան և ցանկանան ուղղել Պետրոսյանին: Պաշտպանական կողմը առարկեց: Պետրոսյանը նշեց, որ չի կարող հանդուրժել, որ այդ մարդկանց վիշտը օգտագործեն: Դատավորը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ ամեն դատական նիստի նրանք ծանուցվում են և եթե նպատակահարմար գտնեին կգային նիստին:


Մինչ այդ մերժվեց Ռուբեն Բալոյանի միջնորդությունը դատարան որպես վկա «Նաիրիի» ԲԿ բուժքույր Գայանե Մկրտչյանին հրավիրելու և հարցաքննելու մասին: Բալոյանն իր միջնորդության մեջ նշել էր, որ բուժքույրը կարող է էական հանգամանքներ հաղորդել այն մասին, թե ինչպես են կազմվել Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին արձանագրությունները, քանի որ նախորդ նիստին բժիշկ Համազասպ Գևորգյանը նշեց, որ երկրորդ օրինակը լրացվել է բուժքրոջ կողմից:

Պաշտպանական կողմը առարկեց, առարկեց նաև դատախազը: Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը նշեց, որ մեղադրանքի ծավալից դուրս է ալկոհոլի քննարկման հարցը: Նույնը փաստեց նաև դատավորը և այդ հիմքով միջնորդությունը մերժվեց:


Դատական նիստը ընդմիջվեց կես ժամով ու շարունակվեց Եղվարդի ոստիկանության բացօթյա տարածքում, որտեղ գտնվում են իրեղեն ապացույց ճանաչված վթարված մեքենաները՝ BMW ու «Նիվա» մակնիշի:


Այստեղ հետազոտվեցին երկու մեքենաները: Ողջ ընթացքում Վարդան Պետրոսյանը ձեռնաշղթայով էր:


Տուժող կողմի փաստաբանը դարձյալ պնդեց, որ վթարը տեղի է ունեցել կողնակում՝ վկայակոչելով «Նիվայի» աջ ցայտապաշտպանիչի հայտնաբերման փաստը կողնակից, իսկ պաշտպանական կողմը վկայակոչում է BMW-ի ու ասֆալտի բանուկ մասում թափված հեղուկը՝ պնդելով, որ վթարը ճանապարհի երթևեկելի մասում է եղել:


Հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 12-ին կհարցաքննվի դատաավտոտեխնիկական

փորձագետը: 

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter