HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրեշտակներն անուն չունեն

«Դպրոցական բլոգ» ծրագրի «Ուլիսես» պատմվածքի մրցույթի մրցանակակիր պատմվածք 

Ամեն ինչ սկսվեց այն օրից, երբ մեր դասարան տեղափոխվեց նա: Նա, որովհետեւ, երբ ուսուցիչը ներկայացնում էր նրան, անունը լսելու փոխարեն մենք գռեհկաբար ծիծաղում էինք:

-Լսիր, իսկ եւ իսկ խոզու¯կ է,- առաջինը բարձրաձայն արտահայտվեց դասարանի` հեղինակություն ունեցող աշակերտը, ում ասածից հետո անպատճառ պետք է հետեւեր ծիծաղ կամ նման ռեպլիկների շարք: Կարծես մրցույթ լիներ, թե ում ասածը ավելի դիպուկ կլիներ եւ վիրավորական:

Պետք է ասեմ, որ նորեկն, իրոք, շատ էր նման խոզուկի: Վարդագույն դեմքով այդ կարճահասակ տղան կրում էր իր նման կլոր ու հաստ ապակիներով անշուք ակնոց, իսկ բաճկոնի կոճակները տղայի գիրության պատճառով տեղից ուզում էին պրծնել, տաբատն էլ վրան մի թիզ կարճ էր: Այնպիսի տպավորություն էր, որ տղայի մայրը դիտմամբ էր այդպես հագցրել որդուն, որ ծիծաղի առարկա դառնար: Մեզ էլ ոչինչ չէր մնում, քան կատարել տղայի մոր «խնդրանքը»:

Եվ այսպես, նա եկավ մեր դասարան: Ուսումնական տարվա ավարտին մնում էր երկու ամիս: Թեպետ դասարանի մեծամասնությունը տղաներ էին, բայց դա չէր խանգարում, որ մենք լինեինք դպրոցի ամենալավ սովորող դասարանը: Ուսուցիչները շատ գոհ էին:

Նա, գլուխը դմփդմփացնելով, եկավ նստեց կողքիս ազատ աթոռին, պայուսակից հանեց մի քրքրված դասագիրք, պատառոտված տետր ու էլի ինչ-որ նախնադարյան իրեր, ձեռքերը դրեց սեղանին ու համակ ուշադրությամբ սկսեց հետեւել դասին: Այդ պահին ես ծիծաղս չկարողացա զսպել եւ, որպեսզի հերթական տպավորությունը թողնեի մեր դասարանի «առաջնորդի» վրա, սկսեցի ինձնից դուրս հիմարություններ ասել, որոնք արժանացան իրենց նման հիմար ծիծաղի պոռթկումի:

Սակայն այստեղ էլ իրավիճակը «խոզուկի» դաշնակիցը չէր, խե¯ղճ տղան նստած տեղից ցանկացավ շրջվել ու աթոռի վրայից վայր ընկավ: Ընկավ` ինչպես մի փափուկ խաղալիք... Կողքից նայողի համար այն տպավորությունը ստեղծվեց, որ գերբնական ուժերն անպայման ցանկանում են այդ տղային հասցնել անպետքության վերջին կետին:

Մի կերպ դասն ավարտվեց, ու դասարանի մնացած աշակերտները արագ խմբվեցին իմ, ավելի ճիշտ` մեր սեղանի շուրջը: Անիմաստ հարցերի տարափ էր, որի նպատակն էր էլ ավելի նսեմացնել նրան: Սակայն նա անվրդով հայացքով, հանգիստ ձայնով պատասխանում էր ու միաժամանակ ինչ-որ խզբզանքներ անում իր պատառոտված տետրում:

Խե¯ղճ «խոզուկ», սկսվեցին քո դաժան օրերը...

Նա երբեք ձեռք չէր բարձրացնում, ինքնակամ դաս չէր պատասխանում, որն ընդունված երեւույթ էր մեր դասարանում: Իսկ երբ պատասխանում էր, ոչինչ չէր հասկացվում. քթի տակ մի երկու նախադասություն էր բարբաջում ու նստում տեղը` ճանապարհին ընկնելով որեւէ մեկի ոտքի վրա: Ուսուցիչները գերադասում էին նրան գրատախտակի մոտ չկանչել...

Մեր դասարանում չլսված բան էր ցածր գնահատական ստանալը, իսկ նա ստանում էր ու ամենեւին էլ չէր վրդովվում: Նա անտարբեր էր ամեն ինչի հանդեպ:  Միակ գործը, որ անում էր սիրով եւ պարտաճանաչությամբ, տետրում խզբզելն էր: Այդ տետրը մեր ձեռքն արդեն ընկել էր եւ, ոչինչ չհասկանալուց հետո, մեզ համար ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում:

...Ֆիզկուլտուրայի դասեր: Ո՞վ չի սիրել կամ չի սիրում այդ դասերը: Դասեր, որոնց ընթացքում կարողանում ես ազատվել հավաքված ողջ էներգիայիցդ: Սպորտային տենդը համակում է եւ տանում այլ հարթություն, ուր արտաքին աշխարհը մուտք չունի:

Ֆիզկուլտուրայի ժամերին մենք ավելի անհամբեր էինք սպասում: Դրանք արդարացնում էին մեր բոլոր սպասելիքները: Մեր նորեկը ցուցադրում էր իր հերթական անկարողությունը. «այծիկի» վրայով թռչելը նրա համար նշանակում էր «այծիկի» վրա նստել, թռիչք-բարձրության ձողը, որն իր համար ամենացածր մակարդակի վրա էր դրվում, բռնում էր ու գնդակի նման ընկնում, իսկ պարան բարձրանալը նշանակում էր բռնել այն ու այդպես մնալ այնքան, միչեւ կհոգնեին ձեռքերը ու նորից կընկներ:

Նա այքան շատ էր ընկնում, որ մենք էլ ետ չմնացինք եւ հորինեցինք «ապտակվել գետնին» արտահայտությունը: «Ապտակումներն» անթիվ էին, ծիծաղը` երկարատեւ...

Փորձությունները շարունակվում էին: Նա մեր փափուկ խաղալիքն էր, որն ընկնում էր, բայց չէր կոտրվում: Մենք որոշել էինք ինչ գնով էլ լինի` թե հոգեկան, թե ֆիզիկական վնաս պատճառել նրան: Բայց մեր «խոզուկն» անդրդվելի էր: Նրա արցունքները ոչ ոք չէր տեսել, նրա բարձր ձայնը ոչ ոք չէր լսել, նրա խնդրանքներին ոչ ոք չէր արժանացել: Նա շարունակում էր նույն բնույթով ապրել ու չէր պատրաստվում փոխվել կամ փոխել որեւէ բան:

Նրա ծնողները երբեք դպրոց չէին գալիս, չէին բողոքում, մեր ծնողներին չէին զանգում: Մենք էլ անպատժելի էինք ու շարունակում էինք մեր անհամությունները, որոնց մասին ես չէի ցանկանա պատմել, բայց դուք հեշտությամբ  կարող եք գլխի ընկնել կամ ձեր վառ երեւակայությամբ պատկերացնել այդ իրավիճակները...

Մոտենում էր ծննդյանս օրը: Ես ամբողջ դասարանին հրավիրել էի: Ու հիմա ստիպված պետք է հրավիրեի նաեւ նրան, քանի որ չէի կարող ընկերներիս զրկել մեկ անգամ եւս կուշտ փորով ծիծաղելու հնարավորությունից: Չէի նախանձում «խոզուկին»:

Սրտիս խորքում չէի ցանկանում, որ նա ընդուներ հրավերս ու գար: Այս օրերի ընթացքում, որ նա իմ կողքին էր նստել, ես մի այնպիսի զգացում ունեի, որը չէի հասկանում: Ավելի ճիշտ` հասկանում էի, բայց չէի ցանկանում ընդունել, քանի որ մեկ վայրկյանում ես էլ կդառնայի դասարանի ծիծաղի առարկան, կկորցնեի այն աննշան հեղինակությունը, որը ստեղծել էի: Այդ ամենը հասկանալով` ես ամենաշատն էի վիրավորում նրան: Զգացմունքներս փակի տակ էին, բայց այնպես էին ցանկանում ազատություն ստանալ...

Նա եկավ: Ուշացումով, բայց եկավ... Ես արդեն փչել էի ծննդյանս տորթի մոմերը եւ պատրաստվում էինք համտեսել թխվածքը: Սակայն, ստամոքսում հայտնվելու փոխարեն, այն գնդիկների տեսքով հայտնվեց նրա դեմքին... Սա վերջն էր ինձ համար: Ես շատ էի սպասել ծննդյանս օրվան: Տորթս պատրաստվել էր հատուկ պատվերով, այն ամբողջովին ֆուտբոլի դաշտ էր իր խաղացողներով եւ բավականին թանկ արժեր...

Շարունակվում էր տորթագնդիկներով խաղը, որն ուներ միայն մեկ ուղղություն` «խոզուկի» դեմքը: Իսկ այդ հիմարը հանգիստ կանգնել էր ու անձայն ընդունում էր հարվածները: Ես չդիմացա ու, որպեսզի չբարկանայի ու չփչացնեի հարաբերություններս դասարանցիներիս հետ, գնացի սենյակս:

Ես շատ էի սիրում լսել դասական երաժշտություն, բայց այդ մասին խոսել չէի սիրում: Միացրի երաժշտությունն ու սկսեցի թերթել դրոշմանիշներիս հավաքածուն...

-Ինչու՞ առանձնացար,- հանկարծ լսեցի «խոզուկի» ծվծվան ձայնը:

-Քեզ ի՞նչ: Չէ՞ր լինի, որ չգայիր, հարամ չանեիր,- ամբողջ ջղայնությունս թափեցի տորթախառն դեմքով այդ մարդուկի վրա:

-Ե՞ս եմ մեղավոր:

-Բա էլ ո՞վ: Մինչեւ քո գալը ամեն ինչ լավ էր ու հանգիստ:

Լռություն տիրեց, որն ինձ երկար թվաց:

-Ո՞նց ես կարողանում դիմանալ: Ինչո՞ւ ես դիմանում: Մի հատ պատասխան տուր: Դժվա՞ր է: Հեշտ է պատասխանե՞լ, թե՞ դիմանալ: Չես կարողանու՞մ, գնա սպորտի,- խախտեցի լռությունը ու հարձակվեցի խեղճի վրա:

-Իսկ չե՞ս մտածում, որ չեմ ուզում,- հանգիստ պատասխանեց նա:

-Երկրագնդի վրա չկա մի մարդ, որը կարողանա իր հասցեին ուղղված վիրավորանքները հանգիստ կուլ տալ ու ոչինչ չձեռնարկել:

-Դու ճիշտ ես` մի մարդ: Բայց ես մարդ չեմ, ես հրեշտակ եմ,- իրեն հատուկ հանգստությամբ ասաց «խոզուկը»:

-Գոնե խելքին մոտ բան հորինեի¯ր, հրեշտակ ջա¯ն: Հ ր ե շ տ ա¯ա¯ա¯կ...

Նորից լռություն տիրեց: Ես լուրջ չընդունեցի նրա բառերը:

- Դե ապացուցիր,- ինձ թվաց` այս բառերից հետո ուշքի կգա: Բայց` ոչ, «հրեշտակային» մոլուցքը շարունակվում էր:

-Մի ծիծաղիր, չնայած առանց դրա դուք չեք կարողանում: Ես իսկական հրեշտակ եմ: Իմ աշխարհում տարիքով ես փոքր եմ, դրա համար էլ ինձ միշտ դպրոցներ են ուղարկում: Մենք ուզում ենք փոխել ձեզ...

-Իսկ մեր ի՞նչը փոխել,- չթողեցի, որ միտքը շարունակեր:- Միգուցե մենք չե՞նք ցանկանում: Մեզ հարցրե՞լ եք: Անձամբ ես չեմ ուզում փոխվել, ինձ այսպես ձեռք է տալիս: Մենք բոլորս իրար նման ենք, մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, բայց իրար նման ենք: Մեզ միայն խաղաղություն է պետք, մնացած ամեն ինչը լավ է,- արագ-արագ փիլիսոփայում էի` կարծելով, թե այդ բառերից հետո նա այլեւս իր «հրեշտակությունից» չի խոսի:

-Դու ինքդ քեզ դուր չես գալիս: Եթե համաձայն լինեիր, կմնայիր սենյակում ու կշարունակեիր ընկերներիդ հետ վրաս ծիծաղել: Բայց, ոչ, դու հեռացար: Դու առանձնացար: Դու սկսում ես մեկուսանալ: Դու փակել ես քո իսկական «ես»-ը հեռու վանդակում ու համառորեն բաց չես թողնում: Այսօր այն կոտրեց փականները: Թող դուրս գա:

Ես չէի սպասում, որ նա այսպես կարող էր ինձ պատասխանել: Նա ասում էր այն, ինչ ես վաղուց զգում էի, բայց համառորեն չէի ուզում ընդունել:

-Լսիր, ես տրամադրություն չունեմ ու քո հիմար հեքիաթները պահիր, մեկ ուրիշին կպատմես,- ասելով` մոտեցա դռանը,- գնա, խնդրում եմ, ես մենակ եմ ուզում մնալ:

-Մի քանի րոպեից ես գնալու եմ ու այլեւս ինձ չեք տեսնի:

Այդ պահին ես չընկալեցի նրա բառերի ողջ լրջությունը: Ես միայն մտածում էի, որ ուզում եմ մենակ մնալ:

Երբ մենք փոխում ենք մեկին, հեռանում ենք: Հիմա իմ ժամանակը եկել է: Դու արդեն պատրաստ ես: Մի արա այն, ինչ քո դուրը չի գալիս: Կարողացիր ընդունել քո սխալները: Հարգիր քեզ ու մի թող, որ քեզնից թույլերին ոտնակոխ անեն: Դու դա կարող ես: Դու ուժեղ ես: Հավատա քեզ...

Մենք դասարանցիներով հավաքվում էինք դպրոցի անկյունում ու նոր միասին ներս մտնում: Այս անգամ ես դա չարեցի. վազելով մտա դասարան, ուզում էի «խոզուկին» տեսնել: Ես կարծում էի, որ երազում էր եղել մեր խոսակցությունը: Բայց ուսուցիչը հաղորդեց, որ նա հեռացել է...

...Ես չէի ծիծաղում: Ամեն կերպ ջանում էի հիշել նրա անունը:

-Հրեշտակներն անուն չունեն,- ականջիս շշնջաց նա,- տեսա՞ր, որ դու փոխվել ես:

-Փոխիր քո ընկերներին, դու կարող ես: Մի զրկիր նրանց այդ հնարավորությունից...

Տաթեւ Դերզյան,
Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան

 

Մեկնաբանություններ (2)

Կարինե
ես շատ ուրախ եմ,որ այս դժվար կյանքում կան քեզ պես խելացի պատանիներ,,,,կեցցես,մտածիր միշտ նույն կերպ
Վ.
Տաթեւիկ ջան շատ լավ էս սկսել, շարունակիր նույն թիրախին խփել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter